- Գլխավոր
- Նորություններ
- Պատմության ուսումնասիրության և դասավանդման մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունների քննարկում ԵՊՀ-ում
Հուլիս 25, 2025 | 09:30
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ
Պատմության ուսումնասիրության և դասավանդման մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունների քննարկում ԵՊՀ-ում
Ինչպե՞ս ուսումնասիրել և դասավանդել պատմությունը: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր Արսեն Բոբոխյանը, ՀԱՀ հումանիտար և հասարակագիտության ֆակուլտետի պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Քալգարիի համալսարանի լեզվի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուշեղ Ասատրյանը, Միչիգանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանը: Հիմք ընդունելով պատմության ուսումնասիրության և դասավանդման իրենց փորձառությունը՝ նրանք ներկայացրին հարցի հնարավոր լուծումների իրենց տեսլականը:

ԵՊՀ շրջանավարտների ֆորումի թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայի շրջանակում տեղի ունեցավ «Ինչպե՞ս ուսումնասիրել և դասավանդել պատմություն. մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունները» խորագրով զրույց:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը՝ սեկցիայի մոդերատորը, ընդգծեց, որ Պատմության ֆակուլտետում տևական ժամանակ է՝ ծավալվում են պատմության ուսումնասիրության և դասավանդման մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներ: Օրվա հրամայականն է ուսանողներին որպես վերջնարդյունք առաջարկել մրցունակ, աշխատաշուկայի պահանջներին և չափորոշիչներին համապատասխան ուսումնական արտադրանք:
Այս խմորումները հետապնդում են հարցին համակարգային լուծում առաջարկելու նպատակ: Ծավալված հետաքրքիր քննարկման ընթացքում բանախոսները հանդես եկան ոչ միայն նկատառումներով ու առաջարկություններով, այլև պատրաստակամություն հայտնեցին ձեռնարկելու կոնկրետ գործնական քայլեր՝ ասվածը կյանքի կոչելու համար:
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Հայաստանի ամերիկյան համալսարան
Բուհական կրթության համաշխարհային լավագույն փորձի ուսումնասիրություն
ՀԱՀ հումանիտար և հասարակագիտության ֆակուլտետի պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Տեր-Մաթևոսյանի կարծիքով ԵՊՀ-ն փաստական գիտելիքի առումով մրցունակ է, բայց այլ հարց է նյութի մատուցման մեթոդաբանությունը:

Որպեսզի ուսանողը ստանա 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթություն, չհայտնվի հետազոտության մեթոդաբանական խնդիրների հորձանուտում, անհրաժեշտ է կատարել ուսումնական նյութերի և դրանց մատուցման ձևի վերանայում: Թեմատիկ առումով նպատակահարմար է լսարանային՝ ուսանողին հանձնարարվող նյութը, փաստական տվյալները ներկայացնել քննական մոտեցմամբ:
Որպեսզի այսօրվա խնդիրները 10-15 տարի հետո էլ չանհանգստացնեն մեզ, պետք է վերանայել լսարանային գործունեությունը, դասավանդման գործընթացը, ուսպլանը: Խոսքը վերաբերում է մասնավորապես կրթության մեջ գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրմանը (այսինքն՝ պասիվ ուսանողին փոխարինի ակտիվ ուսանողը): Բացի դրանից՝ ամեն տարի բազմաթիվ հետազոտական աշխատանքներ են կատարվում, որոնցից, սակայն, քչերն են մտնում լսարան կամ հայտնվում ուսանողի սեղանին: Սա ևս քննարկման թեմա է:
Արդի պահանջները բավարարելու, ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու, թերությունները չեզոքացնելու նպատակով բուհը պետք է կատարի ինքնավերլուծություն:
Բանախոսն առաջարկեց ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, ուսումնասիրել բուհական կրթության դասավանդման համաշխարհային լավագույն փորձը, կիրարկել այն հայաստանյան բուհական համակարգում:
Արսեն Բոբոխյան. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Մեթոդը հավասարազոր է ճշմարտությանը
ԵՊՀ շրջանավարտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր Ա. Բոբոխյանը հարցը վերլուծեց ակտիվ հետազոտողի, վարչարարի և դասավանդողի տեսանկյուններից:
Բանախոսը, անդրադառնալով փաստական գիտելիքին և կարևորելով ուսումնառության գործընթացի կազմակերպական ձևը, լավագույն տարբերակ համարեց կրթության և գիտության ինտեգրումը:
Ինֆորմացիայի կարիքի դարաշրջանն ավարտվում է: Համացանցի դարում, երբ ինֆորմացիան ամենուր է, անհրաժեշտ է գտնել մոտեցումը՝ գիտելիքի կիրառման ճիշտ մեթոդը` ուղին, և այդպիսով առաջ գնալ:
Կրթության և գիտության ինտեգրման տեսակետից կարևոր է ոչ թե ինֆորմացիայի քանակը, այլ եղածի հիման վրա ճանապարհ գտնելը, այսինքն՝ մեթոդաբանությունը:
Նպատակին հասնելու ճանապարհին հարցի կարևոր կողմերից է դասագիրքը՝ որպես միջոց: Ըստ բանախոսի՝ դասագրքերը խանգարում են մարդու մտքի զարգացմանը, քանի որ հստակ չափորոշիչներ, հայեցակարգեր ու սկզբունքներ են սահմանում, որոնցից դուրս չեն գալիս ուսանողները:

