«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ս.թ. մայիսի 4-8-ը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեցին Բրատիսլավայի տնտեսագիտության և գործարարության համալսարանի միջազգային առևտրի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Էլենա Կոստակովան և նույն ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Վլադիսլավ Բատոն։
Այցի շրջանակում գործընկեր համալսարանի ներկայացուցիչները հանդիպում ունեցան ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, համատեղ կամ կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև ակադեմիական փորձի փոխանակման նոր ձևաչափերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել երկու համալսարանների միջև մասնագիտական կապերի խորացմանն ու երկարաժամկետ համագործակցության զարգացմանը։
Դեկան Կ. Խաչատրյանը, ընդգծելով փոխայցելությունների նշանակությունը, նշեց, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր են համալսարանների միջև կայուն և գործնական հարաբերությունների ձևավորման, փորձի փոխանակումն առավել արդյունավետ կազմակերպելու և համատեղ նախաձեռնությունների մշակման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցության շարունակական ընդլայնումը ֆակուլտետի առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է բաց, համագործակցային և գիտելիքի փոխանակման վրա հիմնված ակադեմիական միջավայրի ձևավորմանը։ Հատկանշական է, որ օրեր առաջ ֆակուլտետի դասախոսները ևս այցելել էին Բրատիսլավայի տնտեսագիտության և գործարարության համալսարան, ինչը փաստում է, որ փոխայցելությունները կրում են շարունակական բնույթ և կարևոր դեր ունեն համալսարանների միջև մասնագիտական ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման գործում։
Այցի շրջանակում Վլադիսլավ Բատոն ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» և «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար ներկայացրեց «Միջազգային շուկաներ մուտք գործելու ձևերը» և «Առևտրային քաղաքականությունները և դրանց ազդեցությունը երկրների մրցունակության վրա» թեմաներով ինտերակտիվ դասախոսություններ։
Դասախոսությունների ընթացքում անդրադարձ եղավ միջազգային շուկաներում գործունեություն ծավալելու հիմնական ռազմավարություններին, արտահանման և ներդրումային քաղաքականությունների առանձնահատկություններին, ինչպես նաև միջազգային պրակտիկայում կիրառվող առևտրային գործիքներին, որոնք շոշափելի ազդեցություն ունեն մրցունակության վրա։ Առանձին շեշտադրվեցին միջազգային առևտրի ժամանակակից միտումներն ու համաշխարհային շուկաներում մրցակցային առավելությունների ձևավորման հիմնական գործոնները՝ ընդգծելով տարբեր երկրների փորձը։ Ներկայացվող նյութը զուգակցվեց հարցադրումներով և վերլուծական քննարկումներով, ուսանողները ներկայացրին իրենց դիտարկումները:
Նմանօրինակ թեմատիկ դասախոսությունները նպաստում են ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը՝ հնարավորություն տալով ծանոթանալու տարբեր երկրների ակադեմիական համայնքներում ձևավորված մոտեցումներին և դրանց կիրառական առանձնահատկություններին։ Դրանք նաև նպաստում են ուսանողների մասնագիտական մտահորիզոնի ընդլայնմանը՝ միջազգային փորձի և տարբեր երկրների կրթական մոտեցումների համադրման միջոցով։
Երևանի պետական համալսարանում ներդրվում են բոլոր ջանքերը՝ ապահովելու մրցունակ և ժամանակակից կրթություն: Հետևողականորեն բարձրացվում է կրթության որակը, ընդլայնվում միջազգային ակադեմիական համագործակցությունը՝ ուսանողների համար ստեղծելով նոր հնարավորություններ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու ուղղությամբ։ Համալսարանը մեծապես կարևորում է միջազգային փորձի ներմուծումը, օտարերկրյա գործընկեր բուհերի հետ համագործակցությունը, ինչպես նաև դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակման ծրագրերը, որոնք նպաստում են կրթական միջավայրի արդիականացմանը և նորարարական մտածողության զարգացմանը։
Դասախոսություններին և հանդիպմանը մասնակցեցին նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը, Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանը: