ԵՊՀ պատմության ֆակուլտետում հյուրընկալվեց Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը՝ մասնակցելու դոկտոր Կառլոս Կեցոյանի «Ուրուգվայի 1965 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին:
«Ուրուգվայի 1965 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը» գրքում հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման գործընթացը, արձագանքները, հայ համայնքի դերն այդ գործընթացում, ինչպես նաև Ուրուգվայի սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժամը:
Գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 60-ամյակի առթիվ:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը նշեց, որ գիրքն ունի երկու ազդակ. առաջինը՝ գիրքը շնորհակալության խոսք է Ուրուգվայի այն խիզախ մարդկանց, որոնք 1965 թ. քաղաքական համարձակություն ունեցան օրակարգ բերելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը թվում է, թե և՛ ժամանակագրորեն, և՛ աշխարհագրորեն նրանցից բավականին հեռու էր:
Ընդգծելով, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ունի խորքային արժեքային հիմք, դեկանն ասաց. «Ցեղասպանության ճանաչումը, իմ ընկալմամբ, առաջին հերթին ընտրություն է քաղաքակրթության և բարբարոսության միջև։ Մարդկության դեմ գործած ցանկացած ոճրի ճանաչումը առաջին հերթին հայտարարություն է այն մասին, որ մենք ընտրում ենք քաղաքակրթությունը»:
Անդրադառնալով գրքի երկրորդ ազդակին՝ Մխիթար Գաբրիելյանը նշեց, որ աշխատությունում ներկայացված են փաստեր այն մասին, թե ինչպես Հայոց ցեղասպանությունը վերապրածները Ուրուգվայում գտան նոր հայրենիք, տուն և քաղաքացիություն, ինչը հնարավոր դարձավ այդ երկրի քաղաքակրթական, պատմամշակութային և հասարակական ամուր հիմքերի շնորհիվ:
Մխիթար Գաբրիելյանը մեծապես կարևորեց Ուրուգվայի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն մեր պետությանն ու հասարակությանը տասնամյակների ընթացքում ուժ է տվել է՛լ ավելի հետևողական լինելու ցեղասպանության ճանաչման պայքարում:
Հայաստանում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկան, ընդգծելով, որ Ուրուգվայն առաջինը աշխարհում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ասաց. «Այս գիրքը ուսումնասիրություն է այն մասին, որ իմ երկիրը՝ Ուրուգվայը, առաջինն աշխարհում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1965 թվականի ապրիլին՝ №13.326 օրենքով։ Ուրուգվայում ընդունվեց այն օրենքը, որը կանգնում է մարդու իրավունքների կողքին և կարևորություն է տալիս այս իրադարձությանը։ Սա ապացուցում է, որ Ուրուգվայն այնպիսի երկիր է, որի դռները բաց են մարդկանց առաջ»:
Դեսպանի խոսքով՝ Ուրուգվայի որոշումը ոչ թե պատահականության, այլ հայկական երիտասարդական կազմակերպությունների հետևողական ջանքերի արդյունք էր։
«Հիշողություն ունենալով՝ մենք նպաստում ենք, որ տեղի ունեցած ոճրագործությունները չկրկնվեն»,- նշեց դեսպանը՝ կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը:
Գրքի հեղինակ, պատմաբան Կառլոս Կեցոյանն անդրադարձավ 1965 թ. Ուրուգվայում տիրող բարդ իրավիճակին և հայ համայնքի դերին։
«1965 թվականը Ուրուգվայի համար ճգնաժամային տարեթիվ էր՝ ֆինանսական, բանկային, քաղաքական և նույնիսկ կլիմայական։ Այն անվանվեց «սարսափելի տարի»։ Այս օրենքի անհապաղ ընդունումը նման համատեքստում ցույց է տալիս Ուրուգվայի կառավարության քաղաքական կամքը»,- մատնանշեց նա:
Հեղինակը պարզաբանեց նաև օրենքի տեքստային առանձնահատկությունները, որոնք պայմանավորված էին ժամանակի աշխարհաքաղաքականությամբ։
«Չնայած օրենքի տեքստում չի հիշատակվում «ցեղասպանություն» բառը, ոչ էլ դրա կատարողը՝ Օսմանյան Թուրքիան, բացատրական հուշագրում և խորհրդարանի անդամների ելույթներում հստակ նշվում է, որ դա ցեղասպանություն էր։ Տերմինի բացթողումը պետք է մեկնաբանվի սառը պատերազմի համատեքստում»,- շեշտեց նա։
Ներկայացնելով Ուրուգվայում հայ համայնքի ձևավորման պատմությունը՝ հեղինակը նշեց, որը այն մեծ թափ է ստացել հատկապես 1920-1930-ական թվականներին։
«Հայ գաղթականները, հիմնականում բնակություն հաստատելով մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, ստեղծել են հայրենակցական միություններ, կրոնական և կրթական հաստատություններ, որոնք դարձել են ինքնության պահպանման հենասյուները»,- փաստեց նա:
Նշենք, որ Կառլոս Կեցոյանի «Ուրուգվայի 1965 թ. Հայոց ցեղասպանության առաջին ճանաչումը» խորագրով աշխատությունը երաշխավորվել է հրատարակության ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի և պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից: Գրքի իսպաներեն տարբերակը լույս է տեսել 2025 թ.:








