- Գլխավոր
- Նորություններ
- Մեղվի փեթակից դեպի գիտական ամբիոն. ինչպես են ԵՊՀ գիտնականները բացահայտում միկրոբիոմի գաղտնիքները
Հունիս 06, 2025 | 11:27
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Մեղվի փեթակից դեպի գիտական ամբիոն. ինչպես են ԵՊՀ գիտնականները բացահայտում միկրոբիոմի գաղտնիքները
Երևանի պետական համալսարանում «Հաշվետու գիտաժողով-2025»-ի ընթացքում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը ներկայացրեց եռամսյա հետազոտական նախագծի արդյունքները, որոնք նվիրված էին ՀՀ տարբեր մարզերի մեղրատու մեղուների միկրոբիոմի ուսումնասիրությանը և մեղվաթույնի կենսաբանական ակտիվությունների բացահայտմանը։ Այս ուսումնասիրությունը ոչ միայն անդրադարձ էր մեղվաբուծության կենսաբանության կարևոր հարցերին, այլև համալսարանական գիտության նոր որակի օրինակ։

«2022 թվականին ԵՊՀ-ն առաջին անգամ հայտարարեց ներքին դրամաշնորհի մրցույթ, ինչը մեր թիմի համար դարձավ յուրօրինակ մեկնակետ։ Մասնակցելով մրցույթին՝ մենք անցանք բոլոր փուլերն ու ստացանք դրամաշնորհը»,- պատմում է դոցենտ Ինգա Բազուկյանը։ Դրամաշնորհային ծրագրի կարևոր պայման էր՝ ներգրավել միջազգային փորձ ունեցող խորհրդատուի, որը պարտավորվում էր 90 օրով լինել Հայաստանում, մասնակցել ուսումնական գործընթացին և աջակցել հետազոտական աշխատանքներին։ Թիմն ընտրեց վստահելի գործընկերոջ՝ Սոֆիայի պետական համալսարանի (Բուլղարիա) գենետիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սվետոսլավ Դիմովին։ Նախկինում ունեցած համատեղ տպագրություններն ու փոխվստահությունը դարձան հաջող համագործակցության հենակետ։

Հետազոտության ընթացքում թիմը կենտրոնացել էր հիմնականում երկու ուղղության վրա։ Առաջինը՝ մեղուների աղիքային միկրոբիոմի կազմի ուսումնասիրությունն էր՝ տարբեր բնապատմական պայմաններով մարզերից վերցված նմուշների հիման վրա։ Տվյալների վերլուծությունն արձանագրել է տարածքային առանձնահատկություններով պայմանավորված որոշակի տարբերություններ՝ ինչն առաջիկայում կարող է հիմք ծառայել տեղայնացված մեղվաբուծական ռազմավարությունների մշակման համար։ Երկրորդ կարևոր ուղղությունը՝ մեղվաթույնի կենսաբանական ակտիվության գնահատումն էր։ Արդյունքները ցույց են տվել, որ մեղվաթույնն ունի մի շարք հատկություններ, որոնք կարող են կիրառելի լինել կենսաբժշկական ոլորտում։
«Հատկապես կարևորում ենք այն, որ ծրագրի շրջանակում կարողացանք գիտական լուրջ արդյունքներ ստանալ։ Տպագրվել են գիտական չորս աշխատանքներ, որոնց թվում՝ գրքի գլուխ, երկու հոդված՝ Q1, մեկ հոդված՝ Q2 ամսագրում։ Եվս երեք հոդված ուղարկվել է տպագրության, այսինքն՝ այս նախագծի արդյունքով ընդհանուր յոթ նյութ կլինի»,- նշում է Բազուկյանը:
Ստացված տվյալները, սակայն, նորի սկիզբ էին։ Այս հիմքով Բազուկյանի թիմը, մասնակցելլով ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանը նվիրված ծրագիր-2024» մրցույթին, դարձյալ ստացել է դրամաշնորհ։

«Այս նոր՝ երեք տարվա համար նախատեսված ծրագիրը մեկնարկել է 2024-ի օգոստոսին։ Շարունակելով մեր ուսումնասիրությունը՝ այս անգամ կկենտրոնանանք սեզոնային փոփոխությունների ազդեցության վրա։ Մեզ հետաքրքրում է, թե ինչպես է մեղվի միկրոբիոմը փոփոխվում տարվա տարբեր եղանակներին։ Բացի այդ՝ կգնահատենք նաև միջատասպան միացությունների ազդեցությունը մեղվի առողջության վրա՝ շարունակելով մեղվաթույնի կենսաբանական ակտիվությունների բացահայտումը ևս»։
Ըստ Ինգա Բազուկյանի՝ այսպիսի ծրագրերը ևս ոչ միայն ուժեղացնում են համալսարանական գիտությունը, այլև նպաստում են նոր սերնդի մասնագետների ձևավորմանը։ Հետազոտական գործընթացին ակտիվորեն մասնակցում են մագիստրանտներ, որոնք հնարավորություն են ստանում ներգրավվելու միջազգային համագործակցային մթնոլորտում, տիրապետելու ժամանակակից լաբորատոր հմտությունների և համահեղինակությամբ հանդես գալու միջազգային հարթակներում:
Մեղվաբուծությունն արտաքինից գուցե թվում է գյուղատնտեսական առօրյա ոլորտ, սակայն ԵՊՀ գիտնականների ձեռամբ ի ցույց են դրվում այնտեղ թաքնված կենսաբանական, էկոլոգիական և բիոտեխնոլոգիական խոր գործընթացներ և առաջ են քաշվում վերջիններիս հետ կապված կարևոր գիտական հարցադրումներ։