- Գլխավոր
- Նորություններ
- «Համալսարանական լինելը բոլորիս ինքնության մի մասն է»․ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյան
Մայիս 13, 2025 | 11:45
Կրթական ծրագրեր
Կրթություն
Հասարակություն
«Համալսարանական լինելը բոլորիս ինքնության մի մասն է»․ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյան
Բուհ-շրջանավարտ կապը ոչ միայն բարձրագույն կրթական հաստատության երկարաժամկետ հաջողության կարևոր բաղադրիչ է, այլև կրթական ծրագրերի որակի և զարգացման երաշխիք։ ԵՊՀ-ն, տասնամյակներ շարունակ ձևավորելով տարբեր ոլորտների լավագույն մասնագետների, մշտապես աշխատում է իր շրջանավարտների հետ կապի ամրապնդման ուղղությամբ։ Բուհ-շրջանավարտ կապի կարևորության մասին զրուցել ենք ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի հետ։

Ինչո՞ւ է կարևոր բուհ-շրջանավարտ կապի ամրապնդումը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում և ի՞նչ նախաձեռնություններ է իրականացնում ԵՊՀ-ն այս կապի ամրապնդման նպատակով․ մեզ հետ զրույցում այս և այլ հարցերի է անդրադարձել ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, որը նույնպես ԵՊՀ շրջանավարտ է։
- Տիկի՛ն Ասրիյան, լինելով ԵՊՀ շրջանավարտ` ինչպե՞ս կբնութագրեք համալսարան–շրջանավարտ կապը։ Որքանո՞վ է կարևոր այն։
- Կարծում եմ, որ համալսարանական լինելը բոլորիս ինքնության մի մասն է։ Այս համատեքստում կարելի է համալսարան-շրջանավարտ կապը համեմատել ընտանիքի՝ ծնող և երեխա կապի հետ։ Ինչպես անհատն է անցնում սոցիալիզացիայի տարբեր փուլեր և ձևավորվում որպես անձ ընտանիքում, այնպես էլ շարունակում է ձևավորվել և կայանալ որպես անձ և մասնագետ բուհում, մեր պարագայում՝ Երևանի պետական համալսարանում. այս առումով կապը բուհի և շրջանավարտի միջև կասկածից վեր է։ Բուհը ծնողի նման հպարտանում է իր շրջանավարտների հաջողություններով, ձեռքբերումներով, մասնագիտական կայացմամբ և միշտ պատրաստ է աջակցելու։
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ դերակատարում կարող են ունենալ ԵՊՀ շրջանավարտները համալսարանի կրթական կյանքի կազմակերպման և բարելավման գործում։ Ո՞րն է նրանց մասնակցության կարևորությունն այդ գործընթացում։
- Շրջանավարտները շատ դրական ազդեցություն կարող են ունենալ բուհի երկարաժամկետ ռազմավարության և կրթական քաղաքականության ձևավորման գործում։ Ունենալով փորձառություն՝ նրանք կարող են հանդես գալ որպես խորհրդատուներ, մենթորներ ուսանողների համար, կիսվել իրենց փորձառությամբ։ Օրինակ՝ արևմտյան մի շարք բուհերում առկա են ուսանողների և բուհի շրջանավարտների միջև հաղորդակցման հարթակներ․ ուսանողները հնարավորություն ունեն տարբեր հարցերով դիմելու տվյալ բուհի շրջանավարտներին՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Բացի դրանից՝ շրջանավարտները հնարավորություն ունեն նաև մասնակցելու և պետք է մասնակցեն կրթական ծրագրերի բարելավման գործընթացին․ տվյալ կրթական ծրագրում սովորելու փորձառություն ունենալով և հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով՝ շրջանավարտները կարևոր հետադարձ կապ են ապահովում։ Նրանց դիտարկումներն ու փորձը կարող են էականորեն նպաստել կրթական ծրագրերի զարգացմանը և բարելավմանը։
- Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կամ նախատեսում ձեռնարկել ԵՊՀ-ն շրջանավարտների հետ կապը խորացնելու, նրանց համալսարանական գործընթացներում ընդգրկելու ուղղությամբ։
- Օրինակ՝ նշեմ մեր վերջին նախաձեռնություններից մեկը․ մենք սկսել ենք կրթական ծրագրերի բարելավման գործընթաց, որի շրջանակում հատուկ ընդգծել ենք շրջանավարտների ներգրավման անհրաժեշտությունը։ Կրթական ծրագրերի բարելավման գործընթացն ապահովող աշխատանքային խմբում ընդգրկել ենք նաև մեր շրջանավարտներին, քանի որ նրանք կարող են լավագույնս մատնանշել ծրագրի հնարավոր խնդիրներն ու թերությունները։ Ավելին՝ հայտարարվել էր դրամաշնորհ կրթական ծրագրերի բարելավման համար, որի շրջանակում կար պահանջ հրավիրյալ պրոֆեսորի հետ մեկտեղ ներառելու տվյալ կրթական ծրագրերի շրջանավարտներին, որ հնարավոր լինի ստանալ իրական գնահատականներ և առաջարկներ ծրագրի հետագա բարելավման համար։ Բացի այս նախաձեռնություններից՝ շրջանավարտները ներգրավված են եղել թե՛ բուհի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներում, թե՛ պրակտիկայի կազմակերպման գործընթացում։ Շատ դեպքերում աշխատաշուկայում արդեն ներգրավված շրջանավարտները վերականգնում են կապը համալսարանի հետ և օգնում լուծել պրակտիկայի հարցերը՝ ստեղծելով կամուրջ բուհի և գործատուների միջև։ Նման համագործակցային ծրագրերը շատ կարևոր են մեզ համար, և մենք հետևողականորեն աշխատում ենք այդ նախաձեռնությունների ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ։

- Համալսարան–շրջանավարտ կապը խոչընդոտող ի՞նչ խնդիրներ կան ներկայում։
- Երբեմն բուհը չի հավաքագրում շրջանավարտների հետագա ուղու մասին տեղեկություններ, ինչը բացասական միտում է։ Եթե բուհը կարողանար հետևել, թե որտեղ են հայտնվում շրջանավարտները, արդյոք նրանք բախվում են խնդիրների կամ միգուցե վերապատրաստման անհրաժեշտություն ունեն, այն ժամանակ հնարավոր կլիներ ավելի ճիշտ աջակցություն տրամադրել և հնարավորություն ստեղծել, որ նրանք ցանկացած պահի բուհ վերադառնալու հնարավորություն ունենան։ Համալսարանը պետք է մշտապես հետևի շրջանավարտների մասնագիտական աճին ու կարիքներին։ Ցավոք, շատ հաճախ կապը խաթարվում է, և սա խնդիր է․ «կորցնում է» ինչպես բուհը, այնպես էլ շրջանավարտը։ Բուհի և շրջանավարտի կապը պետք է լինի շարունակական և դինամիկ՝ այնպես, որ այն նպաստի միմյանց համատեղ զարգացմանը։
- Տիկի՛ն Ասրիյան, Դուք ավարտել եք ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դեռ 2002 թվականին․ տարիներ անց ի՞նչ է փոխվել համալսարանում և դեպի ո՞ւր է այն գնում։
- Համալսարանն ունի երկու կարևոր բաղադրիչ՝ ստատիկ և դինամիկ։ Ստատիկ բաղադրիչը համալսարանի հիմքն է՝ նրա արժեքները, ավանդույթները, որոնց վրա խարսխված է «համալսարան» գաղափարը։ Եվ կարևոր է, որ այս ստատիկ բաղադրիչը մնում է համեմատաբար անփոփոխ․ այն ապահովում է արժեքների և ավանդույթների շարունակականությունը։ Բայց նույնքան անհրաժեշտ է, որ համալսարանն ունենա նաև դինամիկ՝ փոփոխվող բաղադրիչ՝ ժամանակակից փոփոխություններին և արտաքին միջավայրի մարտահրավերներին արձագանքելու ունակություն։ 21-րդ դարում համալսարանը պարզապես հաստատություն չէ, որը գոյություն ունի հասարակության ներսում․ այն պետք է գործի հասարակության համար, արձագանքի նրա կարիքներին և նպաստի համայնքային ու տարածաշրջանային խնդիրների լուծմանը։
Այսօր համալսարաններն ունեն հստակ առաքելություն՝ արձագանքել մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերներին։ Երևանի պետական համալսարանը, իմ դիտարկմամբ, այս առաքելությունն իրապես կյանքի է կոչում թե՛ գիտական, թե՛ հետազոտական ծրագրերի միջոցով։ Այն համալսարանը, որն ավարտել եմ ես, և այն համալսարանը, որն ունենք այսօր, միևնույն ժամանակ թե՛ ընդհանրություններ ունեն, թե՛ էական տարբերություններ։ Եվ հենց այդ տարբերություններն են խոսում այն շարունակական զարգացման մասին, որն ապրում է մեր համալսարանը՝ միտված ստեղծելու ավելի լավ ու պատասխանատու ապագա։
- Շատերի համար համալսարանի շրջանավարտ լինելը պատիվ է, շատերի համար՝ պատասխանատվություն․ իսկ ի՞նչ է Ձեզ համար ԵՊՀ շրջանավարտ լինելը։
- Ինձ համար ԵՊՀ շրջանավարտ լինելը մեծ հպարտություն է, առաքելություն, ներքին մեծ ռեսուրս։
- Տիկի՛ն Ասրիյան, ս.թ. մայիսի 15-ին և 16-ին Երևանի պետական համալսարանում առաջին անգամ կանցկացվի ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որը կհամախմբի ԵՊՀ շրջանավարտներին։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այս միջոցառումից։
- Սա նախաձեռնություն է, որն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ մեկ հարթակում համախմբելու տարբեր տարիների շրջանավարտներին, հասկանալու նրանց կարիքները, պատկերացում կազմելու նրանց ձեռքբերումների մասին և, ի վերջո, ստեղծելու երկխոսություն։ Լիահույս եմ, որ միջոցառումը կլինի շարունակական՝ նպաստելով շրջանավարտների ու բուհի միջև ամուր կապի ամրապնդմանը։
- Ի՞նչ ուղերձ եք ցանկանում հղել ԵՊՀ շրջանավարտների ֆորումի մասնակիցներին՝ համալսարանի հետ կապը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ։
- Միայն միասին մենք կարող ենք աշխարհը դարձնել ավելի լավը։