Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում ընթացիկ ուսումնական տարվա մայիսի 3–7-ն ընկած ժամանակահատվածում դասախոսություններով հանդես եկավ պրոֆեսոր Ռոբերտո Նիկոլին:
Ռոբերտո Նիկոլին դասավանդում է գերմաներեն, լեզվաբանություն և թարգմանություն Բրեշիայի Սիելս Կամպուսում (Campus Ciels), Միլանի պետական և Բերգամոյի համալսարաններում (Լոմբարդիա)։ Նա միաժամանակ թարգմանություններ է կատարում գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից իտալերեն։
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում հյուրընկալված պրոֆեսորը դասախոսություններ կարդաց «Անգլերեն, գերմաներեն և հաղորդակցություն» բակալավրիատի կրթական ծրագրի ուսանողների համար, որոնք մասնագիտանում են բանավոր և գրավոր թարգմանության ոլորտում։
Դասախոսությունների ընթացքում քննարկվեց գերմաներենի ամենազգայուն և միաժամանակ ամենաարդիական թեմաներից մեկը՝ գենդերային խնդիրը, որը վաղուց դուրս է եկել հասարակական խոսույթի շրջանակից՝ իր արտահայտությունը գտնելով նաև լեզվում և դառնալով լեզվաբանական և թարգմանական քննարկումների կարևոր բաղադրիչ։ Անդրադառնալով գերմաներենի գենդերային հարաբերություններին վերաբերող ժամանակակից տեսական մոտեցումներին՝ Ռ. Նիկոլին ներկայացրեց գենդերային ձևերի չեզոքացման և շեշտադրման ռազմավարությունները տարբեր տեքստերում, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև թարգմանական մեխանիզմներն ու վերաձևակերպման հնարավորությունները։ Քննարկվեցին նաև գենդերային ձևերի փոխանցման դժվարություններն ու դրանց լուծման ուղիները թարգմանության ընթացքում։
Հետայդու պրոֆեսորը դասախոսությամբ հանդես եկավ նաև գերմանական բանասիրության և թարգմանության տեսության ու պրակտիկայի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ նվիրված ժամանակակից թարգմանության հնարավորություններին և մարտահրավերներին: Հատուկ ուշադրություն դարձվեց թարգմանչական ստեղծարար լուծումներին և արհեստական բանականությամբ կատարված թարգմանությունների խմբագրման խնդիրներին։ Ներկայացվեցին գործնական տարբեր մոտեցումներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետ կիրառություն ունենալ մասնագիտական թարգմանությունների ոլորտում։







