- Գլխավոր
- Նորություններ
- Տարեվերջյան ամփոփումներ․ ԵՊՀ ԳԽ արտահերթ նիստի ժամանակ ներկայացվեցին ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները
Դեկտեմբեր 11, 2025 | 14:41
Հասարակություն
Շարունակական կրթություն
Տարեվերջյան ամփոփումներ․ ԵՊՀ ԳԽ արտահերթ նիստի ժամանակ ներկայացվեցին ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ուսումնական ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման առաջին նիստը, որի ընթացքում մի շարք ֆակուլտետների և ակադեմիական կենտրոնների ղեկավարներն ամփոփեցին տարվա գործունեությունը, ներկայացրին հիմնական ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը։ Նիստը ուղեկցվեց հարցուպատասխաններով և մասնագիտական քննարկումներով։
Տարեվերջյան նիստը հնարավորություն տվեց ամփոփելու համալսարանի տարբեր ֆակուլտետների, կենտրոնների և ինստիտուտների տարեկան գործունեությունը, գնահատելու կատարված աշխատանքը, ինչպես նաև ձևակերպելու առաջիկա տարվա ռազմավարական առաջնահերթությունները։ Առաջին նիստին իրենց հաշվետվություններով հանդես եկան ուսումնական 12 ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով թե՛ ձեռքբերումները, թե՛ առաջնային խնդիրները։
Օրակարգի հաստատումից հետո ներկայացվեցին հաշվետվությունները։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն ընդգծեց, որ ֆակուլտետն իրականացրել է տարվա ընթացքում նախատեսված գործողությունների հիմնական մասը։ Նա նշեց, որ ստորաբաժանման հաջորդ տարվա առաջնահերթությունները միտված են բարձրացնելու կրթական ծրագրերի որակը, ապահովելու գիտահետազոտական ներուժի աճ, ընդլայնելու գործակցային կապերը և զարգացնելու ակադեմիական համայնքի կարողությունները։ Հաջորդ քայլերը հիմնվելու են արդեն ձեռք բերված հաջողությունների վրա՝ հնարավորություն տալով զարգացնելու մրցունակ, գիտահենք և միջազգային չափանիշներին համահունչ կրթական միջավայր։
2024–2025 ուսումնական տարում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության արդյունքները, ըստ դեկանի հաշվետվության, վկայում են այն մասին, որ ֆակուլտետի առաջարկած կրթական ծրագրերն այսօր արդիական են և համապատասխան աշխատաշուկայի պահանջներին։ Խոսելով այս մասին՝ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը նշեց, որ մեծաթիվ դիմորդների հետաքրքրվածությունը փաստում է կրթական ծրագրերի մրցունակության ու շարունակական զարգացման անհրաժեշտության մասին։ 2024-2025 ուսումնական տարում ֆակուլտետում առկա և հեռակա ուսուցման ձևերով բակալավրի ու մագիստրոսական կրթական ծրագրերում ուսումնառել է 1450 ուսանող:
Դեկանի խոսքով՝ ֆակուլտետում կրթական ծրագրերի որակի բարելավման ու արդիականացման շրջանակում հաշվետու ուսումնական տարում շարունակվել են համապատասխան աշխատանքները․ վերանայվել են բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի 15 ուսումնական պլանները, դասընթացների բովանդակային կողմն ու ուսումնական նյութերը: Առանձնակի կարևորություն է տրվել հետազոտական բաղադրիչի ներդրմանը, քանի որ ֆակուլտետում մեծ դերակատարում ունի հետազոտահենք կրթության բաղադրիչը:
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Պարգև Բարսեղյանի խոսքով՝ 2024-2025 ուստարին բավականին հաջող էր․ արձանագրվել է դիմորդների մեծ թիվ «Վարդապետական աստվածաբանություն» մագիստրոսական ծրագրում: Ի տարբերություն նախորդ ուստարվա՝ այս տարի հաջողվեց հատկացված անվճար և վճարովի տեղերի մեծ մասը համալրել ֆակուլտետի շրջանավարտների և այլ բուհերից եկած դիմորդների հաշվին: Հաջողությամբ լիցենզավորվել է նոր՝ «Կրոնական զբոսաշրջություն» մեկամյա մագիստրոսական ծրագիրը, ինչպես նաև աշխատանքներ են տարվել «Վարդապետական աստվածաբանություն» մագիստրոսական ծրագրի բարելավման ուղղությամբ:
Ներկայացնելով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ձեռքբերումներն ու ընթացիկ տարում անցկացված գիտաժողովների մանրամասները՝ դեկան Արշալույս Գալստյանն ասաց, որ բոլոր գիտաժողովներին զեկուցումներով են հանդես եկել ֆակուլտետի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ։ Հաշվետու տարվա ընթացքում ֆակուլտետում կայացել են 12 գրքերի շնորհանդեսներ, որոնց մասնակցել են հանրապետության և արտերկրից ժամանած բազմաթիվ մասնագետներ։
Ֆակուլտետում ստեղծվել է շրջանավարտների հետ կապի առանձին հարթակ, աշխատանքներ են տարվել ֆակուլտետի՝ նախորդ տարիների շրջանավարտների տվյալները հավաքագրելու ուղղությամբ, ինչը հնարավորություն է տվել հետադարձ կապ հաստատելու շրջանավարտների հետ՝ տարվա ընթացքում նրանց տեղեկացնելով ֆակուլտետում տեղի ունեցող գիտաժողովների, աշխատաժողովների և տարբեր միջոցառումների մասին։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, խոսելով ֆակուլտետի ընթացիկ գործունեության և արձանագրած արդյունքների մասին, ընդգծեց, որ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները միտված են կրթական գործընթացի որակավորման բարձրացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և ուսանողների մասնագիտական աճի հնարավորությունների ստեղծմանը։
Տիգրան Եփրեմյանը, խոսելով հաջորդ ուսումնական տարվա առաջնահերթությունների մասին, նշեց, որ նախատեսվում է ստեղծել «Միջազգային հարաբերությունների հետազոտության կենտրոն» անվամբ ուղեղային կենտրոն, շարունակել «YSU Journal of International Affairs» («YSUJIA») հանդեսի միջազգայնացման և ինդեքսավորման գործընթացը, մեկնարկել մագիստրոսական նոր ծրագիր՝ «Միջազգային անվտանգություն և կայուն զարգացում», ինչպես նաև ակտիվացնել միջազգային դասախոսների ներգրավումը և փոխանակման ծրագրերը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը նշեց, որ ֆակուլտետի համագործակցությունն այս շրջանում զգալիորեն ակտիվացել է մի շարք պետական կառույցների, այդ թվում՝ Արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի, Դատական դեպարտամենտի, ՆԳՆ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ազգային ժողովի, Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի հետ։ Դեկանի խոսքով՝ այս համագործակցությունները նպաստել են ուսանողների համար կազմակերպվող մասնագիտական և արտալսարանային պրակտիկաների, քննարկումների, հրավիրյալ դասախոսությունների և գիտաժողովների անցկացմանը։ Նա ընդգծեց, որ ֆակուլտետի աջակցությամբ դատաիրավական համակարգում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 30 ուսանող։ Հ․ Խաչիկյանն անհրաժեշտ է համարում շրջանավարտներին աշխատանքով ապահովելու գործընթացն առավել նպատակահարմար դարձնելու համար կազմակերպել գործատուների հետ հանդիպումներ՝ տարբեր ձևաչափերով։ Օրինակ՝ աշխատանքի տոնավաճառներ, որոնց ընթացքում էլ գործատուն կկարողանա հանդիպել ուսանողների հետ, ընտրել իր կառույցի համար անհրաժեշտ կադրերին:
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանն ընդգծեց, որ կենտրոնը ակտիվորեն աշխատել է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի բարելավման, ԿԱՊԿՈՒ ուսանողների համար հեռավար ուսուցման կազմակերպման, դպրոցի և համալսարանի միջև կապի ամրապնդման, ինչպես նաև միջազգային և գիտական համագործակցության ուղղություններով: Նա հավելեց, որ կենտրոնը շարունակել է ուսանողական կյանքը աշխուժացնելու, հետազոտական հմտությունները զարգացնելու և կրթական նոր նախաձեռնություններ իրականացնել, ներառյալ՝ Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիայի հիմնումը (լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են) և վերապատրաստման տարբեր ծրագրերի կազմակերպումը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ 2024/25 ուսումնական տարին «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի համար եղել է որակական փոփոխությունների, համագործակցային մոդելների ընդլայնման և միջգիտակարգային մոտեցումների ամրապնդման շրջան։ Ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համատեղ, ուղղված է դուալ կրթության մոդելի ներդրմանը և սովորողին գիտելիք ու հմտություն տալու՝ անմիջապես գործնական արդյունք ստեղծելու հնարավորությամբ՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին ու աշխատաշուկայի պահանջներին։
