- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրության բացումը
Սեպտեմբեր 25, 2025 | 10:44
Թանգարան
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրության բացումը
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում մեկնարկեց «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրվող փաստերը հանրությանը ներկայացնում են Հայաստանի խորհրդայնացումն ու ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, դասակարգային պայքարը, կուսակցական մենիշխանության ձևավորումը, որոնք հանգեցրին գյուղացիների անխնա ունեզրկմանը, հասարակության պառակտմանն ու ստեղծագործական մտքի խիստ սահմանափակմանը:

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը հիշատակեց, որ թանգարանն այս օրերին տոնում է իր 65-ամյակը. «Պրոֆեսոր Լ.Ղարիբջանյանը, հիմնադրելով այս թանգարանը, նպատակ ուներ նոր ասելիք փոխանցելու ապագա սերունդներին: Եվ այսօր ԵՊՀ-ն, համալսարանի տեսլականից ելնելով, Ֆրիդրիխ Նաոմանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ իրագործեց այս նախաձեռնությունը՝ 1920-1930-ական թվականների Խորհրդային Հայաստանի ազատականացումը խորագրով ցուցադրությունը»:

Տաթևիկ Սարոյանն ընդգծեց, որ ցուցադրության շրջանակում կազմակերպվել են նաև դասախոսություններ, և դրանք շարունակելու համար թանգարանը պատրաստ է համագործակցելու տարբեր ինստիտուտների, այդ թվում՝ Ազգային գրադարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ:
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը նշեց, որ «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» թեմայով նախագծի առաջին խոշոր բաղադրիչը հետազոտությունն էր, իսկ երկրորդը՝ ցուցադրությունը:
«Հետազոտությունն իրականացվել է գրավոր աղբյուրների և սկզբնաղբյուրների հիման վրա, օգտագործվել են Ազգային արխիվի նյութերը, ինչպես նաև Ազգային գրադարանի մամուլի՝ տվյալ ժամանակաշրջանին վերաբերող նյութերը»,- ասաց նախագծի հետազոտական մասի ղեկավար Աղասի Թադևոսյանն ու ընդգծեց, որ 1920-1930-ականների իրադարձություններին անդրադարձել է նաև խորհրդային շրջանի պատմագիտությունը, բայց քանի որ այն գաղափարականացված էր, շահագրգիռ կողմ էր և կուսակցական սահմանափակումներ ուներ, հետևաբար խնդիրը ներկայացվել է միակողմանի:
«Հետխորհրդային շրջանում ևս կատարվել են հետազոտություններ, սակայն դրանք հիմնականում արել են այն գիտնականները, որոնք աշխատել են խորհրդային շրջանում, որպես պատմաբան ձևավորվել են այդ շրջանում և որքան էլ ցանկացել են հետխորհրդային շրջանը սովետականությունից, պատմագիտական դպրոցի տված շրջագծից ազատ մեկնաբանել, միևնույնն է, բոլշևիկյան պաթոսը մեծ մասամբ կա նաև այդ շրջանում գրված գրքերում»,- հավելեց բանախոսը:

Խոսելով հայ հասարակության խորհրդայնացումից՝ Աղասի Թադևոսյանը ուշադրություն հրավիրեց այդ ժամանակ իրականացվող զտման քաղաքականության վրա, որը միտված էր հասարակությունն ամբողջովին պրոլետարական դարձնելուն: Թե ինչպե՞ս էր տեղի ունենում նոր հասարակության կառուցումը զտման միջոցով, նա որպես օրինակ բերեց ցուցասրահում փակցված 1925 թվականի ուսանողներից մեկի նամակը՝ ուղղված ԵՊՀ կենտրոնական զտիչ հանձնաժողովին:
«1925 թվականին ԵՊՀ-ում գործում էր Կենտրոնական զտիչ հանձնաժողով, որը գտնում էր բոլոր այն ուսանողներին, որոնք բանվորական, չքավորական ծագում չունեին, և հեռացնում համալսարանից: Այդ պատճառով շատերը կեղծում էին իրենց ինքնությունը, օրինակ՝ կոլխոզի նախագահից գրություններ էին բերում, որ իրենք չքավոր են, սակայն այդ գրությունները հիմնականում բացահայտվում էին և պատժվում՝ թե՛ կոլխոզի նախագահները, թե՛ իրենք»,- ասաց մշակութային մարդաբանը:
Ցուցասրահում տեղ գտած փաստերը ներկայացնում են նաև 1920-1930-ականների մամուլում հրատարակված հոդվածները, թատերական ներկայացումները, այն սրճարանները, որոնք ծառայել են որպես մտավորականության հավաքների ու քննարկումների վայր, ինչպես նաև համալսարանը՝ որպես նոր աշխարհի կառուցման, հին սերնդի մտավորականների ներգրավման միջավայր:
Հավելենք, որ ցուցադրությունը բաց է մինչև 2026 թվականի մարտի 24-ը: