- Գլխավոր
- Նորություններ
- Գերմաներենի օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում
Հունիս 05, 2025 | 13:51
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Գերմաներենի օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ «Գերմաներենի օրը Հայաստանում» խորագրով միջոցառումը։ Նախասրահում կազմակերպվել էր գերմանական հրատարակչությունների գրքերի ցուցադրություն, իսկ դահլիճում՝ աշակերտների՝ վարժ գերմաներենով ներկայացում:

ԵՊՀ-ի և Գյոթեի անվան ինստիտուտի, Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի (ZfA), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 120 ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ ՀՀ տարբեր մարզերից՝ մասնավորապես Շիրակից, Կոտայքից, Արարատից, Գեղարքունիքից, Տավուշից, Արագածոտնից (Գյումրի, Արթիկ, Սարդարապատ, Ճամբարակ, Արմավիր, Դիլիջան):

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի փոխդեկան, գրասենյակի ղեկավար Մ. Յաղուբյանը, Գյոթե ինստիտուտի՝ Հայաստանում գերմաներենի ուսուցման փորձագետ Ի. Թաուշվիցը, Գերմանական բանասիրության ամբիոնի դասախոս Լ. Սարգսյանը և «Մասնակցային դպրոց» հիմնադրամի համահիմնադիր Վ. Սողոմոնյանը:
Մ. Յաղուբյանը կարևորեց Գերմանիայի և գերմաներենի դերը Հայաստանում: Նա նշեց. «Գերմաներենը ավելին է, քան հաղորդակցման միջոց: Այն գիտության, տեխնոլոգիայի, փիլիսոփայության և արվեստի լեզու է: Հայաստանում գերմաներենը ավելի ու ավելի մեծ դեր է ստանձնում կրթության ոլորտում՝ մեր երիտասարդների առջև բացելով բազմաթիվ դռներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում»:
Գյոթեի անվան ինստիտուտի՝ Հայաստանում գերմաներենի ուսուցման փորձագետ Ի. Թաուշվիցը շեշտեց, որ մասնակիցների քանակը փաստում է այն, որ գերմաներեն սովորողները շատ մոտիվացված են, նրանց հետարքրքությունը մեծ է, ինչը գիտելիքների, փորձի, փոխանակման և համացանց ստեղծելու հնարավորություն է տալիս:

«Ես խորապես տպավորված եմ այն էներգիայով, որով Հայաստանում սովորեցնում և սովորում են գերմաներեն: Մեզ ոգևորում է մասնակիցների ակտիվությունը, նոր մեթոդների կիրառումը և հիացմունքը գերմանական մշակույթով»,- ընդգծեց նա:
«Մասնակցային դպրոց» հիմնադրամի համահիմնադիր Վ․ Սողոմոնյանը կարևորեց նման միջոցառումները, քանի որ դրանք միավորում են գերմաներենի մասնագետներին ու սովորողներին և փորձի փոխանակման հնարավորություն են տալիս հատկապես մարզերի դպրոցներին: Նա կարևորեց «Մասնակցային դպրոցի» դերը ուսուցիչների կրթման, օժանդակության և խնդիրները լուծելու հարցերում: Դա նպաստում է ժողովրդավարական և քաղաքական մշակույթի զարգացմանը, ինչպես նաև օգնում է աշակերտակենտրոն ուսուցմանը, կարողունակությունների ձևավորմանն ուղղված դասավանդմանը։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գ․ Սավոյանը մեզ հետ զրույցում, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, նշեց, որ հիմնական նպատակն է համախմբել գերմաներեն դասավանդող ուսուցիչներին, դասախոսներին և գերմաներեն սովորող աշակերտներին ու ուսանողներին: Այդպիսով Երևանի պետական համալսարանը կրության որակի բարձրացմանը նպաստելու մղումով իր պատրաստակամությունն է դրսևորում ուսուցիչների խնդիրներին անդրադառնալու և նրանց օժանդակելու հարցում. «Մեր նպատակներից մեկն է նաև գերմաներենի տարածումը Հայաստանում, և մեր ցանկությունն է անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու գերմաներենի դասավանդման բարձր արդյունավետությունն ու ուսուցման նորարարական մեթոդների կիրառումը»,- ասաց Գ. Սավոյանը։
Միջոցառման մասնակիցների թվում էին նաև Գերմանիայի մի շարք հայտնի հրատարակչություններ («Ernst Klett Sprachen», «Cornelsen», «Hueber»), ինչպես նաև «Անդրանիկ» և «Մասնակցային դպրոց» հիմնադրամի հրատարակչությունները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձին տաղավարը։ Նրանք ցուցադրել էին գերմաներենի ուսուցման հաջողված դասագրքերը: «Էրնսթ Քլեթ» հրատարակչության փորձագետ Ջենիֆեր Սվանդան հատուկ վերապատրաստում անցկացրեց նաև ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի դասախոսների համար՝ ծանոթացնելով B2/C1 մակարդակի դասագրքերով դասավանդելու արդի մեթոդներին՝ արհեստական բանականության կիրառմամբ:

Հարկ է նշել, որ Գերմանական բանասիրության ամբիոնը սերտորեն համագործակցում է «Էրնսթ Քլեթ» հրատարակչության և «Մասնակցային դպրոց» հիմնադրամի հետ: Փոխգործակցության շնորհիվ հրատարակչության դասագրքերը հարմարեցվել են հանրակրթական դպրոցների 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների համար։
«Մենք փորձում ենք խրախուսել գերմաներեն դասավանդող ուսուցիչներին, քանի որ նրանք պետք է տեսնեն՝ Գերմանիան ևս հետաքրքրված է իրենց գործունեությամբ։ Մենք տրամադրում ենք դասավանդման գործիքներ անմիջապես ուսուցման գործընթացում կիրառելու համար։ Այսօրվա բոլոր աշխատարանները ծառայում են այդ նպատակին»,- ասաց ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի դասախոս Մ․ Նավասարդյանը։
Միջոցառման մասնակիցները վերապատրաստվեցին ժամանակակից մեթոդներով՝ նախատեսված ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ուսուցիչների համար։

Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի հայաստանյան համակարգող Բ․ Շփեթի կարծիքով «Գերմաներենի օրը Հայաստանում» միջոցառումը ուսուցիչների և դասախոսների համար լավ հնարավորություն էր՝ նորարարական մեթոդներին ծանոթանալու, միմյանց ճանաչելու, նոր կապեր հաստատելու, ինչպես նաև մոտիվացվելու համար:
«Սա, նախևառաջ, լավ առիթ է բարձրաձայնելու, որ մենք կանք, մենք ներկայություն ունենք Հայաստանում, և Գերմանիան՝ որպես երկիր, շատ բան ունի Հայաստանին առաջարկելու։ Պաշտոնապես մենք գրեթե նույնքան գերմաներեն սովորողներ ունենք Հայաստանում, որքան ֆրանսերեն: Սա նշանակում է, որ պետք չէ թաքնվել: Ընդհակառակը՝ պետք է տեսանելի լինել»,- շեշտեց նա։