ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 28-ին և մարտի 1-ին ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատանը անցկացվեց սիմուլյացիոն վարժանք՝ նախատեսված «Սոցիալական աշխատանք» բակալավրի և «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար:
Սոցիալական աշխատողների կրթությունը կառուցված է մասնագիտական երկու առանցքի շուրջ՝ հասարակության խոցելի խմբերի ուսումնասիրություն և նրանց հետ աշխատելու մեթոդներ։ Իրական կյանքում մասնագետները բախվում են սոցիալական հիմնախնդիրների փոխհատականությանը և պետք է արագ կողմնորոշվեն՝ ինչպես աշխատել տվյալ շահառուի հետ։ Գիտակցելով ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացման կարևորությունը՝ 2026 թվականի ռազմավարական զարգացման պլանում Սոցիոլոգիայի ֆակուլտետը ներառեց 25 հոգու համար նախատեսված սիմուլյացիոն վարժանք։
Ողջույնի խոսքով հանդես եկան Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը և Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյանը։ Վերջինս նշեց, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են մասնագիտական գիտելիքի և գործնական փորձի փոխանակման, դասախոս-ուսանող համագործակցության ամրապնդման և սոցիալական աշխատանքի կրթության ոլորտում ժամանակակից մոտեցումների ներդրման համար։
Ա․ Սահակյանը ներկայացրեց ուսանողներին շահառուի հետ վստահելի հարաբերությունների կառուցման հիմնարար սկզբունքները և տեխնիկաները, ինչից հետո տրվեցին հանձնարարություններն ու բաշխվեցին դերերը․ ընտրվեցին շահառուի դերը ստանձնող ուսանողները և նրանց հետ առաջնային կոնտակտ ստեղծող սոցիալական աշխատողները։
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանը, դասախոսներ Սյուզաննա Ջուհարյանը և Տաթևիկ Կարապետյանը նախապես հավաքագրել և սիմուլյացիոն խաղի համար հարմարեցրել էին պրակտիկ դաշտից բերված դեպքեր՝ աշխատանքային միգրանտի, առանց ուղեկցողի այլազգի անչափահաս փախստականի, մանկատան շրջանավարտի և բազմազավակ մոր հիմնախնդիրներ։
Սիմուլյացիոն վարժանքին ներկա էին և ակտիվ մասնակցություն ունեցան նաև ամբիոնի հետ 8 տարուց ավելի համագործակցող Սթավանգերի համալսարանի (Նորվեգիա) ուսանողները, որոնք 22-շաբաթանոց պրակտիկա են անցնում Հայաստանի սոցիալական ծառայություններում։
Իրական ժամանակում ուսանողները կարողացան կիրառել ստացած գիտելիքը, ինչին հաջորդեց մասնագիտական ռեֆլեքսիան՝ հնարավորություն տալով ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին քննարկելու շահառուի հետ սոցիալական աշխատողի հաղորդակցման ուժեղ և թույլ կողմերը և լավարկման հնարավորությունները։
Ուսանողները շեշտեցին, որ կարողացան լսարանում ստացած գիտելիքն ամրապնդել դերային խաղի միջոցով, ինչը հնարավորություն կտա վերածելու ստացած գիտելիքն իրական հմտության։





