- Գլխավոր
- Նորություններ
- «ԱԲ-ն չի փոխարինում խոր գիտելիքին, բայց կարող է բազմապատկել ձեր արդյունավետությունը»․ ԵՊՀ շրջանավարտ Գագիկ Ամիրխանյան
Օգոստոս 03, 2026 | 16:15
Շրջանավարտներ
«ԱԲ-ն չի փոխարինում խոր գիտելիքին, բայց կարող է բազմապատկել ձեր արդյունավետությունը»․ ԵՊՀ շրջանավարտ Գագիկ Ամիրխանյան
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Գագիկ Ամիրխանյանի ուղին լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես է հիմնարար գիտությունը դառնում ժամանակակից տեխնոլոգիաների շարժիչ ուժը։ Գագիկը, աշխատելով արհեստական բանականության (ԱԲ) առաջատար համակարգերի ստեղծման վրա, շարունակում է սերտ կապ պահպանել համալսարանի հետ։ Նշենք, որ նա ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ արժանացել է ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի՝ համալսարանական համայնքին շարունակական աջակցության և կրթության զարգացմանը նպաստելու համար:
- Գագի՛կ, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Դուք շարունակեցիք կրթությունը արտերկրում: Ո՞ր համալսարանն ընտրեցիք, ի՞նչ կրթություն ստացաք:
- Ես ընտրեցի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Georgia Tech), որտեղ ստացա մաթեմատիկայի PhD աստիճան։ Իմ ուսումնասիրության հիմնական ուղղություններն էին հարմոնիկ անալիզը և ադիտիվ կոմբինատորիկան։
- ԵՊՀ-ում ստացած ո՞ր հիմնարար գիտելիքները կամ մտածողությունը ամենակիրառելին եղան այս տարիների ընթացքում։
- ԵՊՀ-ում ստացած ամենակարևոր բանը մաթեմատիկական ուժեղ հիմքն էր։ Այն սովորեցրեց մտածել խորությամբ, ճշգրիտ և համակարգված։ Հետագայում հասկացա, որ այդ մտածելակերպը կիրառելի է ոչ միայն մաթեմատիկայում, այլև արհեստական բանականության (ԱԲ) ժամանակակից համակարգերի զարգացման մեջ։ Հետազոտական խնդիրների շուրջ աշխատելը, մանրուքների նկատմամբ ուշադրությունը և ապացուցողական մտածողությունը մեծապես օգնել են ինձ տեխնոլոգիական ոլորտում։
- Որպես «Google»-ի աշխատակից՝ կպատմե՞ք, թե այսօր ինչ հիմնական ուղղություններով է զարգանում արհեստական բանականությունը։ Ինչո՞վ եք զբաղվում ընկերությունում։
- «Google»-ի չհայտարարված ծրագրերի մասին, բնականաբար, չեմ կարող խոսել, բայց ընդհանուր ուղղությունը շատ հետաքրքիր է։ ԱԲ-ն պարզապես հարցերին պատասխանող համակարգերից աստիճանաբար անցնում է դեպի ավելի գործակալային («Agentic AI») համակարգեր։ Այսինքն՝ մոդելներ, որոնք կարող են ոչ միայն տեքստ ստեղծել, այլև պլանավորել, կատարել բազմաքայլ առաջադրանքներ և աշխատել տարբեր գործիքների հետ։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև մուլտիմոդալ ԱԲ-ի զարգացմանը՝ մոդելներ, որոնք հասկանում և համադրում են տեքստը, պատկերը և ձայնը։ Բացի դրանից՝ կարևոր ուղղություն է բաց մոդելների զարգացումը, օրինակ, «Gemma» ընտանիքի նման մոդելները, որոնք հասանելի են հետազոտողներին և ծրագրավորողներին։ Իմ աշխատանքը «Google»-ում կենտրոնացած է լեզվական մեծ մոդելների՝ LLM-ների զարգացման վրա։ Ես աշխատում եմ թե՛ մոդելների նախնական ուսուցման, թե՛ հետագա բարելավման ուղղություններով։ Որպես մեքենայական ուսուցման ավագ ինժեներ (Staff ML Engineer) և տեխնիկական թիմի ղեկավար (Tech Lead)՝ իմ հիմնական դերն է օգնել կառուցելու ավելի արդյունավետ, կայուն և բարձրորակ ԱԲ համակարգեր՝ համատեղելով մոդելների ճարտարապետությունը, ուսուցման մեթոդները և «Google»-ի առաջատար հաշվողական ենթակառուցվածքը։
