- Գլխավոր
- Նորություններ
- Կրթությունը և հետազոտությունները թվային դարաշրջանում․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Նոյեմբեր 04, 2025 | 16:06
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Կրթությունը և հետազոտությունները թվային դարաշրջանում․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում Սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկեց «Կրթությունը և հետազոտությունները թվային դարաշրջանի հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողովը՝ միավորելով գիտնականների, դասախոսների և հետազոտողների տարբեր երկրներից, ինչպես նաև քննարկելով կրթության, գիտահետազոտական գործընթացների և թվային վերափոխումների փոխկապակցված ուղիները։ ԵՊՀ հեռավար ուսուցման լաբորատորիայի 20-ամյակին և Սոցիալական աշխատողի օրվան նվիրված գիտաժողովը միտված է բացահայտելու այն փոփոխությունները, որոնք թվային դարաշրջանը բերում է կրթական և գիտական միջավայր, ինչպես նաև փոխանակելու միջազգային փորձը՝ կրթության որակի բարձրացման և հետազոտությունների արդյունավետության ապահովման ուղղությամբ նոր մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով թվային փոփոխությունների ազդեցությունը կրթության ապագայի վրա. «Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Սոցիոլոգիայի ֆակուլտետում կազմակերպվում է գիտական կամ հանրային նշանակության միջոցառում։ Այսօր մենք ոչ միայն նշում ենք այդ կարևոր օրը, այլև անդրադառնում ենք կրթության և հետազոտության թվային վերափոխման հիմնախնդիրներին։ Թվային դարաշրջանը բերում է նոր հնարավորություններ, ինչպես նաև նոր մարտահրավերներ հատկապես ակադեմիական ազնվության, կրթության որակի և գիտելիքի արժևորման տեսանկյունից»։
Ռեկտորը նշեց, որ ԵՊՀ-ում թվայնացման գործընթացը դիտվում է որպես կրթության արդիականացման առանցքային ուղղություն. «Արհեստական բանականությունը, առցանց համագործակցության նոր մոդելները, տվյալահենք գիտությունը և բաց գիտելիքի հարթակները փոխում են ուսուցման ամբողջ կառուցվածքը։ Մենք ԵՊՀ-ում ձգտում ենք ոչ միայն հետևել այդ փոփոխություններին, այլև առաջնորդել դրանք՝ ձևավորելով նոր կրթական մշակույթ»։
Նա նաև շնորհավորեց ԵՊՀ հեռավար ուսուցման լաբորատորիայի թիմին 20-ամյակի առթիվ՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը ուսուցման նորարարական մեթոդների կիրառման գործում. «Հեռավար ուսուցման լաբորատորիան մեր համալսարանի առաջամարտիկներից է կրթական տեխնոլոգիաների ներդրման հարցում։ Մենք մեծ ուրախությամբ ենք արձանագրում, որ այստեղ մշտապես փորձարկվում են նորարարական մեթոդներ, արհեստական բանականության գործիքներ և ուսուցման հիբրիդ մոդելներ, որոնք աստիճանաբար դառնում են կրթական պրակտիկայի մաս»։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ընդգծելով գիտաժողովի կարևորությունը գիտական քննարկումների ընդլայնման և նոր գործընկերային կապերի ստեղծման տեսանկյունից, նշեց. «Գիտաժողովը նպատակ ունի բացելու նոր քննարկումների դաշտ այն մասին, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները վերափոխում կրթության, հետազոտության և հասարակական կյանքի կառուցվածքները։ Թվայնացումը ոչ միայն գործիք է, այլև արժեքային համակարգ, որը փոխում է մեր մտածողությունը գիտելիքի ընկալման և ստեղծման մակարդակում։ Մենք պետք է կարողանանք այս փոփոխություններին արձագանքել ժամանակին և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ թվային հմտությունները միահյուսվում են հումանիտար և սոցիալական գիտելիքի հետ։ Գիտաժողովը դառնալու է գաղափարների փոխանակման, համագործակցության և նոր գիտական ուղղությունների ձևավորման արդյունավետ հարթակ»։
«Վերաիմաստավորված ուսուցում. ինչպես կարող են նեյրոնային պատկերացումները հեղափոխություն մտցնել կրթության մեջ արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով հիմնական զեկուցմամբ գիտաժողովին հանդես եկավ ԱՄՆ Օքլենդի համալսարանի պրոֆեսոր Բարբարա Օքլին։
Պրոֆեսոր Օքլին, որը համաշխարհային ճանաչում ունի ուսուցման նեյրոգիտության ոլորտում, զեկուցման ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես կարելի է համատեղել մարդու ուղեղի ուսումնառական մեխանիզմները և արհեստական բանականության տրամաբանությունը՝ ստեղծելով ավելի արդյունավետ ուսուցման համակարգեր. «Արհեստական բանականությունը կարող է նպաստել հասկանալուն, թե ինչպես ենք մենք սովորում, սակայն իրական առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեխնոլոգիան ծառայում է մարդու ներուժի բացահայտմանը։ Ուսուցման ապագան այն է, երբ մենք համատեղում ենք նեյրոգիտության, հոգեբանության և տեխնոլոգիայի ձեռքբերումները՝ յուրաքանչյուր սովորողի համար ստեղծելով անհատականացված կրթական ուղի»։
Օքլին նշեց նաև, որ թվային դարաշրջանն ընձեռում է աննախադեպ հնարավորություններ ինքնակրթության և ցանցային ուսուցման համար, սակայն պահանջում է նոր մոտեցումներ ուսանողների մոտիվացիայի, ուշադրության կառավարման և գիտելիքի պահպանման մեխանիզմներում. «Թվային միջավայրում սովորողը բախվում է տեղեկատվության հոսքի ճնշմանն ու ուշադրության պակասին։ Հենց այստեղ է, որ մեզ անհրաժեշտ են գիտականորեն հիմնավորված մեթոդներ՝ սովորելու գործընթացն ավելի արդյունավետ ու ներգրավող դարձնելու նպատակով»։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան մասնագետներ ինչպես ԵՊՀ-ից և հայաստանյան այլ բուհերից, այնպես էլ Ավստրիայից, ԱՄՆ-ից, Դանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Քուվեյթից, ծավալվեցին պանելային քննարկումներ՝ ներկայացնելով կրթական համակարգերի թվայնացման հաջող փորձեր, հետազոտական նոր մոտեցումներ և համագործակցության հնարավորություններ։ Երկօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը։




