- Գլխավոր
- Նորություններ
- Տնտեսության շարժիչ ուժերից մեկը․ հանրային սննդի ոլորտի զարգացումը և մարտահրավերները
Նոյեմբեր 21, 2025 | 11:15
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Տնտեսության շարժիչ ուժերից մեկը․ հանրային սննդի ոլորտի զարգացումը և մարտահրավերները
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ ոլորտային հերթական պանելային քննարկումը՝ «ՀՀ հանրային սննդի («HoReCa») ոլորտի խնդիրներն ու զարգացման միտումները» թեմայով։ Քննարկման շրջանակում ոլորտի առաջատար ընկերությունների հիմնադիրներն ու մասնագետները ներկայացրին, թե ինչպես արդյունավետ կառուցել, զարգացնել և կառավարել բիզնեսը՝ հաշվի առնելով ժամանակակից միտումներն ու մարտահրավերները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, նշեց, որ ինչպես նախապես հայտարարվել էր՝ շարունակվում է ոլորտային պանելային քննարկումների շարքը՝ հանդիպումներ անցկացնելով ոլորտի փորձառու մասնագետների հետ։
«Հանրային սննդի ոլորտը հետաքրքիր, դինամիկ և բավական սթրեսային ոլորտ է։ Յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման համար այն ունի կարևոր նշանակություն, սակայն միևնույն ժամանակ ոլորտը մշտական փոփոխությունների մեջ է, քանի որ փոխվում են սպառողի ճաշակը, վարքագիծն ու ակնկալիքները։ Հետևաբար, բիզնեսները պետք է կարողանան արագ հարմարեցվել և շարունակաբար վերանայել իրենց մոտեցումները»,- ընդգեց նա։
«Դառգետ» ընկերության հիմնադիր Հովհաննես Դուրգարյանը, խոսելով հանրային սննդի ոլորտի արագ փոփոխվող բնույթի մասին, ասաց. «Թվում է՝ մարդկանց կերակրելը ամենահաստատուն երևույթներից մեկն է, բայց նույնիսկ մեր սերունդը հասցրել է տեսնել, թե որքան արագ է վերափոխվում ռեստորանային ոլորտը։ Այն սկսվել է պարզ պայմաններից՝ պլաստմասե աթոռներից ու տնային տնտեսուհիների ղեկավարած խոհանոցից, իսկ այսօր այն համեմատելի է տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ։ Չնայած թվում է, թե մեծ փոփոխություններ չեն կատարվում, իրականում ոլորտում միտումները հսկայական են։ Մեծագույն մարտահրավերներից մեկն այսօր գլոբալ միտումներից հետ չմնալն է։ Սա միայն մենյուի թարմացման մասին չէ․ ավելի էական են կառավարման նոր տեխնոլոգիաները, որոնք անընդհատ զարգանում են։ Հավերժական է մնում միայն մեկ բան՝ մարդկային ռեսուրսը՝ իր գիտելիքներով և սովորելու պատրաստակամությամբ»։
«Ասադոր» ընկերության հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը առանձնացրեց մատակարարման շղթաների կայունության խնդիրը՝ այն դիտարկելով նաև որպես հնարավորություն։
«Հայաստանում մատակարարման շղթաները կարող են լուրջ մարտահրավեր լինել, բայց դա միևնույն ժամանակ կարող է դառնալ մրցակցային առավելություն։ Երբ տարիներ առաջ սկսեցինք մեր ռեստորանի համար ծովամթերք ներմուծել, դա թվում էր գրեթե անիրական։ Բայց ժամանակի ընթացքում մրցակցությունն աճեց, և մենք հասկացանք, որ եթե կարողանանք ճիշտ կառուցել մատակարարման շղթան, դա մեզ կտա լուրջ առավելություն։ Այնպես որ, որպես ապագա մասնագետներ, եթե կարողանաք նման խնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնել, դուք ինքներդ կհայտնվեք մրցապայքարի կենտրոնում»,- մատնանշեց նա։
«Կարաս» ընկերության հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը ներկայացրեց իրենց բիզնեսի զարգացման ուղին՝ ընդգծելով փոփոխությունների կարևորությունը։
«Մենք սկսել ենք փոքր տարածքում, ընդամենը 2-3 աշխատակցով։ Ես ու գործընկերս գանձապահներ էինք, և բոլոր աշխատանքները ինքներս էինք կատարում։ Երբ մտանք շուկա, այն ժամանակ գործում էին ավանդական «վետերոկային» ձևաչափի սրահները, սակայն մենք մենյուն ներկայացրինք նորովի՝ ներդնելով առաքման համակարգ, մարքեթինգային լուծումներ, գունավորումներ, ակցիաներ։ Մեր հաջողության բանալին էր հենց այս փոփոխություններին համարձակորեն պատասխանելը։ Թվում է՝ ոլորտում աշխատելը հեշտ է, բայց իրականում այն բարդ ոլորտ է, և շատ դժվարություններ, որոնք մեզ համար ակնհայտ են, սկսնակների համար հաճախ անտեսանելի են»,- նշեց նա։
Քննարկման վերջում բանախոսները ներկայացրին նաև իրենց բիզնեսների հաջողության պատմությունները, ինչպես նաև պատասխանեցին ներկաների հարցերին։