Ըստ նրա՝ թվային փոփոխությունների և մասնագիտական պահանջների վերաձևավորման համատեքստում բուհական կրթական ծրագրերի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է։ Նա ընդգծեց, որ այսօր բուհերի գլխավոր նպատակը այնպիսի ճկուն ծրագրեր ստեղծելն է, որոնք կօգնեն պատրաստել մասնագետներ արագ փոփոխվող և բազմապրոֆիլ միջավայրում գերազանցության հասնելու համար։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը, խոսելով կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտակրթական իրադարձություններից, կրթական ծրագրերի բարելավման ընթացքից զատ կարևորեց նաև 2025 թ. հունվարի 1-ից մեկնարկած «Եվրոպական ուսումնասիրությունների «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» («DeHuRiS») ծրագիրը, որն իրականացվում է «Էրազմուս+»-ի «Ժան Մոնե» ծրագրի շրջանակում, 36 ամիս տևողությամբ (մինչև 2027 թ. դեկտեմբերի 30-ը)։ «DeHuRiS» ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել գարնանային, ամառային, ձմեռային դպրոցներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, տարեկան դասախոսություններ, վերապատրաստումներ, գիտաժողովներ և միջոցառումներ։
Նա նշեց, որ կենտրոնի առաջնահերթ նպատակներն են միջազգային համագործակցության խթանումը, կրթության ներառականության ապահովումը և ծրագրերի որակի բարելավումը մշտադիտարկման մեխանիզմներով։ Նա ընդգծեց նաև կենտրոնի հանրահռչակմանն ուղղված աշխատանքների բարելավման անհրաժեշտությունը գիտաժողովների, քննարկումների և մասնագիտական ցանցերի միջոցով, ինչպես նաև միջգիտակարգային հետազոտությունների խթանումը ուսանողների ու շրջանավարտների ներգրավմամբ, նորարարական լուծումների ու գիտելիքների փոխանակման ապահովման համար։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ֆակուլտետի ուսանողության առաջադիմության, ներկայության, հասարակական, կազմակերպական ակտիվության պատկերը դրական է։ Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ նա հավելեց, որ ծրագրում են շարունակել ֆակուլտետի առաջընթացը խթանող հիմնական ուղղությունների զարգացումը, մասնավորապես՝ կրթական ծրագրերի բարելավում, միջազգային համագործակցության ակտիվացում, գիտաժողովների, ամառային դպրոցների կազմակերպում։ Մասնավորապես՝ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում «Օրբելի» միջազգային արևելագիտական ամառային դպրոցը 2026 թվականին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում։
Ծրագրվում է նաև ֆակուլտետում հիմնել թուրքագիտական գրադարան-լսարան, որը կհամալրվի տարբեր երկրներում տպագրվող թուրքագիտական գրականությամբ և շատ օգտակար կլինի ուսանողների համար։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը ամփոփեց ֆակուլտետի գործունեությունը՝ անդրադառնալով կրթական ծրագրերի ու մագիստրատուրայի առաջընթացին, ուսանողների և ասպիրանտների հաջողություններին, գիտահետազոտական աշխատանքի ակտիվությանը, գործընկերների հետ տեղական և միջազգային համագործակցությանը, շրջանավարտների ներգրավվածությանը, ենթակառուցվածքների պայմաններին և ֆակուլտետի զարգացման հեռանկարներին։
Նա ընդգծեց, որ հաջորդ ուսումնական տարվա առաջնահերթություններն են դասավանդման և պրակտիկաների զարգացման խորացումը, կրթական ծրագրերի որակի մշտադիտարկումը, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական աճի ապահովումը, հեռաուսուցման դասընթացների արդիականացումը, միջազգային համագործակցության ընդլայնումը և գիտական հրապարակումների ակտիվացումը՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը նույնպես ամփոփեց հաշվետվությունների շարքը՝ ներկայացնելով ինստիտուտի հետազոտական գործունեությունը, կրթական ծրագրերի զարգացումները, միջազգային համագործակցությունը և առաջիկա առաջնահերթ ուղղությունները հայագիտական ոլորտում։
Նա կարևորեց «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի արդիականացման և վերագործարկման աշխատանքները, ակադեմիական համակազմի ակտիվությունը, գիտահետազոտական և միջազգային համագործակցությունների ընդլայնումը, ուսանողների հաջողությունները, գիտահետազոտական ծրագրերում ներգրավվածությունը, դրամաշնորհների և հրապարակումների ոլորտում ձեռքբերումները, ինչպես նաև ինստիտուտի ենթակառուցվածքների վիճակը և 2026 թվականին նախատեսվող կրթական, գիտական ու միջազգային նախաձեռնությունները՝ ինստիտուտի ռազմավարական նպատակների և միջազգային տեսանելիության ապահովման համատեքստում։
ԵՊՀ գիտական խորհրդի անդամների ներկայացրած բոլոր հաշվետվությունները հաստատվեցին նիստի ավարտին կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում։
Նշենք նաև, որ ս․թ․ դեկտեմբերի 12-ին կկայանա տարեկան հաշվետվության երկրորդ նիստը, որտեղ կներկայացվեն մնացյալ ստորաբաժանումների գործունեությունը, ապագա ծրագրերը։











