ԵՊՀ պատմության ֆակուլտետում ս.թ. փետրվարի 13-ին «Անտիկ և միջնադարյան հնագիտություն» դասընթացի շրջանակում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը ներկայացրեց «Հռոմեական լեգեոնների ներկայությունն ու գործունեությունը Հայաստանում՝ վիմական արձանագրությունների լույսի ներքո» թեմայով դասախոսություն։
Դասախոսության նպատակն էր վիմագրական և հնագիտական աղբյուրների համադրմամբ ներկայացնել Հայաստանում հռոմեական լեգեոնների ռազմավարական նշանակությունը: Բանախոսը ընդգծեց վիմագիր արձանագրությունների՝ որպես առաջնային աղբյուրների դերը: Վիմագիր արձանագրությունները թույլ են տալիս հստակեցնել զորամիավորումների տեղակայման վայրերը, կազմն ու գործունեության տիրույթը:
Հ․ Գյուլամիրյանը մանրամասն ներկայացրեց Հռոմի կայսերական քաղաքականության ռազմավարական նրբությունները՝ ընդգծելով, որ հռոմեական լեգեոնների դերը Հայաստանում սոսկ սահմանային պահպանությամբ չէր սահմանափակվում։ Այն իրենից ներկայացնում էր բազմաշերտ գործունեություն, որի հիմքում ընկած էր ենթակառուցվածքների զարգացումը։ Լեգեոնների՝ երկրի հանգուցային կետերում տեղակայումն ուներ խիստ ռազմավարական բնույթ։ Այս ամենն ամրապնդվում էր հզոր ինժեներական ենթակառուցվածքներով. բանակն իրականացնում էր լայնածավալ ճանապարհաշինական նախագծեր։
Տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն էլ երաշխավորվում էր սահմանային անցակետերի և ամրաշինական բարդ համակարգերի միջոցով, որոնք տասնամյակներ շարունակ հիմնավորում էին Հռոմի ռազմաքաղաքական ազդեցությունը Մեծ Հայքում:
Ըստ այդմ՝ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը՝ զինատեսակներ, կենցաղային իրեր և կնիքներ, հնարավորություն են տալիս «վերակառուցելու» ռազմական գործողությունների ընթացքը և հասկանալու Հռոմի ու Մեծ Հայքի միջև ձևավորված դիվանագիտական փոխհարաբերությունները: Վիմագրական տվյալները հաճախ միակ հավաստի աղբյուրն են լեգեոնների տեղակայման ժամանակագրությունն ու աշխարհագրությունը ճշգրտելու համար: