ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում ս.թ. ապրիլի 7-ին Պատմության ֆակուլտետում կայացավ «Խորհրդային մտավորականությունը` որպես դիսկուրսիվ խումբ և նրա փոխակերպումները» թեմայով սեմինար։ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Յուլիա Անտոնյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» ծրագրի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։
Հետազոտության առանցքում խորհրդային մտավորականության՝ որպես սոցիալական յուրահատուկ շերտի ձևավորման մեխանիզմների, գործընթացների և հետխորհրդային տրանսֆորմացիաների վերլուծությունն է: Ուսումնասիրության համատեքստում Յ. Անտոնյանն առանձնացնում է մտավորականության մի քանի ենթախմբեր, որոնք խորհրդային գաղափարական համակարգում դրսևորել են տարբերակված գործելաոճ ու սոցիալական դերակատարում:
Բանախոսն անդրադարձավ խորհրդային տարիներին մտավորականության նկատմամբ ձևավորված պաշտոնական և հանրային մոտեցումների առանձնահատկություններին՝ նշելով, որ չնայած գոյություն ունեցող հակասական վերաբերմունքին, մտավորականության կոնցեպտը լիարժեքորեն ինտեգրվել էր ստալինյան «սոցիալական ինժեներիայի» տրամաբանությանը:
Ըստ զեկուցողի՝ այս գործընթացը կրում էր առավելապես ձևական բնույթ, քանի որ բովանդակային առումով կերտվում էր նոր՝ «խորհրդային սոցիալիստական մտավորականությունը»՝ որպես հասարակության յուրօրինակ միջնաշերտ: Բանախոսն ընդգծեց, որ նշյալ կառուցվածքի ներսում մտավորականությունը միատարր չէր և հստակորեն տարանջատվում էր երկու հիմնական բևեռների՝ հումանիտար և տեխնիկական: Այս բաժանումը պայմանավորված էր ոչ միայն մասնագիտական ուղղվածությամբ, այլև սոցիալ-քաղաքական գործառույթների հստակ բաշխմամբ, քանի որ մտավորականության բնորոշիչները հիմնականում ֆունկցիոնալ էին՝ խարսխված կոնկրետ զբաղմունքի և հանրային դերակատարման վրա:
Տեխնիկական մտավորականության պարագայում պատկերն էականորեն տարբեր էր. ինժեներների, ֆիզիկոսների և ճարտարապետների գործունեությունն ուղղված էր երկրի տեխնոլոգիական արդիականացմանը ու սոցիալիստական զարգացման նյութական հիմքերի ապահովմանը: Յ. Անտոնյանն ընդգծեց, որ եթե հումանիտար շերտը գաղափարական խիստ վերահսկողության ներքո էր, ապա տեխնիկական մտավորականությունն ուներ որոշակի սահմանափակ, սակայն իրական ագենտություն՝ պայմանավորված տեխնոլոգիական առաջընթացի հրամայականով:
Զեկուցման շրջանակում հատուկ ուշադրություն դարձվեց «փակ կղզյակների» գոյությանը, որտեղ տեխնիկական մտավորականությունը հնարավորություն ուներ իրականացնելու մասնագիտական գործունեություն՝ համեմատական ազատության պայմաններում: Այս երևույթը բանախոսը դիտարկեց խորհրդային ինտելեկտուալ միջավայրում հայտնի «ֆիզիկոսների և լիրիկների» բանավեճի համատեքստում՝ մատնանշելով տեխնիկական ինտելեկտուալիզմի որոշակի գերակայությունը: Որպես ասվածի գործնական օրինակ՝ վերլուծվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյանի ինստիտուտ) փորձը՝ որպես տեխնիկական մտավորականության կազմակերպված և համակարգայնացված ձևի դրսևորում:
Ամփոփելով՝ դոցենտ Յ. Անտոնյանը նշեց, որ հետխորհրդային փուլում տեղի ունեցած համակարգային կազմաքանդումը խոր հետք թողեց տեխնիկական մտավորականության վրա՝ վերացնելով կայսերական գիտաարդյունաբերական կառուցակարգերը: Այդ գործընթացների արդյունքում տեխնիկական մտավորականությունը մասամբ վերափոխվեց՝ ինտեգրվելով թվային տեխնոլոգիաների նոր մասնագիտական համայնքներում, իսկ մի հատվածն էլ վերաձևավորվեց կամ տեղափոխվեց սոցիալական ու մասնագիտական այլ տիրույթներ: