- Գլխավոր
- Նորություններ
- Քիմիայի ոլորտում նորագույն հետազոտություններին նվիրված միջազգային գիտաժողով
Սեպտեմբեր 26, 2025 | 15:22
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Քիմիայի ոլորտում նորագույն հետազոտություններին նվիրված միջազգային գիտաժողով
Տեղի ունեցավ «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» միջազգային գիտաժողովը, որի համակազմակերպիչների թվում էր ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը: Ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը՝ որպես կազմակերպչական կոմիտեի անդամ և նախագահող, հանդես եկավ նաև գիտական զեկուցմամբ՝ նվիրված քիրալ α-ամինաթթվային ածանցյալների սինթեզին։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) ս.թ. սեպտեմբերի 21-25-ը անցկացված «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» («NewTrendsChem-2025») խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, ՌԴ ԳԱԱ Ն․Դ․ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի նախաձեռնությամբ:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ և նախագահող, դոցենտ Աննա Մկրտչյանը ներկայացրեց զեկուցում, որը նվիրված էր էնանտիոմերային հարստացված քիրալ α-ամինաթթվային ածանցյալների՝ A³- և Գլազերի տիպի միացման ռեակցիաների միջոցով սինթեզին:
Գիտաժողովը միավորեց առաջատար քիմիկոսների և երիտասարդ գիտնականների աշխարհի տարբեր երկրներից՝ նպատակ ունենալով ներկայացնելու նորագույն հետազոտությունների արդյունքներ, խթանելու մասնագիտական քննարկումներն ու փորձի փոխանակումը և ձևավորելու նոր կապեր, համագործակցություններ։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով մասնակիցներին, իր ելույթում նշեց․ «Այսօր նման հանդիպումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և այն մարտահրավերները, որոնց դիմակայելու համար մարդկությունը պետք է համախմբված ու պատրաստ լինի։ Պատմությունը ցույց է տվել, որ նման ժամանակներում գիտությունը, կրթությունն ու մշակույթը վճռորոշ դեր են խաղում ժողովուրդների միավորման գործում»։
Գիտաժողովի գաղափարի հեղինակ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Վալենտին Անանիկովը, անդրադառնալով ոլորտի տեխնոլոգիական միտումներին, ասաց․ «1996-ին, երբ ասպիրանտ էի, խոսվում էր համակարգիչների՝ քիմիայի ոլորտ ներմուծման մասին։ Ասվում էր, որ դրանք շուտով կփոխարինեն քիմիկոսներին։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք հիանալի գործիքներ են, բայց չեն փոխարինում մասնագետներին։ Նույնը վերաբերում է նանոտեխնոլոգիաներին և այժմ՝ արհեստական բանականությանը։ Դրանք զարգանում են, բայց քիմիան մնում է որպես ստեղծագործական և վերլուծական գիտություն»։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված օրգանական սինթեզին, կատալիզին, բժշկական, գերմոլեկուլային, հետերոցիկլիկ քիմիային, նյութագիտությանը, ինչպես նաև քիմիայի, կենսաբանության և բժշկության մեջ կիրառվող ժամանակակից թվային տեխնոլոգիաներին։
Բարձր տեխնոլոգիական գիտական հետազոտությունները կենսական անհրաժեշտություն են ողջ աշխարհի համար, ուստի այս համատեքստում գիտնականների միջև նմանօրինակ հաղորդակցությունը, համագործակցությունը և միջազգային գիտաժողովները կարևոր են: