- Գլխավոր
- Նորություններ
- Լեզու և մտածողություն․ արձագանքելով խնդիրներին՝ ԵՊՀ-ում քննարկվել են հայերենի զարգացման ուղիները
Հուլիս 18, 2025 | 14:38
Գործընկերներ
Գրադարան
Հասարակություն
Լեզու և մտածողություն․ արձագանքելով խնդիրներին՝ ԵՊՀ-ում քննարկվել են հայերենի զարգացման ուղիները
Ինչպե՞ս մտածել հայերեն, որո՞նք են լեզվի զարգացման արդի հիմնախնդիրները։ Այս և ոլորտին վերաբերող այլ հրատապ խնդիրներին էր նվիրված ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ընթացքում «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայում անցկացված պանելային քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ԵՊՀ դասախոս Հասմիկ Ջիվանյանը և ՀԱՀ դասախոս Անի Շահնազարյանը։

Պանելային քննարկման մոդերատորը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանն էր, որը քննարկման առանցք դարձրեց ոլորտի արդիական այնպիսի հարցեր ու թեմաներ, ինչպիսիք են ժամանակակից գրական և խոսակցական հայերենը, հայերենի և թվային տեխնոլոգիաների առնչությունները, ժամանակակից հայ գրականության լեզուն, լեզվի կոմիտեի գործառույթների առաջնահերթությունները, հայերենի զարգացման ոլորտում հրատապ անելիքները և հարակից այլ խնդիրներ։
Գրական հայերեն և խոսակցական լեզու
Քննարկման բանախոսներից Հասմիկ Ջիվանյանը, անդրադառնալով լեզվի և մտածողության կապին, նշեց խոսակցական և գրական հայերենի միջև խզման մասին՝ կարևորելով լեզվի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալը և այն չկաղապարելը միայն գրական, ոսկեղենիկ հայերենով։

«Հայերենի հետ կապված ամենամեծ խնդիրը, որը նկատել եմ հայ հասարակությունում, այն է, որ հայերենը թույլ է զարգացրել այն միջանկյալ շերտը, որը գտնվում է գրական, ոսկեղենիկ, նորմատիվ օրենքներով ու կանոններով կաշկանդված, ծանրաբեռնված ռեգիստրի և խոսակցական, անկաշկանդ, բնական, սպոնտան ռեգիստրի մեջտեղում։ Այս խնդիրը շատերս ենք զգում, և այն մարդու առօրյա գործունեության մեջ մեծ դեր է կատարում, որովհետև թույլ չի տալիս մեր ինքնարտահայտումը, հաղորդակցական կարիքները բավարարել ազատ և անկաշկանդ լեզվով»,- նշում է Հ․ Ջիվանյանը։ Ըստ բանախոսի՝ պատճառն այն է, որ լեզու ասելով հասկանում ենք հենց գրական, ոսկեղենիկ հայերենը, որը մշակված կանոնների ամբողջություն է՝ ի տարբերություն կենդանի, բնական լեզվի, որը ավելի ճկունություն և դինամիկություն է ենթադրում՝ նպաստելով մտածողությանն ու դրա արտահայտմանը։
Լեզվի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձևավորել, կարևորել օտար լեզուների իմացությունը, չսահմանափակվել ազգային լեզվով, թույլ տալ բացվել դեպի համամարդկային մտքի շրջանառություն, հնարավորություն տալ, որ լեզուն շնչի, սնվի այլ լեզուներից, ինչպես նաև տարբեր ռեգիստրներից, լեզվի զարգացման համար տաբուներ չստեղծել՝ արձանագրած խնդիրների համար որպես լուծման ուղիներ մատնանշում է լեզվաբանը և ընդհանրացնում․ «Լեզվի հետ գործ ունենալիս մեր առաջնային նպատակը լեզուն չէ, այլ միտքը։ Այսինքն՝ լեզուն լեզվի մասին չէ, այլ մտքի։ Լեզուն կոչված է ծառայելու մտքին»։
Հայերենը և թվային տեխնոլոգիաները
Ինչպիսի՞ն է թվային տեխնոլոգիաների դերը լեզվի զարգացման ժամանակակից փուլում։ Հարցի շուրջ պատասխանները բազմաշերտ են, բայց քննարկման բանախոսներից Անի Շահնազարյանի պատասխանը հստակ է․ մի նոր գիտակարգ է զարգանում ժամանակակից աշխարհում՝ թվային հումանիտար գիտություն։

«Այս գիտակարգը միավորում է թվային գիտությունը, գործիքները և հումանիտար միտքը։ Այսինքն՝ թվային տեխնոլոգիաների և մեթոդաբանության միջոցով մշակվում և վերլուծվում է հումանիտար գիտելիքը՝ առաջ բերելով նոր մոտեցումներ, մեթոդներ, նոր միտք։ Թվային տեխնոլոգիաների միջոցով գործ ունենք գրականության մեջ ոչ թե մեկ գրքի, այլ մեծ տվյալների հետ, որոնք հնարավորություն են ընձեռում նախ՝ մշակելու տեքստը, հետո՝ ըստ գործիքների վերլուծելու»,- պարզաբանում է նա՝ հավելելով, որ աշխատելով Մատենադարանում՝ նորագույն թվային տեխնոլոգիաները կիրառում է հին ձեռագրերի հետ աշխատելիս, ինչի արդյունքում աշխատանքը դառնում է բավականին արդյունավետ ու հեշտ։ Նա հույս հայտնեց, որ ԵՊՀ-ում ևս կհիմնադրվի այդ գիտակարգը զարգացնելուն միտված մասնագիտացված լաբորատորիա՝ ընդգծելով հումանիտար ոլորտում թվային գիտելիք ստեղծելու և զարգացնելու անհրաժեշտությունը։
Ժամանակակից գրականությունը և հայոց լեզուն
Ինչքանո՞վ է այսօր ստեղծվող գրականությունը լեզվի միջոցով արտացոլում կյանքը, խոսակցական լեզվի և ժամանակակից գրականության փոխառնչության հարցերին անդրադարձավ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Բանախոսը գրավոր հայերենի և խոսակցականի միջև մատնանշեց անջրպետ, որը, ըստ նրա, սկիզբ է առել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, երբ գրավոր գրական հայերենը նորմավորվեց ու ամրապնդվեց, այնուհետև այդ անջրպետը ավելի խորացավ ԽՍՀՄ տարիներին ու շարունակվեց հետխորհրդային շրջանում։

Ըստ բանախոսի՝ ԽՍՀՄ տարիներին գրավոր հայերենը, անմիջականորեն առնչվելով պաշտոնական լեզվին, ներառեց նաև սուտը, երեսպաշտությունը։ «Գաղափարախոսական առումով ինչպես մեդիայի արտադրած, այնպես էլ գեղարվեստական գրականության տեքստերն էին ստալինյան բռնաճնշումների գործընթացի արդյունքում հիմնականում դառնում երեսպաշտ, մակերեսային, սուտ ճառագող։ Այդ շրջանում հսկայական քանակությամբ գեղարվեստական տեքստեր են ստեղծվել, որոնք հիմա գրեթե չեն հիշատակվում։ Դրանք արտադրվում էին ըստ սոցռեալիզմի կանոնակարգի։ Այդ անջրպետը ստեղծեց երկբևեռ իրողություն՝ երեսպաշտ, պարտադրված գրավոր լեզու»,- ընդգծում է արձակագիրը։
Անդրադառնալով հետխորհրդային շրջանի գրական լեզվին՝ նա շեշտեց, որ նորմավորված գրական հայերենը դարձավ ազգային գաղափարախոսության հենարան՝ սնվելով միշտ այն գաղափարով, որ այդ նորմավորմանը չենթարկվելու դեպքում հայոց լեզուն կկորչի, որովհետև երկիրը փոքր է, անընդհատ սպառնալիքի տակ է և այլն։ Բանախոսը, ժամանակակից հայ գրականությունից օրինակներ մեջբերելով, հիմնավորեց և որպես խնդիր արձանագրեց գրականության ու խոսակցական լեզվի անջրպետը՝ ամփոփելով․ «Կարևոր է խոսակցական լեզուն գեղարվեստական գրական հայերենի մեջ ներառելը։ Գեղարվեստական գրականությունը ցույց է տալիս կյանքը։ Խոսքը կյանքի լեզվից ինչքան հեռու է, այնքան անկենդան է»։
Առաջնահերթություններ, անելիքներ
Լեզվի պահպանման, զարգացման ուղղությամբ առաջնահերթ խնդիրներին ու անելիքներին անդրադարձավ ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։

Ներկայացնելով կոմիտեի ստեղծման պատմությունը, անցած ճանապարհն ու հիմնական գործառույթները՝ նա տեղեկացրեց նաև առաջիկա անելիքների մասին, որոնք միտված են ոլորտում արձանագրված խնդիրների լուծմանը։
«Ցավոք, երբ համացանցում հայերենով նյութ էի որոնում, արձանագրեցի, որ հայերենը բառի ուղիղ իմաստով հետ ընկած է զարգացման միտումներից։ Վերջին տարիներին բավականին աշխատանք կատարվել է, բայց դրանք բավարար չեն այն իմաստով, որ հայերենը տեխնոլոգիականացման փուլ չի անցել։ Լեզուները զարգանում են ոչ միայն սոցիալական կյանքի փոփոխությունների հետ, այլ նաև աշխարհում տեղի ունեցող զարգացումների գործընթացներին համահունչ։ Մենք լեզվի մեր ընկալումներով, լեզուն կիրառելու մեր գործիքներով և մտածողությամբ մնացել ենք գրատպության փուլում և դեռ չենք անցել թվային աշխարհ»,- շեշտեց Ս․ Դվոյանը՝ հավելելով, որ հայերենը և մեր հասարակությունը, մեծ հաշվով, տեխնոլոգիական հասարակության բնորոշ յուրահատկությունները չեն յուրացրել ամբողջությամբ։
Լեզվի կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ առկա խնդիրների լուծման նպատակով ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հայերենի տեխնոլոգիականացման փուլը ծրագրային մակարդակով ընթացքի մեջ դնելու համար։
Պանելային քննարկման մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։
Տեսանյութ