- Գլխավոր
- Նորություններ
- Հրաչյա Աճառյան․ լեզվի գաղտնիքները բացահայտած մեծ հայագետը
Մարտ 27, 2026 | 10:27
Գիտություն
Կրթություն
Մշակույթ
Հրաչյա Աճառյան․ լեզվի գաղտնիքները բացահայտած մեծ հայագետը
Օրինակելի է ոչ միայն Աճառյան գիտնականը՝ իր բացառիկ աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ, այլև Աճառյան մարդը՝ իր անցած ճանապարհով: Չնայած կյանքի դժվարություններին ու 1937 թվականի ճնշումներին՝ նա շարունակեց ազնիվ, սկզբունքային մարդու և գիտնականի իր ուղին: Ծննդյան հոբելյանական 150-ամյակը պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ անդրադառնալու մեծ մարդու և գիտնականի անմահ և օրհնյալ հիշատակին:
Ականավոր հայ լեզվաբանի, ԵՊՀ անվանի դասախոսի, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոսի, գիտնականի աշխատություններն ընդգրկում են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները՝ հայոց լեզվի պատմություն, բարբառագիտություն, բառագիտություն, բառարանագրություն: Անհնար է առանց Հրաչյա Աճառյանի, առանց նրա «Հայերենի արմատական բառարան», «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» կոթողային գործերի պատկերացնել հայ լեզվաբանական միտքը:
Նրա յուրաքանչյուր աշխատություն, բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աղայան
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ԴԱՍԱԽՈՍԸ
Չիմանալը հանցանք չէ, բարեկա՛մ, չսովորելն է հանցանք, ջանասիրությամբ հնարավոր է ամենադժվար առարկան էլ ըմբռնել:
Հ. Աճառյան
Երբ գալիս էր դասի, ուղիղ ժամին բացում էր դուռը և ներս մտնում: Ձեռնափայտը հատակին խփելով՝ մոտենում էր ամբիոնին: Ձեռքին ուներ թղթի մի փաթեթ՝ սովորական մի լրագիր, որի մեջ դասախոսության նյութերն էին (որ իր հետ բերում ու տանում էր):
Նրա ուսանող, գրաշար և հուշագիր Գառնիկ Ստեփանյանը հիշում է սեպտեմբերի 1-ը, երբ նա՝ Աճառյանը, մտավ լսարան:
«Բարևեց, նայեց մեզ և ասաց.
- Այս բոլորը լեզվաբա՞ն պիտի դառնան:
- Լեզվաբան և գրականագետ,- պատասխանեց ուսանողներից մեկը:
- Այո՛,- ասաց Աճառյանը,- բաժինը կոչվում է լեզվագրական: Բայց միևնույնն է, շատ է: Ձեզնից հազիվ 3-4 հոգի լեզվաբան դառնա. դժվար գործ է, պահանջում է հարատև աշխատասիրություն, համառություն և սեր, հատկանիշներ, որոնք ի մի հավաքած քիչ մարդու մեջ են լինում: Բայց քանի որ չգիտենք, թե ովքեր են այդ մի քանի ուսանողները, պարտավոր ենք պարապել բոլորի հետ: Այժմ անցնենք մեր գործին»:
Դասավանդման յուրօրինակ մեթոդ ուներ: Նա ոչ թե դասախոսում էր, այլ կարծես զրուցում ուսանողների հետ տվյալ նյութի շուրջ, զրուցում կենդանի օրինակներով, հասկանալի բացատրություններով: Ամենաբարդ միտքը գիտեր մատուցել ամենապարզ եղանակով:
Այդ պարզության մեջ պահում էր ուսուցչի բարձր հեղինակությունը, լրջությունը: Գուցե միակ դասախոսն էր, որի ժամերին ոչ ոք չէր փորձում ծպտուն հանել, սրախոսել:
Գիտեր նյութը հետաքրքիր դարձնելու գաղտնիքը: Ոչ թե լեզվի պատմություն էր դասավանդում, այլ համաշխարհային մտքի ու մտածողության զարգացման պատմություն, այնքան առատ էին փաստերը, այնքան հմուտ՝ շաղկապումները, համոզիչ՝ եզրակացությունները:
Կիրառում էր ակտիվ, գիտակցական ուսուցման մեթոդը, ուստի չէր հանդուրժում առանց ըմբռնելու անգիր անողներին: Նրան խորթ էր փաստերի, եղելությունների մատուցման վերամբարձ, մանվածապատ եղանակը: Ոչ միայն խոսում, այլև գրում էր պարզ՝ մտքի աճառյանական բյուրեղյա հստակությամբ:
Ուսուցման ակտիվ, գործնական մեթոդը նա շատ ավելի էր կիրառում, երբ պարսկերեն էր դասավանդում: Առաջին ժամից սկսած՝ ուսանողների հետ պարսկերեն էր խոսում, անեկդոտներ պատմում, և հենց այդ կենդանի զրույցի ընթացքում էլ ուսանողները սովորում էին քերականության էական կողմերը: Մեկ շաբաթ էլ չանցած՝ ուսանողները միմյանց պարսկերեն մանրադեպեր էին պատմում, ուղղում մեկը մյուսի սխալները:
«Եք մոլլա, եք շեբ բա չիրաղի քիթաբի մաուհանդ» (մի մոլլա մի գիշեր ճրագի մոտ գիրք էր կարդում) և այլն:
Այս զվարճալի անեկդոտը պարունակում էր ընդամենը մի քանի տասնյակ բառ, որ նախադասությունների սրամիտ կառուցվածքի մեջ շատ հեշտ յուրացվում էր:
Այդ մարդու ամբողջ կյանքը ընթացել էր ուրախ և տխուր դեպքերի հերթափոխի մեջ
1937 թվականի գարնանը մասնագետների շենքում բնակարան էին տվել Աբեղյանին, Աճառյանին, Մանանդյանին և ուրիշների: Չարաբաստիկ այդ բնակարանի հետ կապվեցին Աճառյանի կյանքի ամենադառն օրերը...
Նա այլևս նախկինը չէր: Կորցրել էր աշխուժությունը. միշտ լավատես գիտնականը խոսում էր, կատակում, բայց չէր ստացվում: Բռնազբոսիկ մի շեշտ կար նրա զրույցի մեջ: Դարձել էր կասկածամիտ, խուսափում էր առհասարակ զրույց ծավալելուց:
1939 թվականի դեկտեմբերի վերջերին վերականգնվեց Աճառյանի դասախոսական իրավունքը համալսարանում:
Երբ դասը սկսվեց, Աճառյանը ոչինչ չխոսեց իր բացակայության մասին. կարծես նախորդ օրը ընդհատված դասն էր, որ շարունակում էր:
Ամբողջովին նվիրվեց համալսարանական պարապմունքներին: Առատորեն տալիս էր ուսանողներին իր գիտելիքները, սովորեցնում լսարաններում, դասերից դուրս, ոմանց նաև՝ տանը:
Դասերին մեկ լուրջ, ծանրախոհ էր, մերթ կատակող, ընկերական, բայց միշտ հոգատար յուրաքանչյուրի նկատմամբ:
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՄԱՐԴԸ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ
Բարկության պահերին փոթորկվում էր, պայթում, սակայն շատ չանցած՝ բարկությունն անցնում էր, կրկին փափկում: Այդպես էր նա՝ նման կայծակից ու ամպրոպից հետո փայլող արևի:
Վերին աստիճանի բարի, հոգատար, մարդամոտ անձնավորություն էր, ուներ երեխայի պարզամտություն, անմիջականություն, դյուրահաղորդ էր բոլորին, կոշկակարի հետ նույնքան հաճույքով ու սիրով էր զրուցում, որքան գիտնականի:
Աճառյանը հաճելի զրուցակից էր՝ օժտված հումորի զգացողությամբ: Սիրում էր սրամիտ բառախաղեր, խորշում էր էժանագին տափակ սրախոսություններից:
Առհասարակ չէր լինում խնջույքներում, կերուխումի սեղանների շուրջ, իսկ եթե հարկադրված մասնակցում էր որոշ հավաքույթների, աշխատում էր աննկատ մնալ, գտնում էր հաճելի մի զրուցակցի, զբաղվում նրանով. դա ավելի էր նախընտրում, քան դատարկ բաժակաճառերը:
Նա շատ ուսանողների ֆինանսական կանոնավոր օգնություն է տվել, սակայն գաղտնի պահել, որպեսզի ստացողի ինքնասիրությունը չվիրավորվի:
Աճառյանն ուներ աշխատելու յուրօրինակ ձև: Օգտագործում էր աշակերտական գրիչ ու թանաքաման, որի մեջ թանաքը միշտ պակաս էր լինում. աշակերտի նման ցնցում էր կլոր ու սպիտակ թանաքամանը, որպեսզի գրչածայրը թրջվի:
Ավելի տարօրինակ էր թղթի նկատմամբ ունեցած նախասիրությունը: Սիրում էր սոսնձել թղթի պատառիկները, կպցնել միմյանց:
ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
Հրաչյա Աճառյանն օժտված էր զարմանալի աշխատասիրությամբ: Նրա երկերի թիվն ընդհանուր ծավալով կազմում է ավելի քան 10.000 տպագիր էջ:
Փոքր տարիքից չի իմացել` ինչ է հոգնությունը, աշխատել է մինչև աչքերի փակվելը՝ հաճախ իր նյութի հետ շարունակելով զբաղվել նաև քնի մեջ:
Բացառիկ այդ անհատը, սակայն, գրադարան չուներ: Նրա գրադարանը իր տպագիր ու անտիպ գրքերն էին: Կանգնած դրանց առաջ՝ ինքն էլ զարմացել ու ասել է.
- Այս բոլորը մի մարդ է գրել, այն էլ մեկ աչքով:
Երեխա ժամանակ մի աչքը կուրացել էր, իսկ առողջ աչքը՝ կիսով կորցրել տեսողությունը: Չնայած դրան՝ մոլեգին արագությամբ կարդում էր ու գրում: Կողքին կանգնած մարդկանց չէր ճանաչում, ձայնից էր որոշում՝ զրուցակիցն ով է: Գրելիս թեքվում էր թղթի վրա, առողջ աչքը այնքան մոտեցնում սեղանին, որ համարյա դիպչում էր նրան: Կարդալիս էլ գիրքն էր մոտեցնում աչքին:
Նա իր ստեղծագործական բեղմնավորությունը բացատրում էր ոչ միայն աշխատասիրությամբ, այլև աշխատանքային ռեժիմի խիստ պահպանմամբ: Ասում էր՝ եթե մարդ օրական 2-3 էջ գրի, տարեկան կստացվի 1000 էջ, այսինքն՝ 40 մամուլանոց մի գիրք, իսկ 50 տարի աշխատողը իր դարակում կունենա 50 հատոր աշխատություն:
Սովորաբար զարթնում էր առավոտյան ժամը 6։30-ից 7-ի ընթացքում: Աշխատում էր մոտ մեկ ժամ, մի քիչ հանգստանալուց հետո նախաճաշում էր՝ 10-11-ի մոտ, ապա նորից աշխատում:
Նա ժամանակի միավորի անօգուտ վատնումը ավելի մեծ վնաս էր համարում, քան նյութական կորուստը: Բայց սիրում էր լսել մարդկանց արդեն զուտ գործնական նկատառումով: Բանավոր խոսքը նրան մեծ ատաղձ էր տալիս հատկապես բարբառների ուսումնասիրման համար:
Ձգտում էր աշխատավոր, անգրագետ կամ կիսագրագետ մարդկանց հետ զրուցել, առիթ տալ, որ նրանք իրենց բարբառով խոսեն։ «Գրական լեզվով խոսողներից ինձ համար օգուտ չկա»,- ասում էր նա: Յուրաքանչյուր նոր բառ նրա հետաքրքրության տիրույթում էր: Հակոբ Ոսկերչունին պատմել է, որ 1930 թվականին՝ օրերից մի օր, Աճառյանը տեսնում է՝ երկու գյուղացի կռվում են: Մեկը բազմաթիվ հայհոյանքների մեջ գործածում է մի անծանոթ բարբառային բառ: Աճառյանն իսկույն մեջ է մտնում.
- Խնդրեմ այդ հայհոյանքը մի անգա՛մ էլ կրկնեցեք:
Աճառյանը աշխատասիրությունը հասկանում էր այդ բառի լեզվաբանական, ուղղակի ընկալումով: Նրա համար աշխատասիրությունն ամենից առաջ նշանակում էր աշխատանքը սիրել, կատարել հաճույքով, գոհունակությամբ: Եթե աշխատանքը լավ չէ, հնարավոր է փոխել, բայց կատարել հաճույքով ու անտրտունջ՝ գտնելով թարմացման միջոցներ: Այսպես՝ ինքը, երբ մի քանի ամիս լարված աշխատում էր որևէ գրքի վրա և հոգնում, միանգամից ընդհատում էր այն և շարունակում մի այլ կիսատ գործ. մերթ աշխատում էր որևէ բարբառի, մերթ «Լիակատար քերականության» կամ «Անձնանունների բառարան»-ի վրա:
Մարդու ամենամեծ դժբախտությունը ծուլությունն ու տգիտությունը համարող լեզվաբանը նվազ չարիք չէր համարում հոռետեսությունը, կյանքի դժվարություններից ընկճվելը: Ասում էր՝ ամեն ինչից դժգոհը ամենափարթամ կյանքի մեջ էլ կգտնի դժգոհելու, տրտնջալու, նվնվալու առիթներ, իսկ լավատես մարդը ամենաաննպաստ պայմաններում էլ չի կորցնի իր հոգու արիությունը և կհաղթահարի ամեն դժվարություն:
ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Աճառյանը ճշտապահությունը մարդու նկարագրի ամենաէական հատկանիշներից մեկն էր համարում, նրա հաջողության գրավականը, աշխատասիրության ուղեցույցը: Ինքը ճշտապահ էր ամենուր՝ տանը, համալսարանում և այլուր:
Ճշտապահ էր հատկապես համալսարանական պարապմունքների ընթացքում: Գալիս էր ճիշտ նույն րոպեին, գնում նույն րոպեին, դասաժամը օգտագործում էր լրիվ՝ առանց կողմնակի հարցերով ուսանողներին զբաղեցնելու: Եթե մերթընդմերթ որոշ բան էր պատմում, ապա բացառապես կապված նյութի հետ: Երբ մեկնումեկը ցանկանում էր նրան բան հարցնել, կարող էր ուղեկցել մինչև տուն: Ոտքով տեղաշարժվելը նպաստում էր ճշտապահությանը. գիտեր, թե քանի րոպեից տանից կարող էր հասնել համալսարան կամ որևէ ժամադրավայր: Ճանապարհին երբեք որևէ մեկի հետ խոսելու համար կանգ չէր առնում: Անբաժանելի ձեռնափայտը ձեռքին, թղթերը թևի տակ՝ հանգիստ քայլում էր ու զրուցում:
ԳԻՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Աճառյանը գիտական սկզբունքայնության հարցում չուներ իրեն հավասարը: Նա այդ սկզբունքայնությունը հետևողականորեն կիրառեց մասնավորապես հնդեվրոպական լեզվաբանության դրույթներին ու մեսրոպյան՝ ավանդական ուղղագրությանը հավատարիմ մնալու հարցերում:
Աճառյան գիտնականի բարեխղճությունը երիտասարդ գիտնականների համար շատ կողմերով դաստիարակիչ է նաև այսօր: Զրույցների մեջ հաճախ էր ասում, որ գիտնականը պետք է ունենա պատասխանատվության զգացում ինչպես իր գիտական խղճի, այնպես էլ ապագայի առաջ: Գիտնականին շատ ավելի անաչառորեն դատելու է ապագան, քան ներկան, իսկ ժամանակը, ինչպես գիտենք, խստագույն դատավորն է մարդկանց արարքների:
Գիտությունը նրա համար սրբազան տաճար էր, որի դռնից ներս մտնողը ոչ միայն համապատասխան գիտական պաշար պետք է ունենար, այլև երկյուղած հարգանք գիտության նկատմամբ:
Ուրիշի մտքերի, եզրակացությունների յուրացումը նրա համար գողությունից ավելի ծանր հանցանք էր: Եթե նյութական գողությունը երկու անհատների իրավունքի հետ է կապված, ապա գիտականը՝ ուրիշի վաստակի:
Մեծ հարգանքով էր խոսում հայ և օտար այն հայագետների մասին, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել էին մեր լեզվի հետազոտմանը: 1898 թվականին նա Ստրասբուրգում լսել էր Հյուբշմանին: Իրեն հատուկ ջանասիրությամբ գրեթե սղագրել էր նրա դասախոսությունները, որոնցում կային ուշագրավ դիտողություններ, տասնյակ հայերեն բառերի ստուգաբանություններ: Վախճանվելով 1908 թվականին՝ Հյուբշմանը հնարավորություն չունեցավ իր կենդանության օրոք տպագրելու դրանք: Մինչդեռ Հ. Աճառյանի տրամադրության տակ էին Հյուբշմանի այդ բոլոր ստուգաբանությունները: Աճառյանը դրանք օգտագործել է «Արմատական բառարան»-ում՝ յուրաքանչյուր բառի տակ նշելով, թե այդ բացատրության հեղինակն է իր ուսուցիչը՝ Հյուբշմանը:
ՄԱՐԴ-ՔԱՂԱՔԱՑԻՆ
Ծնված արհեստավորի ընտանիքում, չարքաշ կյանքով ու ծանր աշխատանքով մեծացած՝ ամենաանկեղծ զգացումներով կապված էր աշխատավորների հետ, հոգատար՝ կարիքավորների նկատմամբ: Օգնել է, ինչով կարողացել է:
Նա տարիներ շարունակ օգնել է մի շարք ուսանողների, որոնք այս կամ այն պատճառով ուսանողական նպաստ չեն ստացել և նյութական ծանր պայմանների մեջ են եղել: Բայց օգնել է, երբ վստահ է եղել, որ տվյալ ուսանողը խոստումնալից ուժ է: Նյութականից բացի՝ ժամանակի մի մասն էլ տրամադրել է նման ուսանողներին: Փոխարենը նրանք մի օր իր արած լավությունը ժողովրդին կփոխհատուցեին գիտությամբ: Հայ գիտնականներից մի քանիսը վայելել են նրա նյութական օժանդակությունը, իսկ ավելի մեծ թվով մարդիկ՝ նրա բարոյական օժանդակությունը, որ պակաս կարևոր և թանկագին չէր: Իր սիրելի ուսուցիչ Հյուբշմանի պես ինքն էլ շատ ուսանողների հետ տանը պարապել է առանց նյութական որևէ ակնկալության, ընդհակառակը՝ նրանց առաջ բաց արել իր հյուրընկալ սեղանը, տրամադրել իր ժամանակը:
Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում, ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Նիկողայոս Մառ
Արևելագետ, հայագետ, հնագետ ու լեզվաբան Նիկողայոս Մառը, զգալով Աճառյանի լեզվաբանական տաղանդը և բազմաթիվ լեզուների տիրապետելը, նրան առաջարկում է իր հետ գնալ Սանկտ Պետերբուրգ, ձևի համար մեկ տարի աշակերտել իրեն, ռուսերեն սովորել:
- Կավարտեք, ես Ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, և Դուք կլինեք նշանավոր գիտնական,- առաջարկում է Ն. Մառը:
- Ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ,- պատասխանում է Հ. Աճառյանը։
ՄԻ ՕՐ ԱՃԱՌՅԱՆԸ...
Ոչ մի հայ գիտնականի շուրջ (այն էլ դեռևս կենդանության օրոք) այնքան աշխույժ հետաքրքրություն չի ստեղծվել, նրա հետ կապված դեպքեր, անեկդոտներ չեն պատմվել, որքան Աճառյանի: Քսանական թվականների սկզբներից մարդիկ միմյանց պատմել են այդ մեծ մարդու կյանքից զվարճալի մանրադեպեր, որոնք հետագայում հավաքվել են, գրի առնվել (այդ թվում՝ Աճառյանի կողմից):
Առասպելներ էին պատմում նրա իմացած լեզուների քանակի մասին: Բայց ավելի շատ խոսում էին նրա տարօրինակությունների, սրախոսությունների մասին, պատմում մանրադեպեր, որոնք սկսվում էին այսպես՝ «Մի օր Աճառյանը…», ինչպես ասում են «Մի օր Եզոպոսը…»:
Նմանօրինակ մանրուքները, կենցաղային միջադեպերը ոչ միայն չեն թուլացնում տվյալ անձնավորության ընդհանուր հմայքը, այլև ավելի են ընդգծում նրանց առանձնահատկություններն ու օգնում է՛լ ավելի լավ բացահայտելու թե՛ մարդ, թե՛ գիտնական տեսակը:
Աճառյանի գրաշարը, որ նաև նրա ուսանողն էր, պատմում է
Գրաշարանոցի մեծ սրահի ծայրին երևաց միջահասակ, ճաղատ մի անձնավորություն: Քայլում էր թեթևակի կաղալով, ձեռնափայտը խփելով գետնին: Եկավ կանգնեց և ընդգծված հանդիսավորությամբ ասաց.
- Ես Աճառյանն եմ. կանչել էիք, տե՛ր իմ, եկել է Ձեր ծառան, ի՞նչ եք հրամայում: Ինձ նման ծերունիներին մեկ թագավորները, մեկ էլ գրաշարները կարող են իրենց ոտը բերել:
Ինձ կորցրի, մոռացա ասելիքս, ինչ-որ բան կմկմացի, ձեռքերս սրբեցի արտահագուստիս փեշով, կանգնեցի քարացած, չգիտեի՝ պետք էր բարևե՞լ...
Պատմում է նույն ուսանողը
- Կիսամյակը վերջացավ, պետք է թվանշաններ դնել: Դու պետք է օգնես ինձ այս տհաճ աշխատանքում,- ասաց Աճառյանը:
«Մի դասախոս, որ ունի 40 տարվա ուսուցչական փորձ և միաժամանակ վայելում է անաչառ մարդու համբավ, ինչպե՞ս կարող էր հանդուրժել թվանշան դնելու հակամանկավարժական նման ձևը»,- մտածում է տարակուսած ուսանողը: Բայց կարդում է.
- Արզումանյան Հովիկ:
- Ի՞նչ դնենք,- հարցնում է Աճառյանը:
- «Միջակ»,- ասացի:
- Որտե՞ղ է նստում,- հարցրեց:
- Վերջին շարքում՝ լուսամուտի մոտ:
- Հա՜, այն երկարահասակ տղան է:
Այսպես մեկ առ մեկ կարդում էր ցուցակը, բայց արդեն ոչ թե հարցնում էր կարծիք (թե ինչ պետք է նշանակել), այլ՝ ո՞ր շարքի ո՞ր նստարանին է նստում: Իմանում էր ու գնահատականը նշանակում:
Ասել է թե՝ կարծիք չէր հարցնում: Ինքը հրաշալի գիտեր յուրաքանչյուրին, բայց գիտեր ոչ թե դեմքով (քանի որ աչքերը տկար էին), այլ տեղերով:
Աճառյանը չհաշտվեց աբեղյանական նոր ուղղագրության հետ
Բանասիրության դոկտոր Խ․ Բադիկյանը «Հ. Աճառյան մարդը և գիտնականը» (Ե., 2005 թ.) գրքում գրում է. «1944 թիվն էր: Աբեղյանը ծանր հիվանդ էր: Աճառյանը գնում է տեսնելու:
- Մանո՛ւկ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես տնքում:
- Գնու՛մ եմ, Հրաչի՛կ, գնու՛մ եմ:
- Ո՞ւր ես գնում, Մանո՛ւկ,- հարցնում է Աճառյանը:
- Գնում եմ էն աշխարհը:
- Է՜հ, լավ, էս աշխարհի մեղքերիցդ ու քննադատներիցդ կազատվես, բա էն աշխարհում Մաշտոցը օձիքդ կբռնի՝ ո՞նց ես ազատվելու, ի՞նչ պատասխան պիտի տաս նրան…
Ավ. Իսահակյանի հուշերից
Մեծ էր Աճառյանի սերը նաև բանաստեղծության նկատմամբ: Իսահակյանի հետ հաճախ էին հանդիպում: Հերթական հանդիպումներից մեկին Իսահակյանը շեշտում է.
- Հրաչյա՛, այսքան բան մենակ ինչպե՞ս ես արել, մի ամբողջ ինստիտուտ այդքան բան չէր կարող անել:
- Ավետի՛ք, այդ բոլորը հե՛չ, ինչ որ արել եմ մինչև հիմա, բոլորը հե՛չ, բանը սա՛ է, սա՛:
Ու ցույց է տալիս բանաստեղծությունների մի բարակ տետր:
- Ի՞նչ հանճարեղ բան ես գրել, որ «Արմատական բառարան»-ը և մյուս բոլոր բաները հեչ են,- հարցնում է Վարպետը:
Աճառյանը կարդում է մի քանի բանաստեղծություն: Իսահակյանը լուռ լսում է ու ասում.
- Հրաչյա՛, ի՛նչ պարապ բաներով ես զբաղված:
Վիրավորված Աճառյանը վրա է բերում.
- Դու ամբողջ կյանքո՛ւմդ ես պարապ բաներով զբաղվել, Ավետի՛ք: Սիրեցի, յարս տարան, էս չէ՞ քո գրածը, է՛, ո՞ւմ յարը չեն տարել, որ…
ԱՐՈՒՍՅԱԿԸ
Դյուրազգաց էր, հուզվում էր որևէ դժբախտ պատահարի մասին լսելիս: Ամենից շատ հուզվում էր հանգուցյալ կնոջ մասին խոսք բացվելիս: Ասում էր, թե այդ կինը եղել է իր օգնականը ամբողջ քսան տարի, գեղեցիկ, մարգարտաշար ձեռագրով արտագրել է «Արմատական բառարան»-ի և «Հայոց լեզվի պատմության» հազարավոր էջերը:
Արուսյակը չէր մահացել uովորական որևէ հիվանդությունից: Նա վախճանվել էր հոգեկան խախտման փոթորկոտ արտահայտությունների պայմաններում: Հենց դա էր ցնցել զգայուն Աճառյանին, պատճառ դարձել մտասևեռուն մի գաղափարի, թե արդյո՞ք ինքը մեղավոր չէր պատահածի համար, արդյո՞ք արել էր ամեն ինչ. եթե այսինչ դեղը ճարեր կամ այնինչ բժշկին էլ հրավիրեր, չէ՞ր փրկվի իր կյանքի ընկերուհին:
Ու հիմա, երբ չկար կինը, նոր միայն զգում էր, թե ինչպիսի գանձ է կորցրել և որքան է պարտական մնացել նրան: Իր ամբողջ կյանքում ոչ ոքի պարտական չմնացած այդ մարդը պարտական էր մնացել ամենահարազատին, չէր կարողացել փոխհատուցել նրան:
«Արմատական բառարան»-ի սկզբում զետեղված քառյակը նվիրված է Արուսյակին.
Ծաղիկ էիր, իբրև ծաղիկ թոշնեցար,
Երազի պես աչքիս առաջ հալեցար,
Խեղճ ամուսնուդ ինչո՞ւ այստեղ մոռացար,
Հոգիս խավար թողեցիր, ո՞ւր հեռացար:
Օրվա մեջ քանի՜-քանի՜ անգամ անդրադառնում էր կնոջից մնացած իրերին, սպասքին, սպիտակ շորով փոշին մաքրում, նայում, ինչ-որ բաներ շշնջում: Գրելիս էլ գլուխը բարձրացնում էր, դիտում պատին փակցված նկարը, որը պահապան հրեշտակի պես հետևում էր նրա աշխատանքին:
Ազգանվան պատմությունից
Հրաչյա Աճառյանը պատմում է, որ իր մանկության տարիներին Թուրքիայում ազգանուն չի եղել, և հայրանունն էր գործածվում ազգանվան փոխարեն: Դպրոցում նրան Հրաչյա Հակոբյան (լեզվաբանի հոր անունը Հակոբ էր), անգամ խոսակցության մեջ հաճախ կրճատ ձևով Հրաչյա Հակոբ էին ասում:
1888 թվականին, երբ ազգանվան գրությունը պարտադիր է դառնում, աշակերտների մեծ մասն իրենց պապի անունն են դարձնում ազգանուն, մի մասը ինչ-որ մականուն է նախընտրում և այլն:
Տուն գալով՝ Հրաչյան հորից հարցնում է իրենց ազգանունը: Հայրը իր հոր՝ Հարությունի անունն է առաջարկում դարձնել ազգանուն՝ Հարությունյան: Տակավին 12 տարեկան Հրաչյային դուր չի գալիս անունից ազգանուն ստանալու գաղափարը: Մերժում է նաև հորաքրոջ՝ Հյուպրուքյան ազգանունն ընտրելու առաջարկը (ըստ հորաքրոջ՝ իրենց ազգը Ռոդոսթոյում կոչվել է Հյուպրյուք օղլու):
Հրաչյան հորը հարցնում է, թե ինչ ծաղրական անուն են տալիս նրան: Պարզվում է նրան Կռճին Ակոբ էին ասում: Հավանելով այս անունը՝ Հրաչյան ընտրում է Կռճինյան ազգանունը, որի իմաստը նրան անծանոթ էր: Դպրոցում հոգաբարձուներին է ներկայացնում իր ազգանունը: Նրանցից մեկն ասում է, թե Կռճին բառ չկա, պետք է լինի Կռճիկ, ուստի ազգանունը դառնում է Կռճիկյան:
Ընկերները շարունակ ծաղրում էին Հրաչյային՝ կռճիկ, մռճիկ, տռճիկ, խռճիկ, բռճիկ ասելով: Ձանձրանալով կռճիկից, ինչպես լեզվաբանն ինքն է ասում, որոշում է փոխել ազգանունը: Կռճիկ բառի գրաբարյան աճառ ձևը նրան բարեհնչուն է թվում, ուստի և այն դարձնում է իր ազգանվան բառարմատ: Աճառյան ազգանունն ընդունում է նաև նրա հայրը:
Ըստ Գառնիկ Ստեփանյանի «Աճառյանի հետ (Հուշեր)» գրքի և այլ աղբյուրների