- Գլխավոր
- Նորություններ
- «Առաջին կուրսից իմ նպատակն էր ուսանել Իտալիայում»․ ԵՊՀ ուսանող Լիլիթ Հովսեփյան
Դեկտեմբեր 23, 2025 | 15:34
Կրթություն
Ուսանողական
«Առաջին կուրսից իմ նպատակն էր ուսանել Իտալիայում»․ ԵՊՀ ուսանող Լիլիթ Հովսեփյան
«Էրազմուս+» փոխանակման ծրագիրը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հովսեփյանին հնարավորություն տվեց հինգ ամիս ապրելու ու սովորելու Վենետիկում (Իտալիա) և նորովի բացահայտելու ինքն իրեն։ «Կրթական համակարգն ու դասավանդման մոտեցումները էականորեն տարբերվում էին։ Երբ սովորում ես օտար երկրում, կրթական գործընթացը օտար լեզվով է, իսկ կուրսընկերներիցդ յուրաքանչյուրը ներկայացնում է բոլորովին այլ մշակույթ, որին, գուցե, մինչ այդ ծանոթ չէիր, սկսում ես ուսումնասիրել, բացահայտել, և աստիճանաբար ձևավորվում է նոր աշխարհընկալում, նոր մտածելակերպ»,- շեշտում է ԵՊՀ ուսանողը։
Լիլիթը մատնանշում է, որ կրթական համակարգն ու դասավանդման մոտեցումները բավականին տարբեր էին, ինչի շնորհիվ նա հնարավորություն ունեցավ բազմաթիվ թեմաներ դիտարկելու այլ տեսանկյունից։ Նրա համար իտալերենով հաղորդակցությունը լեզվակիրների հետ լիովին նոր փորձառություն էր․ սկզբում դա փոքր-ինչ բարդ էր, սակայն ժամանակի ընթացքում դարձավ շատ հաճելի զբաղմունք։
Հակասական զրույց
- Ամենադժվարը․․․
- Ամենադժվարը տարբեր մշակույթների ներկայացուցիչներին հասկանալն էր, սակայն հենց դա էլ դարձավ իմ ուժեղ կողմը։
- Ինչպե՞ս էիք պատկերացնում ուսումն արտերկրում, և ինչպիսի՞ն էր այն իրականում։
- Մտածում էի, որ դասընթացները չափազանց սովորական և ստանդարտ կլինեն, բայց՝ ոչ։ Շատ հետաքրքիր գործնական դասեր եմ ունեցել, ինչպես, օրինակ, «Վենետիկյան արվեստ և հնագիտություն» («Venetian Art and Archaeology») դասընթացը, որի շրջանակում այցելել ենք Վենետիկի եկեղեցիներ՝ տեսական նյութի վերաբերյալ առավել պատկերավոր և առարկայական պատկերացում կազմելու նպատակով։
- Ինչպե՞ս էիք պատկերացնում մարդկանց, և ինչպիսի՞ն էին նրանք իրականում։
- Ես լսել էի, որ Իտալիայի հյուսիսում մարդիկ ավելի սառն են, իսկ հարավում` հակառակը․ ամեն ինչ հենց այդպես էր։ Բարդ էր իտալացի երիտասարդների հետ շփումը, իսկ տատիկների ու պապիկների հետ զրույցն ավելի հետաքրքիր էր ստացվում․ նրանք յուրահատուկ էին ու կյանքով լեցուն։
- Դասերի ընթացքում ի՞նչն էր Ձեզ համար դժվար թվում, սակայն վերջում պարզվեց, որ ամենահեշտն էր։
- Կարծում էի, որ քննությունները շատ բարդ կլինեն, քանի որ դասապրոցեսն անցկացվում էր անգլերենով և իտալերենով, իսկ դասախոսները բավականին պաշտոնական էին, սակայն իրականում ամեն բան հարթ ընթացավ։
- Ի՞նչն էր Ձեզ ոգեշնչում այնտեղ սովորելիս։
- Սերը իտալերենի և իտալացիների նկատմամբ։ Դեռ առաջին կուրսից իմ նպատակն էր «Էրազմուս+» ծրագրի միջոցով Իտալիայում ուսանելը, և երբ իրագործեցի երազանքս, իմ մոտիվացիան կրկնապատկվեց։
- Ինչպե՞ս եք փոխվել որպես ուսանող։
- Այժմ ավելի հստակ եմ պատկերացնում՝ ինչպես առավել արդյունավետ կերպով նոր լեզու սովորել։ Ինձ համար բացահայտեցի նոր ռազմավարություններ՝ նյութն ավելի հեշտ ընկալելու համար։
– Ի՞նչ կցանկանայիք փոխառել Իտալիայի համալսարանական համակարգից և ներդնել ԵՊՀ-ում։
- Կցանկանայի, որ ԵՊՀ-ում լիներ մի փոքր ավելի շատ ազատություն, այսինքն՝ ուսանողը հնարավորություն ունենար ընտրելու այն առարկաները, որոնք իրեն իսկապես հետաքրքրում են, այլ ոչ թե ստիպված լիներ դասերին հաճախելու միայն բացակայություններից խուսափելու համար։ Իտալիայում ուսանողների մտածելակերպը այլ է․ նրանք հասկանում են, որ ուսանող լինելը նաև պատասխանատվություն է, և դասերին հաճախելը՝ սեփական ընտրություն։ Այնտեղ մեզ հենց սկզբից հնարավորություն տրվեց ընտրելու նախընտրելի առարկաները, իսկ եթե որևէ դաս հետաքրքիր չէր, ցանկացած պահի կարող էինք դուրս գալ և այն փոխարինել մեկ ուրիշով։
- Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ ուրիշ լեզվով լսեցիք Ձեր անունը։
- Իտալացիներին հետաքրքում էին իմ անվան ծագումն ու պատմությունը, և նրանք միշտ արտասանում էին անունս` շեշտը դնելով առաջին վանկի վրա։ Իսկ զգացողություններս աննկարագրելի էին․․․ Այդ յուրօրինակ զգացողությունն ունենում եմ նաև հիմա, երբ մտաբերում եմ, թե օտարերկրացի ընկերներիցս ով ինչպես էր անունս արտաբերում։
Մեկ էջ, մեկ պատմություն
Պատմում է Լիլիթը․․․
Այս փորձառությունը սովորական չէր․ այն լի էր արկածներով և նոր բացահայտումներով։ Ես հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, որոնցից մի քանիսը դարձան իմ լավագույն ընկերները՝ անգամ մեծ հեռավորության պայմաններում։ Կարծում եմ՝ որքան էլ մարդը ձեռք բերի գիտելիքներ, տիրապետի տարբեր հետաքրքիր ռազմավարությունների և ծանոթանա բազմազան մշակույթների, ամենաարժեքավորը, որ մնում է, ընկերությունն է։
Արտերկրում ուսանելու ժամանակ ծանոթացա այժմ արդեն իմ լավագույն ընկերներից մեկի հետ, որն ազգությամբ պորտուգալացի է։ Մենք այնքան էինք պատմել նրան հայերի, մեր մշակույթի և սովորույթների մասին, որ նրա ամբողջ ընտանիքը մեզ ընդունեց շատ ջերմորեն։ Ես իսկապես հասկացա, որ հաջողել եմ, երբ իմ հայ ընկերներից մեկի հետ գնացի Պորտուգալիա, իսկ արտերկրի իմ ընկերը, նրա ընտանիքը և ընկերուհին մեզ ընդունեցին, հյուրընկալեցին, և մենք միասին անցկացրինք անչափ հաճելի և հիշարժան ժամանակ։
Այդ պահին հասկացա, որ «Էրազմուս+» ծրագրի ամենամեծ արժեքը ոչ միայն կրթական փորձն է, այլև ձևավորված մարդկային կապերը։
Ընտրությունը՝ կարևոր
- Ձեր առաջին շաբաթն արտերկրում։
- Անսովոր։
- Ձեր սիրելի իտալերեն բառը։
- Malincuore (հայերեն` դժկամությամբ)։
- Ձեր ամենաանսպասելի մշակութային բացահայտումը:
- Ինձ համար մշակութային մեծ բացահայտում էր Նեապոլը՝ նշանավոր քաղաքներից մեկը, որը հակասությունների քաղաք է, և դու բախտավոր ես, եթե չես ընկել ավտոմեքենայի կամ մոպեդի տակ։ (ժպտում է,- հեղ․)
- Ձեր ամենատպավորիչ համալսարանական պահը։
- Կուրսընկերներով Վենետիկի կառնավալին բնորոշ տեղական քաղցրավենիքները փորձարկելը․ մի իրադարձություն, որը լի էր ուրախությամբ ու նոր ճաշակների բացահայտումով։
- Ձեզ զարմացրած լսարանային վարքը։
- Իտալացիները դասերին աշխատում են համակարգիչներով և ամբողջ դասին «կտկտացնում» են, ուստի դժվար է դասախոսին լսելը։
- Ձեզ հանդիպած ամենատարօրինակ կանոնը։
- Խոսի՛ր իտալերեն, եթե չես ուզում, որ ցանկացած իր քեզ ավելի թանկ վաճառեն։
- Ձեր ամենախելահեղ ուսանողական օրն արտերկրում։
- Գնացքից չուշանալու համար գնացքի գծերով թռչել-անցնելը։
Նշենք, որ Լիլիթը ներկայում աշխատում է որպես իտալերենի ուսուցիչ։ Նա նշում է, որ Իտալիայում ստացած կրթությունն ու փորձը մեծապես նպաստեցին իր գիտելիքների ու ինքնավստահության զարգացմանը։
«Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք կկարողանայի այս ուղղությամբ աշխատել մինչ Իտալիայում ուսանելը։ Պատասխանը բացասական է, քանի որ ավելի շատ գիտելիքներ ու ինքնավստահություն ձեռք բերեցի հենց այնտեղ»,– ամփոփում է նա։
ԵՊՀ ուսանողը ցանկանում է ուսումը շարունակել արտերկրում՝ մագիստրոսական որևէ ծրագրով, սակայն թե որտեղ և ինչ ոլորտում, դեռ չի որոշել։