ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) մոսկովյան տնտեսագիտական դպրոցի դոցենտ Ինեսսա Ավանեսովան և որակավորման բարձրացման դասընթացների մասնակցության վկայագրերը հանձնեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսներին:
Դեռևս նախորդ տարի Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Նեկիպելովի հրավերով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատվիրակությունը ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով հյուրընկալվել էր ՄՊՀ մոսկովյան տնտեսագիտական դպրոցում: Այցի շրջանակում պատվիրակության կազմում ընդգրկված ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները որակավորման դասընթացներ են անցել Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցում:
Վկայագրերի շնորհման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Արմեն Սարգսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր բուհի ներկայացուցչին այցի համար՝ վերահաստատելով ֆակուլտետի պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը։
Իր խոսքում Ինեսսա Ավանեսովան նշեց, որ երկու գործընկեր բուհերի միջև պաշտոնական հարաբերությունները վաղուց են ձևավորված, սակայն հատկապես վերջին մի քանի տարվա համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ բազմաթիվ պայմանավորվածություններ և պայմանագրային դրույթներ վերածվել են գործնական արդյունքների։
Այցի շրջանակում քննարկվեցին նաև երկու հաստատությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խորացման, ինչպես նաև նոր ձևաչափերով համագործակցության զարգացման հնարավորությունները՝ ներառյալ ուսանողական փոխայցերը, կլոր սեղան-քննարկումների անցկացումը, համատեղ կազմակերպվող գիտաժողովներին և համաժողովներին մասնակցությունը։ Կողմերը նաև պայմանավորվեցին վերապատրաստման ծրագրերին հաղորդել շարունակական և համակարգված բնույթ՝ ապահովելով դրանց պարբերական անցկացումը։
Նշենք, որ շուրջ երեք տարի է՝ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը հետևողականորեն խորացնում են փոխգործակցությունը՝ զարգացնելով ակադեմիական կապերն ու համատեղ նախաձեռնությունները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդլայնել գործընկերային հարաբերությունների շրջանակը՝ նպատակ ունենալով շարունակաբար բարձրացնելու կրթության որակը, խթանելու գիտահետազոտական գործունեությունը և ապահովելու ակադեմիական շարժունության նոր հնարավորություններ դասախոսների և ուսանողների համար։