Որպեսզի չկաղապարվի ստեղծագործ միտքը, պետք է ձևավորել դպրոցներ, ինչպես արևմտյան կրթական համակարգում է: Այդ դպրոցների (և ոչ թե դասագրքերի) շուրջ էլ պիտի պտտվի կրթությունը: Եթե կան դպրոցներ, կան (թե՛ ուսուցանող, թե՛ ուսանող) մտածողներ, դպրոց ստեղծող փիլիսոփա դասախոսներ, ապա այդ դպրոցների միջև ստեղծված առողջ մրցակցությունը կապահովի անհրաժեշտ զարգացում: Այդպիսով՝ ամեն տարի լսարանում կմատուցվի և կուսումնասիրվի հերթական հետազոտական նորությունը:
Գիտահետազոտական բաղադրիչի ներառման հնարավորություն այսօր տալիս է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, սակայն ցանկալի է այդ հնարավորության սահմաններն ընդլայնել:
Արա Սանջյան. Միչիգանի համալսարան
Հիբրիդային ծրագրեր
Միչիգանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա. Սանջյանը, որը քննարկմանը միացել էր առցանց, ուսուցման գործընթացում կարևորեց նյութի քննական մատուցումը, կամ, ինչպես բանախոսը նշեց, ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունելը:
Ըստ բանախոսի՝ հումանիտար մասնագիտություններն անկման մեջ են: Հայաստանում, օրինակ, հնարավոր է քննական միտք զարգացնել, որովհետև կան և՛ հայոց պատմության, և՛ համաշխարհային պատմության մշակված ծրագրեր: Մինչդեռ Ամերիկայում ընդհանուր պատմության ծրագիր չկա, լսարանում ուսանողը կարող է անգամ Նապոլեոնի անունը լսած չլինել: Կան «մասնավոր» պատմություններ՝ աֆրիկյան, աֆրիկա-ամերիկյան ուսումնասիրություններ, արևելագիտական ուղղության ուսումնասիրություններ, կանանց և գենդերային հավասարության նվիրված ուսումնասիրություններ և այլն:
Անդրադառնալով Հայաստանում պատմության դասավանդման բովանդակային առանձնահատկություններին՝ Ա. Սանջյանը նշեց, որ պատմությունը սոսկ փաստերի կուտակում չէ կամ պատրաստի եզրակացությունների ամբողջություն: Մինչդեռ այն այդպես էր ընկալվում խորհրդային շրջանում և այսօր էլ շարունակվում է այդպես ընկալվել հետխորհրդային Հայաստանում: Ըստ բանախոսի՝ պետք է ստեղծել միջգիտակարգային կապեր, պատմությունը ավելի կապել, օրինակ, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, սոցիալական մարդաբանության կամ հասարակական այլ գիտությունների հետ: Բացի դրանից՝ կարելի է զարգացնել համեմատական պատմագիտությունը՝ հայոց պատմությունը զուգահեռելով այլ պատմությունների հետ ևս:

