- Գլխավոր
- Նորություններ
- Արհեստական բանականությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և հետազոտություններ կատարելու գործիք. վերապատրաստում ԵՊՀ դասախոսների համար
Հունվար 16, 2026 | 11:54
Գիտություն
Հասարակություն
Շարունակական կրթություն
Արհեստական բանականությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և հետազոտություններ կատարելու գործիք. վերապատրաստում ԵՊՀ դասախոսների համար
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «ռեԱրմենիա» ընկերության համագործակցությամբ վերջերս անցկացվեց դասախոսների համար նախատեսված վերապատրաստում՝ նվիրված արհեստական բանականությանը (ԱԲ)։ Վերապատրաստման նպատակն էր դասախոսներին ծանոթացնել դասավանդման և հետազոտությունների շրջանակում կիրառելի ԱԲ գործիքներին և ռազմավարական հմտություններին՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներն ու մոտեցումները վստահ և արդյունավետ կիրառելու համար։
Դասընթացին մասնակցել է ԵՊՀ տարբեր ֆակուլտետների շուրջ 80 դասախոս: Մասնակիցները ծանոթացել են կրթական միջավայրում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, ինչպես նաև պատկերացում կազմել, թե ինչպես կարելի է նախապատրաստել և՛ իրենց, և՛ կրթական հաստատությունները ԱԲ-ի վրա հիմնված ուսուցման նոր մոդելներին։ Ներկայացվել և քննարկվել են կրթական փոխակերպումների հնարավորությունները անհատականացված ուսուցման, ուսումնական բովանդակության ստեղծման պարզեցման և ուսանողների ներգրավվածության բարձրացման միջոցով։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, անդրադառնալով նոր ծրագրին, ասաց․ «Վերապատրաստման գաղափարը ձևավորվել է դասախոսների կարիքների գնահատման արդյունքում, երբ դասախոսների մեծ մասը նշել էր, որ արհեստական բանականության գործիքներին տիրապետելու անհրաժեշտություն ունի։ Ուսանողներն արդեն իսկ ակտիվորեն օգտագործում են ԱԲ գործիքներ, ուստի դասախոսների համար կարևոր է ոչ միայն բացահայտել ու արձագանքել նման գործքիների կիրառմանը, այլև դրանք ճիշտ կիրառել կրթական և հետազոտական գործընթացում»։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության գործիքները կարող են զգալիորեն թեթևացնել դասախոսների մասնագիտական ծանրաբեռնվածությունը, ինչն էլ վերապատրաստման հիմնական նպատակներից է։
«Ծրագիրը մշակվել է հենց դասախոսների բարձրաձայնած խնդիրների հիման վրա։ Ավելին՝ վերապատրաստման բովանդակությունը վերջնականացնելու փուլում վերապատրաստողները ևս կատարել են կարիքների լրացուցիչ գնահատում՝ պարզելու, թե կոնկրետ որ ուղղություններով է անհրաժեշտ առավել մեծ շեշտադրում»,- ընդգծեց Լ․ Խառատյանը։
Անդրադառնալով այս ծրագրի կարևորությանը՝ նա հավելեց․ «Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը սպասվածից էլ մեծ էր․ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց արդեն գրանցվել էր 80 մասնակից, և գրանցումը փակվել էր։ Դրանից հետո բազմաթիվ դասախոսներ կապվում էին մեզ հետ՝ հայտնելով, որ չեն հասցրել գրանցվել։ Ցավոք, առաջին խմբում նրանց ընդգրկել չհաջողվեց, սակայն առաջիկայում նախատեսվում է դասընթաց կազմակերպել նաև երկրորդ խմբի համար»։
Ծանոթանալով վերապատրաստման արդյունքներին և մասնակիցների կարծիքներին՝ իրականացնող կազմակերպության հետ համատեղ ՇԿԿ-ն ներկայում վերանայում է ծրագիրը՝ այն դասախոսների կարիքներին է՛լ ավելի համապատասխանեցնելու համար: Նախատեսվում է, որ այս տարի ևս 80 դասախոս կվերապատրաստվի բարելավված ծրագրով:
Ծրագրի շրջանակում անդրադարձ է կատարվում արհեստական բանականության գործիքների կիրառման տարբեր թեմաների՝ սկսած դասապլանների և կրթական ծրագրերի մշակման գործընթացից մինչև սահիկաշարերի պատրաստում և հետազոտական նպատակներով համապատասխան ԱԲ գործիքների ընտրություն ու արդյունավետ օգտագործում։
«Հիմնական շեշտը դրված է այն գործիքների վրա, որոնք կարող են հեշտացնել դասախոսների դասավանդման գործընթացը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Կարևոր է նաև ճիշտ հասկանալ, թե որ գործիքը որ նպատակի համար է առավել արդյունավետ և ինչպես է պետք այն կիրառել»,- եզրափակեց Լուսինե Խառատյանը։
Դասընթացի մասնակից, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Գոռ Աբրահամյանը նշում է, որ դասընթացը մեծ պահանջարկ ունի, ինչի վկայությունն է արդեն իսկ առաջին փուլին մասնակցության հայտ ներկայացրած դասախոսների մեծ թիվը։
«Դա պատահական չէ, քանի որ խոսքը վերաբերում է արհեստական բանականության կիրառման հնարավորություններին թե՛ ուսումնական, թե՛ գիտաուսումնական գործընթացներում։ Ակնկալիքները մեծ էին, և հարկ է նշել, որ դրանք մեծավ մասամբ արդարացվեցին»,- ընդգծեց նա։
Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ծրագրի ընթացքում ներկայացվել են ընտրովի, սակայն իրականում անհրաժեշտ գործիքներ, որոնք կարող են կիրառվել ինչպես դասապրոցեսի կազմակերպման, այնպես էլ ուսումնական ծրագրերի մշակման, ուսանողների հետ արդյունավետ հետադարձ կապի ապահովման համար։
«Գիտական տեսանկյունից ևս դասընթացը կարևոր էր․ ներկայացվեցին գիտական տարբեր շտեմարաններից և աղբյուրներից օգտվելու հնարավորություններ, ինչպես նաև կոնկրետ թեմատիկ վերլուծությունների գործընթացը հեշտացնող գործիքներ։ Ընտրված թեմաները բավականին թիրախային էին, ինչի արդյունքում, կարելի է ասել, ծրագիրը հաջողեց»,- շեշտեց նա։
Դասընթացի մասնակից, ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Անի Չախոյանը նշեց. «Չնայած, որ աշխատանքի բերումով արդեն իսկ ակտիվորեն կիրառում էի արհեստական բանականության մի շարք գործիքներ, այս դասընթացը ինձ համար բացահայտեց նոր հորիզոններ։ Այն հագեցած էր և, ամենակարևորը, առավելագույնս կիրառական։ Մենք չսահմանափակվեցինք միայն տեսական գիտելիքներով, այլև ծանոթացանք կոնկրետ և արդիական գործիքների»։
Նրա շեշտեց, որ վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն արդեն իսկ սկսել է կիրառել աշխատանքային գործընթացում՝ զգալիորեն բարձրացնելով ուսումնական գործընթացի արդյունավետությունը։
«Տեխնոլոգիաների գերարագ զարգացման այս ժամանակաշրջանում այսօրինակ դասընթացները պարզապես անհրաժեշտություն են։ Կարևոր է ոչ միայն տիրապետել նոր գործիքներին, այլև դրանք նպատակային կերպով ծառայեցնել կրթության որակի շարունակական բարելավմանը»,- ընդգծեց Անի Չախոյանը։