- Արդեն մի քանի տարի է՝ կանոնավոր աջակցություն եք ցուցաբերում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետին՝ իրագործելու մի շարք ուսանողական ծրագրեր: Ո՞րն է այն գլխավոր փոփոխությունը, որ ցանկանում եք տեսնել ֆակուլտետում:
- Ամենակարևոր փոփոխությունը, որ կցանկանայի տեսնել, մաթեմատիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների միջև ավելի բնական կամրջի ստեղծումն է։ Մաթեմատիկական ուժեղ հիմքը, որը համադրվում է ծրագրավորման, տվյալագիտության և ԱԲ-ի հետ, ուսանողին տալիս է էական առավելություն համաշխարհային շուկայում։ Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն դրական փոփոխություններ կան։ Մեքենայական ուսուցման և վիճակագրության ընդգրկումը ծրագրերում, ինչպես նաև ամառային դպրոցների կազմակերպումը շատ կարևոր քայլեր են։ Իմ նպատակն է աջակցել այդ նախաձեռնություններին և օգնել, որ ավելի շատ ուսանողներ կարողանան խորացնել իրենց մաթեմատիկական գիտելիքները և կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները։
- Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչն է պակասում հայ ուսանողին համաշխարհային շուկայում ավելի մրցունակ լինելու համար:
- Հայ ուսանողները սովորաբար ունեն շատ ուժեղ տեսական հիմք։ Բայց հաճախ պակասում է իրական նախագծերի վրա աշխատելու փորձը։ Շատ կարևոր է, որ ուսանողները միայն տնային առաջադրանքներ չկատարեն, այլ փորձեն ստեղծել իրական արտադրանք կամ հետազոտական նախագծեր։ Երկրորդ կարևոր գործոնը անգլերենի իմացությունն է․ համաշխարհային տեխնոլոգիական և գիտական միջավայրում անգլերենը պարտադիր գործիք է թե՛ սովորելու, թե՛ համագործակցելու, թե՛ սեփական աշխատանքը ներկայացնելու համար։ Երրորդը համարձակությունն է։ Կարծում եմ՝ մեր ուսանողները հաճախ իրենց հնարավորություններից ավելի քիչ են օգտվում և քիչ սպասելիքներ ունեն։ Լավ մենթորության դեպքում և ճիշտ միջավայրում նրանք կարող են մրցել աշխարհի լավագույն համալսարանների ուսանողների հետ։
- Տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում ո՞ր ուղղությունների վրա խորհուրդ կտաք կենտրոնանալ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի այսօրվա ուսանողներին։
- Խորհուրդ եմ տալիս, նախ, խորապես ուսումնասիրել հիմնական մասնագիտությունը։ Եթե սովորում ես մաթեմատիկա, անհրաժեշտ է խորությամբ տիրապետել մաթեմատիկային․ դա ուսանողի երկարաժամկետ առավելությունն է։ Միևնույն ժամանակ, պետք է սովորել օգտագործել ժամանակակից ԱԲ գործիքները։ Դրանք չեն փոխարինում խոր գիտելիքին, բայց կարող են բազմապատկել ձեր արդյունավետությունը։ Սովորե՛ք ծրագրավորել, աշխատել տվյալների հետ, օգտագործել ԱԲ գործիքները հետազոտության, մոդելավորման և խնդիրների լուծման համար։ Այսօր առավել մրցունակ մասնագետներն այն մարդիկ են, որոնք ունեն մասնագիտական խորքային գիտելիքներ և կարողանում են դրանք արագ ու արդյունավետ կիրառել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ։