- Գլխավոր
- Նորություններ
- Ուսանողների պրակտիկայի գործընթացը ԵՊՀ-ում․ մարտահրավերներ և լուծումներ
Հուլիս 24, 2025 | 12:47
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Հասարակություն
Ուսանողների պրակտիկայի գործընթացը ԵՊՀ-ում․ մարտահրավերներ և լուծումներ
Երևանի պետական համալսարանում առանձնակի կարևորվում է ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը հատկապես պրակտիկայի արդյունավետ կազմակերպման միջոցով։ Համալսարանի մոտեցումն այս հարցում համակարգված է և ուսանողակենտրոն։ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պրակտիկայի ղեկավար Արա Աթայանն ընդգծում է՝ ԵՊՀ-ն ձգտում է, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունենա պրակտիկա անցնելու հենց իր մասնագիտական ոլորտին համապատասխան միջավայրում։

Ըստ ուսումնական պլանների՝ ԵՊՀ-ում կազմակերպվում են մասնագիտական, ուսումնական և մանկավարժական պրակտիկաներ։
Մասնագիտական պրակտիկան ընդգրկում է բոլոր ֆակուլտետները (ինստիտուտ/կենտրոն)։
Ուսումնական պրակտիկան կազմակերպվում է Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության, Պատմության, Սոցիոլոգիայի ֆակուլտետներում և Ֆարմացիայի ինստիտուտում։
Մանկավարժական պրակտիկան նախատեսված է տարբեր ֆակուլտետների այն ուսանողների համար, որոնք մասնակցում են մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթական բաղադրիչին։
ԵՊՀ-ում կազմակերպվող պրակտիկաների մասին զրուցել ենք ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պրակտիկայի ղեկավար Արա Աթայանի հետ, որը մեզ մանրամասն պատմեց պրակտիկայի կազմակերպման համակարգի առանձնահատկությունների և գործընթացի մասին։
- Պարո՛ն Աթայան, կմանրամասնե՞ք՝ ինչպես են ընտրվում այն կազմակերպությունները կամ հաստատությունները, որտեղ ուսանողները անցնում են իրենց պրակտիկան։
- Պրակտիկայի վայրի ընտրությունը կատարվում է մի քանի տարբեր մոտեցումներով։ Առաջին հերթին առաջնորդվում ենք կրթական ստորաբաժանումների կողմից կազմված և հաստատված կազմակերպությունների ցանկով։ Միևնույն ժամանակ, կան նաև կազմակերպություններ, որոնք իրենք են դիմում մայր բուհ՝ ցանկություն հայտնելով դառնալու ուսանողների պրակտիկայի անցկացման հարթակ և ընդգրկվելու համապատասխան ցուցակում։
Բացի դրանից, եթե ուսանողն արդեն աշխատում է իր մասնագիտությամբ, նա հնարավորություն ունի պրակտիկան անցնելու հենց իր աշխատավայրում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանք։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ուսանողին համատեղելու կրթությունը և աշխատանքը՝ պահպանելով մասնագիտական աճի շարունակականությունը։

Պրակտիկայի վայրերի ցանկը անընդհատ թարմացվում է՝ պայմանավորված տարբեր ոլորտներում նոր ընկերությունների առաջխաղացմամբ։ Գործընկեր հաստատությունների միջոցով ԵՊՀ-ն երկարամյա համագործակցություն ունի պետական և մասնավոր բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնց թվում են կրթական հաստատությունները, դատարանները, լրատվամիջոցները և գիտահետազոտական կենտրոնները։ Անհրաժեշտության դեպքում համալսարանը կնքում է համապատասխան պայմանագրեր կամ հուշագրեր։
Լինում են դեպքեր, երբ ուսանողները համագործակցության պայմանագրի շրջանակում մասնակցում են նաև այն ծրագրերին, որոնք ֆինանսավորվում են պետական կամ միջազգային կազմակերպությունների կողմից (օրինակ՝ «Էրազմուս+» և այլն) և պրակտիկան անցնում են արտերկրում։
Այսպիսով, ԵՊՀ–ն ակտիվորեն համագործակցում է և՛ պետական, և՛ մասնավոր կազմակերպությունների հետ։
- Արդյո՞ք բոլոր ուսանողների համար պարտադիր է մասնագիտական պրակտիկան։ Ի՞նչ չափանիշներով են դասախոսները գնահատում ուսանողի պրակտիկան։
- Այո՛, մասնագիտական պրակտիկան պարտադիր է ԵՊՀ բոլոր ուսանողների համար։ Այն անմիջականորեն կապվում է ուսանողի մասնագիտության հետ՝ լինելով ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչ և նպաստելով հավելյալ գիտելիքների ու գործնական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։
Վերջին տարիներին ԵՊՀ բակալավրիատի ուսանողները մասնագիտական պրակտիկայի արդյունքները շաբաթական հաշվետվությունների տեսքով վերբեռնում են «e-learning» էլեկտրոնային հարթակի մասնագիտական պրակտիկայի համապատասխան հատված, իսկ ԵՊՀ մասնագիտական ամբիոններից նշանակված ղեկավարներից յուրաքանչյուրը, նախապես ծանոթանալով պրակտիկանտների հետ, ինչպես նաև պրակտիկայի վայրին և ընդունող կողմից նշանակված ղեկավարի հետ, գնահատում է վերբեռնված շաբաթական հաշվետվությունները, ինչն ապահովում է աշխատանքների համակարգման թափանցիկությունը։
- Ինչպե՞ս է գնահատվում ուսանողների պրակտիկայի արդյունավետությունը։
- Ուսանողների պրակտիկայի արդյունավետությունը գնահատվում է ստուգարքի ձևով՝ հաշվի առնելով հետևյալ հիմնական չափորոշիչները․
1․ Առաջադրանքների կատարման որակը․ գնահատվում է, թե որքան հստակ և արդյունավետ է ուսանողի կատարած գործնական աշխատանքը, և որքանով է այն համապատասխանում պրակտիկայի նպատակներին։
2․ Գիտելիքների և հմտությունների կիրառումը․ ուսանողի ակադեմիական գիտելիքների և գործնական կարողությունների համադրությունը և գործնականում դրանց արդյունավետ կիրառումը։
3․ Աշխատանքային կարգապահությունն ու պատասխանատվությունը․ ժամանակին ներկայանալը, թիմում համագործակցությունը և աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցումը։
4․ Հետադարձ կապը ղեկավարներից և գործընկերներից․ ուսանողի վարքագիծը, աշխատանքը և արհեստավարժությունը գնահատվում են պրակտիկայի ղեկավարների և գործընկերների կողմից։
5․ Հաշվետվության որակը․ պրակտիկայի ավարտին ներկայացված զեկույցների մանրամասնությունն ու վերլուծական մակարդակը։ Անհրաժեշտ պայման է նաև ընդունող կողմից ուսանողին տրված բնութագիրը։
- Ի՞նչ հիմնական հմտություններ են զարգացնում ուսանողները պրակտիկայի ընթացքում։
- Պրակտիկայի ընթացքում ուսանողները զարգացնում են մի քանի կարևոր հմտություններ։ Առաջին հերթին՝ նրանք ձեռք են բերում և կատարելագործում իրենց ոլորտին համապատասխան գործնական մասնագիտական գիտելիքները։ Բացի դրանից՝ ձեռք բերելով վարչական և կազմակերպական հմտություններ՝ ուսանողները սովորում են արդյունավետ կառավարել ժամանակը և ծանոթանում վարչական փաստաթղթաշրջանառության գործընթացներին։ Երրորդ կարևոր հմտությունը ակադեմիական գիտելիքների գործնական կիրառումն է՝ իրական աշխատանքային իրավիճակներում ուսուցանված տեսական նյութի կիրառումը։

- Ուսանողները պրակտիկայի վայրից երբևէ ստացե՞լ են աշխատանքի առաջարկ։
- Այո՛, իհարկե, լինում են դեպքեր, երբ պրակտիկայից հետո ուսանողներն աշխատանքի են անցնում ընդունող կազմակերպությունում։ Շատ կազմակերպություններ պրակտիկան դիտարկում են որպես աշխատատեղի պոտենցիալ թեկնածուների նախնական ընտրության գործընթաց։ Սա նպաստում է ուսանողների մասնագիտական աճին, ինչպես նաև աշխատաշուկայում առկա մարտահրավերներին առերեսվելուն և ոլորտին ավելի հեշտ ինտեգրվելուն։
- Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է պրակտիկան նպաստում ուսանողների մասնագիտական աճին։
- Պրակտիկան մեծապես նպաստում է ուսանողների մասնագիտական կայացմանը։ ԵՊՀ-ում իրականացվող պրակտիկան ունի մեծ ներուժ՝ նպաստելու ուսանողների աճին հատկապես այն դեպքում, երբ այն կազմակերպվում է լավ կառուցված մեթոդաբանությամբ և ուղեկցվում է շարունակական գնահատմամբ ու աջակցությամբ։ Հավելեմ նաև, որ ԵՊՀ որոշ ստորաբաժանումներում և գիտահետազոտական լաբորատորիաներում նույնպես կազմակերպվում են պրակտիկաներ։ Կարևոր մի հանգամանք ևս․ Իրավաբանական կլինիկայում և Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիայում Իրավագիտության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների ուսանողները հնարավորություն ունեն պրակտիկայի շրջանակում շահառուներին տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն՝ մասնագետների ղեկավարությամբ։
- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում պրակտիկաների կազմակերպման գործընթացում։
- Պրակտիկաների կազմակերպման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ, որոնք ազդում են թե՛ կազմակերպիչների, թե՛ ուսանողների փորձառության վրա։ Հաճախ հանդիպող դժվարություններից են համապատասխան կազմակերպությունների պակասը, ուսանողների ու կազմակերպությունների շահերի անհամապատասխանությունը, պրակտիկայի վայրերում ԵՊՀ վերահսկողության մեխանիզմների ոչ բավարար առկայությունը։ Շատ դեպքերում խնդիր է նաև ուսանողների կամ կազմակերպությունների մոտիվացիայի պակասը, երբ պրակտիկան ընկալվում է որպես պարտադիր, սակայն ոչ արժեքավոր գործընթաց։ Որոշ դեպքերում, պայմանավորված ուսանողների մեծ թվով կամ մասնագիտական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների սահմանափակ քանակով, առաջանում են խնդիրներ, ինչը դժգոհությունների պատճառ կարող է դառնալ։
Ավելացնեմ նաև, որ որոշ կազմակերպություններ խիստ ծանրաբեռնվածության կամ այլ պատճառներով սահմանված ժամկետներում հրաժարվում են ուսանողներին ընդունելուց՝ նախապես ունենալով պայմանավորվածություն։ Եվ կան կազմակերպություններ, որոնք ուսանողների հետ նախապես կազմակերպում են հարցազրույցներ կամ ներկայացնում են իրենց պահանջները, օրինակ, միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի) որոշակի շեմ։
Այս դժվարությունները հաղթահարելու համար կարևոր են արդյունավետ պլանավորումը, գործընկերային ամուր կապերի ստեղծումը և ուսանողակենտրոն մոտեցումների կիրառումը։

- Արդյոք կա՞ն բարելավման ծրագրեր կամ նախաձեռնություններ՝ միտված պրակտիկայի որակի բարձրացմանը։
- Այո՛, ԵՊՀ-ում իրականացվում են բարելավման տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ՝ պրակտիկայի որակը բարձրացնելու նպատակով։ Դրանք ուղղված են ինչպես կազմակերպական գործընթացների կատարելագործմանը, այնպես էլ ուսանողների փորձառության առավել արդյունավետ կազմակերպմանը։ Օրինակ՝ գործընկեր կազմակերպությունների շրջանակի ընդլայնումը։ Համալսարանը փորձում է համագործակցել ավելի լայնածավալ և տարբեր ոլորտների կազմակերպությունների հետ՝ ուսանողներին տրամադրելու համապատասխան և բազմազան պրակտիկայի հնարավորություններ։
Բարելավման ծրագրերի և նոր գործիքների ներդրման նպատակը պրակտիկայի որակի բարձրացումն է, և այն ավելի արդյունավետ, նպատակաուղղված և ուսանողակենտրոն դարձնելը։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն է արդյունավետ պրակտիկա անցկացնելու ամենակարևոր գործոնը։
- Արդյունավետ պրակտիկա անցկացնելու համար ամենակարևոր նախապայմանը համարժեք և փոխշահավետ համագործակցությունն է ուսանողի, համալսարանի և ընդունող կազմակերպության միջև։