- Գլխավոր
- Նորություններ
- Ինչպես ձևավորել նոր իրականությանը հարմարվող քաղաքներ. «Քաղաքային դիմացկունություն և կառուցված ժառանգություն» սեմինարը համախմբել էր հետազոտողներին
Նոյեմբեր 03, 2025 | 14:43
Կոնֆերանսներ
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Ինչպես ձևավորել նոր իրականությանը հարմարվող քաղաքներ. «Քաղաքային դիմացկունություն և կառուցված ժառանգություն» սեմինարը համախմբել էր հետազոտողներին
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Քաղաքային դիմացկունություն և կառուցված ժառանգություն» խորագրով միջազգային սեմինար-քննարկում՝ նվիրված քաղաքային կայունության ըմբռնմանը հետխորհրդային և համաշխարհային քաղաքային փոխակերպումների համատեքստում։
Միջազգային սեմինարը միավորեց տարբեր բուհերի հետազոտողներին և մասնագետներին՝ քննարկելու կայունության վերլուծության տեսական շրջանակները, խորհրդային ճարտարապետական ժառանգության նոր մեկնաբանությունները, համայնքային հարմարվողականության ռազմավարությունները և առօրյա փորձառությունը, որոնց միջոցով մարդիկ պահպանում և վերստեղծում են քաղաքային միջավայրերը։
ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, ս.գ.թ., դոցենտ Հարություն Վերմիշյանը նշեց, որ սեմինարն ազդարարում է Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման նորաստեղծ լաբորատորիայի գործունեության երկրորդ տարվա մեկնարկը: Զեկուցողը նշեց, որ նախորդ՝ Երևանի գլխավոր հատակագծի հարյուրամյակին նվիրված միջոցառման ընթացքում ծավալվել է միջգիտակարգային քննարկում, և բարձրաձայնվող խնդիրները ներկայացվել են ինչպես քաղաքաշինական, այնպես էլ քաղաքական ու գաղափարախոսական տեսանկյուններից:
«Այսօրվա թեման նվիրված է քաղաքային դիմացկունությանը հետխորհրդային համատեքստում»,- ընդգծեց Հ. Վերմիշյանը:
Վիեննայի համալսարանի (Ավստրիա) դասախոս Քերստին Քրելենբերգը, որը զբաղվում է քաղաքային հետազոտություններով, ներկայացրեց «Հայեցակարգային մտքեր քաղաքային դիմացկունության վերլուծության մասին՝ քաղաքային կայունության տրանսֆորմացիաների համատեքստում» խորագրով զեկուցումը:
«Քաղաքային միջավայրը դիտարկելով որպես սոցիալական հանդիպումների տարածք՝ մենք փորձում ենք բնակիչներին, մասնավոր հատվածին, քաղաքական գործիչներին, քաղհասարակությանը ներգրավել մեր հետազոտական գործունեության մեջ՝ մշակելու քաղաքային առավել կայուն զարգացման մոտեցումներ: Շատ կարևոր է համագործակցել քաղաքաբնակների հետ, քանի որ նրանք գիտեն՝ որոնք են իրենց քաղաքի մարտահրավերները, և, բնականաբար, ունեն ներուժ՝ մասնակցելու քաղաքային խնդիրների լուծմանը»,- նշեց Ք. Քրելենբերգը:
Արդյունաբերականացման ուսումնասիրությունների շրջանակում նա այցելել է Սիսիան, Ստեփանավան, Չարենցավան։
«Ստեփանավանում փորձում են էներգաարդյունավետությունը «Ե» աստիճանից բարձրացնել «Ց» աստիճանի: Մի հանգամանք, որը շատ հաճախ տեսանելի է եվրոպական քաղաքներում, իսկ Հայաստանում առաջին անգամ էի հանդիպում»,- մատնանշեց նա։
Ք. Քրելենբերգն անդրադարձավ նաև քաղաքային միջավայրի հարմարեցմանը, ձևափոխությանն ու կայուն դիմադրողականությանը։
«Եթե մենք ձևափոխում ենք կառույցները, տները, ապա դրանք պետք է լինեն դիմացկուն: Որևէ փոփոխություն չպետք է փլուզի այն համակարգը, որը կառուցում ենք ձևափոխման շնորհիվ»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքային ձևափոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել մարդկանց ընկալումն ու տեսակետները:
Աախենի համալսարանի (Գերմանիա) հետազոտողներ Էլենա Բատունովան և Ալբինա Դավլետշինան ներկայացրին «Քաղաքային դիմացկունության շերտեր. Գյումրիում խորհրդային կառուցապատման ժառանգության վերամեկնաբանումը» վերտառությամբ զեկուցումը: Նրանց ուսումնասիրության տիրույթում հետխորհրդային բնակավայրերն են, Հայաստանում՝ Գյումրին։
«Մենք աշխատում ենք Գյումրու կառավարման, կայունության և դիմացկունության հնարավորությունների ուղղությամբ: Մարդիկ ասում են՝ Գյումրիում երկրաշարժից հետո ամեն ինչ վերացել է, և չի մնացել խորհրդային ժառանգություն, և խոսում են նախախորհրդային պատմական ժառանգության մասին: Մենք, սակայն, ժառանգությունը դիտարկում ենք ավելի լայն իմաստով, քան այն, ինչ պահպանվել է: Խորհրդային ժամանակաշրջանում քաղաքը, բնականաբար, ակտիվ կառուցվեց, հետո՝ մինչև Խորհրդային միության փլուզումը, երկրաշարժ տեղի ունեցավ, և Խորհրդային միությունը սկսեց վերակառուցել Գյումրին: Այսօր շատ ժառանգություններ պահպանվել ու վերափոխվել են»,- ընդգծեցին օտարերկրյա հետազոտողները:
Զեկուցումներով հանդես եկան նաև Օքսֆորդի համալսարանի հետազոտող Մարիա Գունկոն, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասիստենտ Արամ Վարտիկյանը, սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Սարհատ Պետրոսյանը և այլ հետազոտողներ:
Քննարկվեցին սոցիալական հիշողությունից և գենդերային վերանորոգման աշխատանքներից մինչև քաղաքային պլանավորման մոտեցումների փոփոխություններին առնչվող թեմաներ: Սեմինարի ընթացքում ներկայացվեց, թե ինչպես է ստեղծվում կայունությունը ֆիզիկական տարածքների, մշակութային ժառանգության և համատեղ խնամքի փոխազդեցության միջոցով՝ ձևավորելով կայուն և նոր իրականությանը հարմարվող քաղաքներ։






