- Գլխավոր
- Նորություններ
- Երբ ֆիզիկան «մտածում է», ՏՏ-ն` «իրագործում»․ ԵՊՀ ուսանող Միքայել Սահակյանը՝ ՏՏ բնագավառի լավագույններից
Հուլիս 16, 2025 | 10:10
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Երբ ֆիզիկան «մտածում է», ՏՏ-ն` «իրագործում»․ ԵՊՀ ուսանող Միքայել Սահակյանը՝ ՏՏ բնագավառի լավագույններից
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության այս տարվա արդյունքների համաձայն՝ «Լավագույն մագիստրանտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Միքայել Սահակյանը։ «Կիսահաղորդչային ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողի խոսքով՝ այս պարգևը տարիների հետևողական աշխատանքի, նախաձեռնողականության, ինչպես նաև տարբեր ոլորտներում ձեռք բերած գիտելիքները արդյունավետ կիրառելու արդյունք է։

«Այս պարգևը նոր վստահություն է ներշնչում և հնարավորություն տալիս հանդես գալու ավելի ամուր դիրքերից ինչպես գիտական, այնպես էլ մասնագիտական նոր միջավայրերում»,- նշում է Միքայելը։ Նրա համոզմամբ՝ իր հաջողության հիմնական բանալին անընդհատ սովորելու ձգտումն է, այդ թվում՝ երբեք չհանձնվելու կամքն ու համառությունը։
«Ես հաճախ փորձում եմ դուրս գալ սովորական շրջանակներից՝ տարբեր ոլորտների միջև խաչմերուկներ գտնելով և ձեռք բերած փորձառությունն արդյունավետ կերպով կիրառելով նոր ու բազմազան իրավիճակներում»,- ընդգծում է նա։
Գիտության սիրահարի ընտրությունը՝ ֆիզիկան
Ֆիզիկան ընտրելիս Միքայելին ոգեշնչել է աշխարհը հասկանալու ցանկությունը։ Ասում է՝ գիտության այս ճյուղը հնարավորություն է տալիս բացահայտելու ինչպես ամենապարզ, այնպես էլ ամենաբարդ երևույթների էությունը։
«Սովորելու գործընթացն ինձ համար արժեք է։ Երբ աշխատում եմ աշխատանքային կամ ակադեմիական որևէ խնդրի լուծման ուղղությամբ, հասկանում եմ, որ կարողացել եմ հաղթահարել մի նոր մարտահրավեր կամ ստեղծել ինչ-որ նոր բան․ դա ինձ մեծ ներշնչանք է տալիս։ Խոսքը պարզապես սովորելու մասին չէ, այլ նպատակային զարգացման՝ կոնկրետ ուղղությամբ և գիտակցված ընթացքով»,- նշում է մրցանակակիրը։
Միքայելն այժմ մագիստրոսական թեզի շրջանակում զբաղվում է նեղ գոտիական կառուցվածք ունեցող կիսահաղորդչային նանոմասնիկների աճեցման հետազոտությամբ։ Այս նյութերը կիրառական մեծ ներուժ ունեն ենթակարմիր ֆոտոդիոդների մշակման գործում, հատկապես բարձր զգայունությամբ ինֆրակարմիր սենսորների նախագծման նպատակով։ Նա արդեն հասցրել է տպագրել երկու գիտական հոդված։

Սովորելու հետ մեկտեղ Միքայելը մասնագիտական փորձ է ձեռք բերում «Emerson» (նախկինում՝ «National Instruments») ընկերության ինժեներական քաղաքում՝ որպես տեխնիկական աջակցության ինժեներ գերբարձր հաճախականությունների (ԳԲՀ) ոլորտում։ Նրա աշխատանքը ներառում է համագործակցություն աշխարհի տարբեր երկրների ինժեներների հետ՝ տեխնիկական խորհրդատվության և խնդիրների լուծման շրջանակում։ Այս փորձառությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե ինչպես են կիրառվում ընկերության մշակած համակարգերը՝ սկսած գիտահետազոտական լաբորատորիաներից մինչև խոշոր արդյունաբերական նախագծեր։
Կրթաթոշակներ, պրակտիկաներ, գիտաժողովներ, ստարտափ նախագծեր․ Միքայելը պատմում է ձեռքբերումների մասին և հավելում, որ վերջին տարիներին փորձել է հնարավորինս ակտիվ լինել ինչպես գիտական, այնպես էլ ինժեներական ու ձեռնարկատիրական հարթակներում։
«Առանձնահատուկ հպարտությամբ եմ հիշում բակալավրի իմ ավարտական աշխատանքը, որը նվիրված էր ոչ ինվազիվ ինֆրակարմիր գլյուկոզաչափի նախագծմանը։ Այս նախագիծը իմ առաջին փորձն էր, որտեղ զրոյից հասել եմ աշխատող սարքավորման մշակման՝ միաժամանակ համադրելով տեսական մոդելավորումը, ինժեներական նախագծումը և լաբորատոր փորձարկումները։ Իմ գիտական ղեկավարի՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Ղամբարյանի հետ միասին մշակեցինք մաթեմատիկապես հիմնավորված մոդել, ըստ որի՝ հնարավոր էր սենսորից ստացված լարումը փոխակերպել գլյուկոզայի կոնցենտրացիայի։ Այս նախագիծն ինձ շատ բան սովորեցրեց՝ սկսած ֆիզիկական երևույթի մոդելավորումից մինչև սարքավորման լիարժեք իրականացում»,- ասում է նա։
Համալսարանը՝ սովորելու, փորձելու, զարգանալու հարթակ
Ըստ ուսանողի՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում սովորելը նպաստել է վերլուծական մտածողության զարգացմանը և գիտելիքների հարստացմանը։ Գիտական խմբերի ակտիվ աջակցությամբ և բարձրակարգ մասնագետների հետ մշտական շփման շնորհիվ նա ձեռք է բերել գիտական ոլորտում աշխատելու փորձ, հիմնավոր հարցերի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ կատարելու կարողություն և թիմային աշխատանքում ներգրավվելու հմտություն։
Ժպիտով է մտաբերում համալսարանի հետ կապված հուշերը և պատմում դրանցից մեկը, երբ թիմով գիշերել են լաբորատորիայում՝ մի նախագիծ վերջացնելու համար։
«Թվում էր՝ սովորական գիշեր է, բայց աշխատանքային էներգիան, ստեղծագործական մթնոլորտը և այն զգացումը, որ միասին ինչ-որ նոր բան ենք ստեղծում, երկար մնաց մեր մեջ։ Դա ինձ համար համալսարանական կյանքի լավագույն օրերից էր՝ համատեղ աշխատանք, ուսում և մարդկային ջերմություն մի տեղում։ Այդ ժամանակ հասկացա, որ երբ սիրում ես այն, ինչ անում ես, ժամանակն ու ծանրաբեռնվածությունը ձեռք են բերում նոր արժեք»,- ասում է Միքայելը՝ ընդգծելով, որ գիտությունն իր համար միայն լաբորատորիա կամ գրականություն չէ, այլ հարթակ՝ նոր գաղափարներ ձևավորելու, դրանք ստուգելու և մի օր աշխարհում դրական փոփոխություններ կատարելու համար։
ՏՏ-ն և ֆիզիկան՝ մեկ նպատակի շուրջ
Դեռ դպրոցական տարիքից տեխնոլոգիան գրավել է Միքայելին, սակայն բուհում ուսանելու տարիներին հասկացել է, որ ՏՏ-ն հիանալի հարթակ է՝ ֆիզիկական մտածողությունը գործնական լուծումների վերածելու համար։
«Երբ սկսեցի ինքս համակարգեր մշակել, ավելի պարզ դարձավ, թե որքան ուժեղ համադրություն կարող են ստեղծել ֆիզիկան և ՏՏ-ն։ Ինձ հատկապես գրավում է այն, որ ՏՏ ոլորտը հնարավորություն է տալիս գիտական մտահղացումները վերածելու տեխնոլոգիական լուծումների։ Սակայն ամենակարևորն այն է, որ իմ մասնագիտական ոլորտը՝ կիսահաղորդչային ֆիզիկան, սերտորեն կապված է ՏՏ ոլորտի հիմքերին։ Երբ շատերը լսում են «կիսահաղորդիչ», միանգամից պատկերացնում են չիպեր։ Բայց երբ սկսում ես խորությամբ ուսումնասիրել այս ոլորտը, հասկանում ես, որ չիպերն ընդամենը այս հսկայական աշխարհի մի ճյուղն են։ Իրականում, մեր շուրջը գրեթե ամեն ինչ կախված է կիսահաղորդչային լուծումներից»,- ընդգծում է նա՝ նշելով, որ ոլորտը ՀՀ-ում մեծ հեռանկարներ ունի։

Միքայելը նաև որոշ թերություններ է նկատել ոլորտում․ շատ ուսանողներ ունեն ամուր տեսական գիտելիքներ, սակայն նրանց համար դժվար է դրանք կապել իրական նախագծերի հետ։ Նրա կարծիքով՝ կարևոր է խթանել ուսանող-արդյունաբերություն համագործակցությունը պրակտիկաների, մրցույթների և բաց նախագծերի միջոցով, ինչը կօգնի երիտասարդներին ձեռք բերելու կիրառելի փորձ և հեշտությամբ ներգրավվելու ոլորտի գործնական գործընթացներում։
Իր պարագայում հաջողվել է աշխատել կիրառական բնույթի նախագծերի շուրջ՝ սկսած ռադիոհաճախականության համակարգերից մինչև ներկառուցված սարքավորումներ և արհեստական բանականության կիրառումներ։
«Բակալավրի ավարտական աշխատանքից բացի՝ կարող եմ նշել, օրինակ, «Direction Finding via USRP System» նախագիծը ռադիոհաճախականության և ազդանշանների մշակման ոլորտում (ԳԲՀ), որտեղ USRP սարքի միջոցով մշակվել է ազդանշանի ուղղության որոշման համակարգ։ Այս նախագիծը դեռ ընթացքի մեջ է, և արդեն ունենք նախատիպ, որն աշխատում է որոշակի պայմաններում։ «Hunter G Armenia» նախագծի շրջանակում զբաղվել եմ ավտոնոմ համակարգի մշակմամբ, որի նպատակն էր 360° տեսադաշտով սարդերի և կարիճների հայտնաբերումն արհեստական բանականության միջոցով»,- ասում է ապագա մասնագետը, որի նպատակն է կապող օղակ դառնալ գիտության և տեխնոլոգիայի միջև։ Նա ցանկանում է նպաստել ՀՀ-ում հիմնարար գիտելիքի՝ կիրառելի արդյունքի փոխարկմանը, լինի դա նոր նյութի հայտնաբերում, թե տեխնիկական համակարգի մշակում։
Առաջ շարժվելու մղումը՝ հստակ նպատակներով
Միքայելը նպատակադրվել է մասնակցել այնպիսի նախագծերի, որոնք կխթանեն տեղական գիտական ներուժի զարգացումը և կունենան միջազգային կիրառական նշանակություն։ Նա կարևորում է գիտելիքի փոխանցումը հատկապես երիտասարդ սերնդին՝ վստահ լինելով, որ եթե կարողանա ոգեշնչել գոնե մեկ ուսանողի՝ շարունակելու գիտական գործունեությունը, դա արդեն կունենա դրական ազդեցություն։
Եվ ամենակարևորը՝ նրա համոզմամբ՝ համառությամբ, խորքային մոտեցմամբ և արժեք ստեղծելու ցանկությամբ հնարավոր է ոչ միայն կայանալ մասնագիտորեն, այլև առաջ մղել ամբողջ ոլորտը։
«Ցանկանում եմ մշտապես շարունակել սովորել ու զարգանալ, ներգրավվել գիտահետազոտական նախագծերում, ինժեներական գաղափարները վերափոխել գործնական լուծումների ու մի օր բացել սեփական գիտատեխնոլոգիական ընկերությունը»,- մատնանշում է նա և հավելում, որ անպայման շարունակելու է իր գիտական ուղին՝ դիմելով ասպիրանտուրա՝ խորացնելու գիտելիքները և սեփական ներդրումն ունենալու նյութագիտության ու կիսահաղորդչային ֆիզիկայի ոլորտներում։