- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ երիտասարդ գիտնականի հաղթանակը միջազգային մրցույթում
Հունվար 07, 2026 | 15:39
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ երիտասարդ գիտնականի հաղթանակը միջազգային մրցույթում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անի Հարությունյանը մասնակցել է Աստանայում (Ղազախստան) անցկացված «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» միջազգային մրցույթին և հաղթել «Բժշկություն և առողջապահություն» անվանակարգում՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում և արձանագրելով կարևոր ձեռքբերում:
Մրցույթին մասնակցելու գաղափարը ձևավորվել է դեռևս 2023 թվականին, երբ Անի Հարությունյանը և իր գիտական խումբը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի մրցույթին և հաղթել «Կենսաբանական գիտություններ» անվանակարգում։ 2025 թվականին նախարարությունից ստացած հրավերի արդյունքում նախագիծը ներկայացվել է արդեն միջազգային հարթակում։
Աստանայում անցկացված մրցույթը տևել է երկու օր, որին մասնակցել են շուրջ 60 երիտասարդ գիտնականներ և նորարարներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից։ Առաջին օրը կազմակերպվել է ցուցահանդես, իսկ երկրորդ օրը՝ մրցութային փուլը, որի ընթացքում մասնակիցները տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված ժյուրիին են ներկայացրել իրենց նախագծերը։ Գնահատումը կատարվել է միավորային համակարգով և գաղտնի քվեարկությամբ։
Անի Հարությունյանը ներկայացրել է նորարարական հակամանրէային միջոց, որը հիմնված է կանաչ սինթեզի մեթոդով ստացված արծաթի նանոմասնիկների վրա։ Հետազոտության հիմքում ընկած է արծաթի նանոմասնիկների կենսասինթեզը, որը կատարվել է Spirulina platensis ցիանաբակտերիայից անջատված ֆիկոցիանին պիգմենտի միջոցով։ Ստացված նանոմասնիկներն օժտված են հակաբակտերիական ազդեցությամբ: Ուսումնասիրվել են նաև դրանց հակասնկային, հակաքաղցկեղային և հեմոլիտիկ (արյան կարմիր բջիջների` էրիթրոցիտների նկատմամբ տոքսիկություն) հատկությունները։
Այս աշխատանքը կազմում է Անի Հարությունյանի ասպիրանտական ատենախոսության կարևոր մասը։ ԵՊՀ համապատասխան լաբորատորիայում նանոմասնիկների հետազոտությունները կատարվում են արդեն մի քանի տարի. սկզբնական փուլում ուսումնասիրվել են քիմիական մեթոդով սինթեզված նանոմասնիկները, իսկ ներկայում գիտական խումբը կենտրոնացած է կանաչ սինթեզի վրա՝ որպես առավել անվտանգ և կենսահամատեղելի մոտեցում։
Հետազոտությունները շարունակվում են՝ առավել խորությամբ ուսումնասիրելով նանոմասնիկների ազդեցության մեխանիզմները, հատկապես դրանց հակամանրէային և հակաքաղցկեղային ներուժը, ինչը խոստումնալից ուղղություն է կենսաբժշկության ոլորտում։
«Բժշկություն և առողջապահություն» անվանակարգում մրցույթին ներկայացվել էր 12 նախագիծ: Անի Հարությունյանը նշում է, որ մրցակցությունը բավականին լուրջ էր, քանի որ ներկայացվել էին ուժեղ և հետաքրքիր նախագծեր: Այն միաժամանակ նաև չափազանց մոտիվացնող միջավայր էր մասնագիտական հաղորդակցության և հետագա համագործակցությունների տեսանկյունից։ Մրցույթի արդյունքում նույն անվանակարգում հաղթող են ճանաչվել Հայաստանն ու Տաջիկստանը:
ԵՊՀ ասպիրանտի՝ միջազգային հարթակում ներկայացված հետազոտությունը կատարվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանի ղեկավարությամբ։ Նրանց գիտական խումբը շուրջ 10 տարի զբաղվում է նանոմասնիկների կանաչ սինթեզով՝ օգտագործելով Հայաստանում մեկուսացված ցիանաբակտերիաների և կանաչ ջրիմուռների կենսազանգվածը։
Այս նախագծի շրջանակում առաջին անգամ հաջողվել է ֆիկոցիանինը կիրառել որպես նանոմասնիկների կանաչ սինթեզի հարթակ։ Ֆիկոցիանինը ցիանաբակտերիաների կարևոր ֆոտոսինթեզային պիգմենտ է, որն այսօր լայնորեն կիրառվում է կենսատեխնոլոգիայում, կենսաբժշկության, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ոլորտներում։ Նորարարական այս մոտեցումն ընձեռում է նանոմասնիկների կիրառման նոր հնարավորություններ հատկապես բժշկության և առողջապահության ոլորտներում։





