ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում ս.թ. մարտի 17-ին Պատմության ֆակուլտետում կայացավ «Հայրենադարձության ու արտագաղթի երկընտրանքը սփյուռքում 1945–1988 թթ.» թեմայով սեմինար։ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։
Զեկուցման ընթացքում անդրադարձ արվեց 1946–1949 թթ․ հայրենադարձության գործընթացին և դրան զուգահեռ՝ սփյուռքի ներսում արձանագրված տեղաշարժերին։ Տիգրան Ղանալանյանը ներկայացրեց այն հիմնական գործոնները, որոնք ազդում էին հայրենադարձվելու որոշման վրա՝ փորձելով պարզաբանել, թե որքանով էր տվյալ գործընթացը համապատասխանում «հայրենադարձություն» եզրույթի բովանդակությանը, ինչպես նաև՝ որ տարածքն էին սփյուռքահայերը ընկալում որպես հայրենիք։
Զեկուցման շրջանակում, ինչպես ընդգծեց բանախոսը, Խորհրդային Հայաստանի վերաբերյալ պատկերացումները զգալիորեն տարբեր էին 1946–1949 թթ․ և 1962 թ․ վերսկսված հայրենադարձության փուլերում։ Նշվեց, որ արդեն 1950-ական թթ․ վերջից և հատկապես 1960-ական թթ․ սփյուռքի ներսում զգալի ակտիվություն ստացան ներքին տեղաշարժերը։ Առանձին անդրադարձ կատարվեց Եգիպտոսից, Թուրքիայից, Կիպրոսից, Լիբանանից և Իրանից հայերի արտագաղթի պատճառներին ու պայմաններին։ Տ. Ղանալանյանը ներկայացրեց, թե սոցիալական որ խմբերն էին առավել հակված հայրենադարձության, և որ խմբերն էին, որ նախընտրում էին լքել Մերձավոր Արևելքը՝ տեղափոխվելով ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա և այլ պետություններ։
Ընդգծվեց, որ 1960-ական թթ․ սկսած հայրենադարձության ձգտումը հիմնականում բնորոշ էր Մերձավոր Արևելքի հայությանը: Այդ հարցում կարևոր դեր էին խաղում տվյալ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական ու սոցիալական զարգացումները։ Ըստ Տ. Ղանալանյանի՝ թեև հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան, սակայն առավել մեծ թվով սփյուռքահայեր տեղափոխվեցին արևմտյան երկրներ։
Զեկույցում կարևորվեց նաև սերունդների գործոնը․ եթե առաջին սերնդի ներկայացուցիչների շրջանում ավելի արտահայտված էր հայրենիք վերադառնալու ձգտումը, ապա հետագա սերունդների պարագայում ձևավորված սոցիալական և միգրացիոն ցանցերը հաճախ նպաստում էին դեպի արևմտյան երկրներ տեղափոխվելուն, որտեղ ուրվագծվում էին ավելի բարեկեցիկ, կայուն և անվտանգ կյանքի հնարավորությունները։
Սեմինարի ավարտին ակտիվ քննարկում ծավալվեց, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան մերօրյա հայրենադարձության խնդիրներին և փորձեցին դրանք վերլուծել պատմական գործընթացների համատեքստում։
Պատմության ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվող նմանատիպ սեմինարները կարևոր են դասախոսների գիտահետազոտական աշխատանքի արդյունքները կրթական ծրագրերում ներդնելու տեսանկյունից։