Բանախոսը նկատեց մեկ այլ կարևոր հանգամանք ևս՝ կապված պատմության բովանդակային փոփոխությունների հետ: Հետխորհրդային Հայաստանում հասարակական-տնտեսական պատմությունը դուրս է մղվում՝ իր տեղը զիջելով քաղաքական պատմությանը: Մի հանգամանք, որը սահմանափակում է պատմագիտական միտքը:
Անդրադառնալով դասագրքերին (ոչ միայն բուհական, այլև դպրոցական)՝ բանախոսը նշեց, որ դրանք կարելի է կազմել ոչ որպես առաջարկվող տեսակետների և եզրակացությունների շտեմարան, այլև իբրև կարևոր հարցադրումների միջոց:
Ա. Սաջյանն ընդգծեց մագիստրոսական կրթական ծրագրերի կարևորությունը, դրանցում հետազոտական բաղադրիչին մեծ տեղ հատկացնելու անհրաժեշտությունը: Ի վերջո՝ ուսանողների նախնական պատրաստվածության որակից է կախված հաջողությունը: Ամուր հիմք ունեցող ուսանողի հետ առավել հեշտ է հետազոտական աշխատանք կատարելը:
«Ցանկություններն ի կատար ածելու համար պահանջվում է տարիների նվիրում և աշխատանք»,- եզրափակեց իր ելույթը Ա. Սաջյանը:
Մուշեղ Ասատրյան. Քալգարիի համալսարան
Պատմություն ներքևից (History from Below)
Կարևոր է ոչ միայն ի՞նչ-ը, այլև ինչպե՞ս-ը:
Մ. Ասատրյանը, որը քննարկմանը մասնակցում էր առցանց, պատմության դասավանդման մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունների մասին նշեց հետևյալը:
Պատմության ուսումնասիրությունը ներառում է ոչ միայն փաստերի կուտակում (հիշում, վերարտադրում), այլև դրանց համադրում և վերլուծություն: Հայաստանում այս առումով ընդունված է եղել պատմության փաստական նյութի նկարագրական մատուցումը, որը կենտրոնացած է ազգ, պետություն հայեցակարգերի շուրջ: Համաշխարհային պատմագրության մեջ վերջին հարյուրամյակում ընդունված է ոչ միայն ազգ, պետություն հայեցակարգային մոտեցումը, այլև թեմատիկ պատմագրությունը՝ այսպես կոչված «պատմություն ներքևից»: Հատելով ազգ, պետություն հայեցակարգի սահմանները՝ կատարվում է, օրինակ, հասարակարգային պատմության հետազոտություն՝ աշխատավորների, ստրուկների, աղքատների, իմպերիալիզմի, կրոնական փոքրամասնությունների, ուտելիքի, պատերազմի պատմությունների ուսումնասիրություն:

Արևմտյան պատմագրության ուղղություններում տարածում ունի մեթոդաբանական մեկ այլ մոտեցում ևս: Միահյուսվում են պատմությունը և հասարակական այլ գիտություններ (օրինակ՝ սոցիոլոգիա, անթրոպոլոգիա (մշակութային մարդաբանություն):
Պատմության դասավանդման մեջ ուսանողը ոչ միայն ուսումնառողի դերում է, այլև գիտական աշխատանք կատարողի՝ հետազոտող ուսանողի:
ԵՊՀ շրջանավարտների ֆորումի թեմատիկ պանելային քննարկումներից «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայի շրջանակում առանձնացվեցին հատկապես հետևյալ՝ պատմության ուսումնասիրության և դասավանդման մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունները.
Պատմության դասավանդման համաշխարհային լավագույն փորձի ուսումնասիրություն, տեղայնացում և կիրարկում,
Կրթության և գիտության ինտեգրում (հետազոտական բաղադրիչի ներառում),
Գիտական վերջին հետազոտությունների ներառում դասավանդման բուն գործընթացի մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութ