ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում շարունակվում են ուսումնական գործընթացը հարստացնող համագործակցային նախաձեռնությունները։ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և «Իդրամ» առցանց վճարային համակարգի հետ համատեղ ֆակուլտետի առաջին կուրսեցիների համար կազմակերպվեց եռօրյա դասախոսությունների շարք, որի նպատակն էր զարգացնել ուսանողների ֆինանսական մտածողությունը և զուգակցել տեսական գիտելիքը գործնական հմտությունների հետ։
Դասախոսություններին մասնակցեցին առաջին կուրսերի շուրջ 150 ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան ստանալու պրակտիկ գիտելիքներ: Մասնավորապես՝ քննարկվեցին ֆինանսական գրագիտության, բյուջետավորման, մեդիագրագիտության, վարքագծային տնտեսագիտության, վաճառքի հոգեբանության, ինչպես նաև ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործման և զեղծարարություններից պաշտպանվելու ժամանակակից մոտեցումներին վերաբերող առանցքային հարցերը։ Քննարկումը անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով՝ հիմնվելով իրական դեպքերի և օրինակների վրա։ Դասախոսությունները վարեցին «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և «Իդրամ» առցանց վճարային համակարգի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը և կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը։
Ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը կարևորեց նման նախաձեռնությունների դերը՝ ընդգծելով, որ դրանք լրացնում և հարստացնում են ֆակուլտետի կրթական բովանդակությունը․ «Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացում ուսանողներին պրակտիկ հմտությունների փոխանցմանը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում նաև բիզնես ոլորտի հետ մեր կապի ամրապնդումը։ Շատ ենք կարևորում նաև «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և «Իդրամ» առցանց վճարային համակարգի հետ մեր կայուն համագործակցությունը, և նմանօրինակ ձևաչափերը դիտարկվում են որպես կրթության և պրակտիկայի արդյունավետ համադրման կարևոր գործիք՝ նպաստելով մրցունակ մասնագետների պատրաստմանը։
Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ դասախոսությունների շարքը հաջողված էր. «Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք երեք օր անցկացնելու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ և տեսնելու նրանց մեծ հետաքրքրվածությունն ու ոգևորությունը թեմայի շուրջ։ Վստահաբար կարող ենք նշել, որ նմանօրինակ ծրագրի շրջանակում սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է ԵՊՀ-ի հետ»:
Պետք է նշել նաև այն հանգամանքը, որ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում 2025 թ. աշնանը կայացած «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային երկրորդ գիտաժողովի հովանավորն էր: Բանկ-համալսարան համագործակցությունը կայուն հիմքերի վրա է և շարունակում է զարգանալ. «Բանկ–համալսարան համագործակցությունը պետք է լինի շարունակական և փոխշահավետ գործընթաց՝ ներառելով ուսանողների մասնագիտական պրակտիկայի և վերապատրաստման ծրագրերը, ֆինանսական տեխնոլոգիաների և կայուն զարգացման ոլորտներում համատեղ հետազոտությունները, ինչպես նաև համալսարանական գիտական ներուժն ու բանկային փորձը միավորող համատեղ ինովացիոն պրոդուկտի ստեղծումը»,– նշեց «ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում և ամրապնդում է համագործակցությունը ֆինանսաբանկային համակարգի և բիզնես միջավայրի հետ՝ ընդլայնելով իրականացվող նախաձեռնությունների շրջանակն ու ուսանողների ներգրավվածությունը:





