ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնները համատեղ ս.թ. հոկտեմբերի 3-5-ը կազմակերպել են երիտասարդական միջազգային 6-րդ աշնանային դպրոցը՝ «Շրջակա միջավայրի գիտություններ. միավորելով «առողջ հող» կոնցեպտը միջավայրի օրենսդրության հետ. եվրոպական լավագույն փորձի փոխանակում» թեմայով։
Էկոկենետրոնը ստանձնել էր հողերի գիտական ուսումնասիրությունների տեսական և գործնական պարապմունքների կազմակերպումն ու անցկացումը, իսկ դպրոցի օրենսդրական հատվածն ապահովել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը «Եվրոպական ուսումնասիրությունների «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն ծրագրի» (DeHuRiS101177115) շրջանակում:
Աշնանային դպրոցը միավորել էր գիտական հաստատությունների և պետական կառույցների երիտասարդ մասնագետներին։ Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության և մասնավորապես հողի առողջության, իրավական և գիտական նշանակության մասին իրազեկվածության մակարդակը՝ միաժամանակ ստեղծելով գիտելիքների փոխանակման հարթակ երիտասարդ հետազոտողների համար։
Աշնանային դպրոցների այս շարքը կազմակերպվում է 2020 թվականից և նվիրված է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հիշատակին։ Այս տարիների ընթացքում աշնանային դպրոցին մասնակցել են ավելի քան 150 երիտասարդ մասնագետներ Հայաստանի և արտերկրի տարբեր կրթական հաստատություններից։
Ոլորտի առաջատար մասնագետներն իրենց դասախոսություններում անդրադարձել են ինչպես հողի առողջության պահպանման գիտական հիմնախնդիրներին, այնպես էլ բնապահպանական իրավունքի արդի խնդիրներին։
Տեսական դասախոսություններից զատ՝ աշնանային դպրոցում անցկացվել են գիտագործնական աշխատանքներ, քննարկումներ և խմբային նախագծեր, որոնց ընթացքում մասնակիցները մշակել են հողի պահպանությանն ուղղված սեփական գաղափարներ և նախաձեռնություններ։
Աշնանային դպրոցի ավարտին մասնակիցները ստացել են էկոկենտրոնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հավաստագրեր, իսկ լավագույնների հետ համագործակցությունը կշարունակվի գիտական նախագծերի շրջանակում։
Սույն նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գիտության, կրթության և քաղաքականության սերտ համագործակցությունը կարող է լինել արդյունավետ հարթակ՝ բնապահպանական խնդիրների համատեղ լուծման և «առողջ հողի» գաղափարի լայն կիրառման ուղղությամբ։