- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ պատվիրակությունը մասնակցեց Ամերիկայի մանրէաբանական ընկերության ամենամյա ժողովին
Հուլիս 09, 2025 | 12:37
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ պատվիրակությունը մասնակցեց Ամերիկայի մանրէաբանական ընկերության ամենամյա ժողովին
Հայաստանի գիտական ներուժը կրկին ներկայացավ միջազգային հեղինակավոր հարթակում։ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները Լոս Անջելեսում մասնակցեցին Ամերիկայի մանրէաբանական ընկերության (ASM) տարեկան համաժողովին, որն աշխարհում մանրէաբանության ոլորտի ամենախոշոր ժողովներից է:

ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի ներկայացուցիչները միջազգային համաժողովին հանդես եկան թե՛ բանավոր, թե՛ պոստերային զեկուցումներով՝ միջազգային գիտական ասպարեզում հաստատելով նոր համագործակցություններ ու կապեր։
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում պատմեց ստացած տպավորությունների, ձեռք բերած համագործակցությունների ու ծանոթությունների մասին:
- Պարո՛ն Թռչունյան, ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի մի խումբ ներկայացուցիչների հետ ընթացիկ տարվա հունիսի 19-23-ը մասնակցեցիք Ամերիկայի մանրէաբանական ընկերության ամենամյա հեղինակավոր ժողովին։ Ի՞նչ կասեք այցի մասին։

- Այս համաժողովը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ առաջին անգամ Հայաստանից այդքան մեծ ներկայացվածություն կար։ Ներկայացրինք երեք բանավոր զեկուցում և մի քանի պոստերային աշխատանքներ։ ԵՊՀ պատվիրակության կազմում էին Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Օրգանական թափոնների կենսաքիմիական փոխակերպման և մանրէաբանական արտադրության գիտական խմբի ղեկավար, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը, Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատողներ Հեղինե Գևորգյանը, Լիանա Վանյանը, կրտսեր գիտաշխատողներ Մերի Իսկանդարյանն ու Ռիմա Ավետիսյանը և ես։
- Ի՞նչ զեկուցմամբ եք Դուք հանդես եկել։
- Իմ՝ որպես հրավիրյալ բանախոսի զեկուցումը վերաբերում էր նրան, թե ինչպես են բակտերիաները կենսագործում և հարմարվում էներգիայի խիստ սահմանափակ պայմաններում։ Մենք խոսեցինք, թե ինչպես են մանրէները հարմարվում, ինչպիսին է իոնների տեղափոխությունը թաղանթով, և դա, ի վերջո, ի՞նչ կապ ունի կյանքի ծագման հետ էվոլյուցիոն տեսանկյունից։ Փորձում ենք հասկանալ, թե այդ կենսաբանական մեխանիզմները որքանո՞վ են արդիական կամ արդյո՞ք պահպանվել են մինչ օրս։ Բանավոր զեկույցով հանդես եկավ նաև Հեղինե Գևորգյանը, որը ստացել էր «Մորիսոն Ռոգոսա» ճանապարհորդության մրցանակը: Լիանա Վանյանը, որ ստացել էր Ուսանողական և հետդոկտորական ճանապարհորդության մրցանակ, ևս ներկայացրեց իր աշխատանքը:
- Դուք նշեցիք պոստերային զեկույցների մասին ևս։ Ինչպիսի՞ն էր արձագանքը դրանց նկատմամբ։
- Մեր երիտասարդ մասնակիցները պոստերային ձևաչափով ներկայացրին իրենց գիտական աշխատանքները, ինչը նույնպես լայն արձագանք գտավ և հետաքրքրեց շատերին։ Այս տեսանկյունից էլ տվյալ ժողովը բացառիկ հնարավորություն է նոր կապերի ստեղծման, համագործակցությունների ձևավորման համար։

- Ինչպիսի՞ տպավորություն ստացաք ժողովից։ Ինչո՞վ է այն առանձնանում այս տարի։
- Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր նորագույն սարքավորումների ցուցահանդես։ Կային թե՛ փոքր, թե՛ մեծ վերլուծական (անալիտիկ) սարքեր։ Հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ձեռք բերել դրանք մեր գիտահետազոտական աշխատանքներն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
- Բացի կոնֆերանսից՝ մասնագիտական այլ հանդիպումներ եղե՞լ են։
- Այո՛, մինչ համաժողովը ես այցելեցի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (Caltech)՝ տեղում քննարկելով հետագա համագործակցության ուղիները, հնարավորություններն ու մարտահրավերները։ Այդ կապերը կարևոր են ոչ միայն անձնական գիտական հետաքրքրությունների, այլև ԵՊՀ-ի համար։

- Ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծում նմանատիպ այցելությունները:
- Նմանօրինակ հավաքները ոչ միայն նոր կապեր ստեղծելու, այլև գիտական ներուժը աշխարհին ներկայացնելու հարթակ են։ Ներկայացուցիչներ կային Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ տարբեր գիտահետազոտական կառույցներից և այլ երկրներից։ Նոր գաղափարների ու ծրագրերի շուրջ արդեն կոնկրետ քննարկումներ ունենք:
Ի վերջո ամենակարևորն այն է, որ մենք ևս քայլում ենք ժամանակին համընթաց։ Հայկական գիտությունը կարող է և պետք է ներկայանա միջազգային հարթակներում։