- Գլխավոր
- Նորություններ
- Նոր նախագիծ՝ ի նպաստ որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության բարձրացմանը
Հուլիս 21, 2025 | 10:20
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Նոր նախագիծ՝ ի նպաստ որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության բարձրացմանը
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Սոնա Բալասանյանի համաղեկավարությամբ իրականացվող «Սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիա» նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթում։ Այն նպատակ ունի ստեղծելու մեթոդաբանական և վերլուծական հիմք՝ ուղղված սոցիալական քաղաքականությունների, հանրային մասնակցության և ինստիտուցիոնալ վստահության մանրակրկիտ ուսումնասիրությանը հիբրիդային մոտեցումների կիրառմամբ:

Խոսելով նախագծի առանձնահատկությունների մասին՝ Սոնա Բալասանյանն ընդգծում է․ «Մասնակցությունը «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթին մեզ համար դարձավ հետաքրքիր, թիմային և հագեցած մտավոր փորձառություն։ Մենք վերաիմաստավորեցինք լաբորատորիայի գաղափարը ոչ միայն որպես ֆիզիկական տարածք, այլև որպես հետազոտական, կրթական և համագործակցային հարթակ, որը կարող է աշխատել հիբրիդային ձևաչափով։ Ամբողջ գործընթացը՝ գաղափարի մշակման փուլից մինչև հայտի վերջնական ձևակերպում, նպաստեց նորարարական լուծումների ձևավորմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը»։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն արդեն ունի հաջողված փորձ լաբորատորիաների հիմնադրման գործում, և այս նախագիծը կառուցվել է այդ փորձի հիման վրա՝ միաժամանակ նորովի դիտարկելով սոցիալական գիտությունների գործառույթներն ու զարգացման ուղիները։
Նախագծի գաղափարն առաջացել է այն գիտակցումից, որ Հայաստանում սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունները հաճախ հարկ եղածին պես չեն վերլուծվում հատկապես հասարակության, անհատների և պետական կառույցների փոխազդեցության տեսանկյունից։ Լաբորատորիայի նպատակը մեթոդաբանական և վերլուծական հենքերի ստեղծումն է՝ անհատ-ինստիտուտ հարաբերությունների, սոցիալական փոփոխությունների պատճառների և հետևանքների ըմբռնման համար։

«Մենք համոզված ենք, որ սոցիալական հետազոտությունների առաքելությունը գործնական փոփոխությունների հիմք ստեղծելն է։ Մեր աշխատանքը միտված կլինի ոչ միայն գիտական արդյունքների ստացմանը, այլև կիրառական քաղաքականությունների մշակմանն աջակցելուն»,- նշում է ԵՊՀ հետազոտողը։
Լաբորատորիան կփորձի լուծել մի քանի փոխկապակցված խնդիրներ։ Նախ՝ վերլուծել անհատների և կառույցների միջև վստահության ճգնաժամի պատճառները, ապա՝ այդ ճգնաժամը դիտարկել կոնկրետ ոլորտների սոցիալական քաղաքականությունների՝ կրթության, առողջապահության, զբաղվածության համատեքստում։ Լաբորատորիան նպատակ ունի առաջարկելու ինստիտուցիոնալ զարգացման այնպիսի մոտեցումներ, որոնք կնպաստեն հանրային մասնակցության բարձրացմանը որոշումների կայացման գործընթացներում։
«Հասարակագիտությունը կառուցված է այն համոզման վրա, որ անհատը, հասարակությունն ու ինստիտուտները մշտական փոխազդեցության մեջ են։ Լաբորատորիայի առաքելությունն է ուսումնասիրել այդ բարդ ու նուրբ փոխառնչությունները։ Մենք հաճախ լսում ենք «ժողովրդավարություն», «հանրային քննարկում», «անհատակենտրոնություն» եզրույթները, սակայն ի՞նչ են այդ եզրերը նշանակում հենց Հայաստանի և հայ քաղաքացու համար։ Այս հարցերին պատասխանելու փորձ է լինելու մեր գիտահետազոտական աշխատանքը»,- ասում է մեր զրուցակիցը։
Հետազոտությունը կկատարվի խառը մեթոդաբանությամբ՝ միաժամանակ օգտագործելով որակական և քանակական մեթոդներ։ Կիրառվելու են դեպքերի վերլուծություններ, համեմատական հետազոտություններ՝ տարածաշրջանի և եվրոպական երկրների փորձի ներգրավմամբ։ Տվյալների հավաքագրումը կկատարվի հարցազրույցների, փաստաթղթային և պաշտոնական վիճակագրության վերլուծության միջոցով։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է մշակել համահեղինակային, բովանդակային հարուստ ուսումնասիրություններ։
Լաբորատորիայի ուշադրության կենտրոնում կլինեն կրթության, աշխատաշուկայի, առողջապահական համակարգերի բարեփոխումները, ինչպես նաև քաղաքացիական մասնակցության մեխանիզմների զարգացումը։ Նախագծի շրջանակում անդրադարձ կկատարվի նաև հասարակագիտության պատմությանը Հայաստանում՝ բացահայտելու այդ գիտաճյուղի դերը հասարակական փոփոխությունների խթանման գործընթացներում։
Ինստիտուցիոնալ զարգացման խնդրի քննարկումը հնարավոր չէ պատկերացնել առանց համագործակցության։ Նախագծի առանցքում է գործընկերային աշխատանքը ինչպես ԵՊՀ ներսում գործող լաբորատորիաների, այնպես էլ այլ ֆակուլտետների, հետազոտողների և միջազգային գործընկերների հետ։ Հեռավար լաբորատորիան կղեկավարի Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի սոցիալական քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Արմինե Իշխանյանը, որը ղեկավարում է միջազգային մի շարք համեմատական հետազոտություններ՝ կենտրոնանալով քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանության և քաղաքականության ձևավորման վրա։

«Արմինե Իշխանյանի քննադատական և կոնֆլիկտաբանական մոտեցումները մեր համալսարանական փորձի հետ համադրված՝ կստեղծեն միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական միջավայր։ Սա հնարավորություն կտա մեզ զարգացնելու ոչ միայն հայաստանյան, այլև համադրական սոցիոլոգիական վերլուծություններ»,- նշում է հետազոտողը։
Ակնկալվում է, որ լաբորատորիան գործիք կդառնա հանրային քաղաքականությունների ձևավորման, գնահատման և իրագործման գործընթացներում։ Հիմնվելով տեղային և համադրական վերլուծությունների վրա՝ նախագծի արդյունքները կարող են ծառայել որպես հիմնավոր և կիրառելի կողմնորոշիչներ քաղաքականություն մշակողների համար։
Ծրագիրը նաև մեծ հնարավորություն է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի համար՝ ստեղծելու նորարարական հետազոտական միջավայր, ամրապնդելու միջազգային կապերը, բարձրացնելու ֆակուլտետի տեսանելիությունն ու նպաստելու հանրային և գիտական ոլորտների փոխշփմանը։
Ուշադրության կենտրոնում են նաև ուսանողները։ Լաբորատորիայի կազմում ընդգրկված երկու աշխատակիցներ իրենց թեկնածուական աշխատանքները կգրեն ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Գիտահետազոտական արդյունքները կներառվեն նաև «Հանրային քաղաքականության հետազոտություններ» մագիստրոսական ծրագրում։ Ուսանողները կընդգրկվեն որպես հետազոտական օգնականներ՝ մասնակցելով տվյալների հավաքագրման, վերլուծության, գիտաժողովների կազմակերպման գործընթացներին։ Նախատեսվում են նաև վերապատրաստման ծրագրեր և ուսանողական փոքր հետազոտական նախագծեր, որոնք կիրականացվեն հենց լաբորատորիայի շրջանակում։
Սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիան կլինի ոչ միայն գիտական կենտրոն, այլև հանրային նշանակության հետազոտական հարթակ՝ միտված Հայաստանում ինստիտուցիոնալ զարգացման խթանմանն ու սոցիալական վերափոխումների հիմնավորված նախագծմանը։