ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայ–լեհական համատեղ աշխատաժողով-գիտաժողով՝ նվիրված կայուն կառավարման, թվային տնտեսության և շրջակա միջավայրի արդի մարտահրավերներին։
Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից՝ համագործակցությամբ Լեհաստանի կազմակերպման և կառավարման գիտական ընկերության (TNOiK) և Լեհաստան–Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի:
«Ժամանակակից բիզնեսի մարտահրավերներ. լեհ-հայկական փորձի փոխանակում» թեմայով մեկօրյա համատեղ աշխատաժողով-գիտաժողովի նպատակն էր խթանել ակադեմիական երկխոսությունը, գիտահետազոտական համագործակցությունը և փորձի փոխանակումը Հայաստանի և Լեհաստանի ակադեմիական համայնքների միջև։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Լյուբլինի TNOiK մասնաճյուղի նախագահ, պրոֆեսոր Էվա Բոյարին՝ արդյունավետ համագործակցության և Հայաստանի մայր բուհում հյուրընկալվելու հրավերն ընդունելու համար։ Դեկան Կ. Խաչատրյանը ընդգծեց նման ձևաչափի հանդիպումների կարևորությունը հայ-լեհական գիտական կապերի ամրապնդման և համատեղ հետազոտական միջավայրի զարգացման տեսանկյուններից:
Լյուբլինի TNOiK մասնաճյուղի նախագահ, պրոֆեսոր Էվա Բոյարին, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հայ և լեհ գիտնականների միջև համագործակցության կարևորությունը հատկապես ժամանակակից սոցիալ-տնտեսական մարտահրավերների համատեղ ուսումնասիրման և լուծումների մշակման առումով։
Ներկայացված զեկուցումներն ընդգրկում էին կայուն կառավարման և մարդկային ռեսուրսների զարգացման, թվային փոխակերպման և միջոլորտային համագործակցության, կազմակերպական արդյունավետության բարձրացման, ինչպես նաև շրջակա միջավայրի արդի խնդիրների՝ մասնավորապես թափոնների կառավարման և սննդային ու էլեկտրոնային թափոնների կրճատման հիմնահարցերը։
Բանախոսների թվում էին պրոֆեսոր Բարբարա Մազուրը (Արդարադատության ակադեմիա), պրոֆեսոր Ագաթա Մեսյաշ-Լեխը (Չենստոխովայի տեխնոլոգիական համալսարան), դոկտոր Բարբարա Կոզլովսկան (Լոձի տեխնոլոգիական համալսարան), ինչպես նաև դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանը և ասպիրանտ Սարգիս Գևորգյանը։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում զեկուցումների թեմաներին առնչվող բազմաթիվ հարցերը նպաստեցին բովանդակալից և կառուցողական քննարկումների ծավալմանը։
Միջոցառումը կարևոր հարթակ էր գիտական համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և նոր հետազոտական ուղղությունների ձևավորման, հայ–լեհական ակադեմիական կապերի ամրապնդման համար։









