- Գլխավոր
- Նորություններ
- Հայաստանի կրթական համակարգը․ փոփոխություններ, մարտահրավերներ և ռազմավարական հեռանկարներ
Մարտ 06, 2026 | 14:45
Կրթություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Հայաստանի կրթական համակարգը․ փոփոխություններ, մարտահրավերներ և ռազմավարական հեռանկարներ
«Խորհրդային տարիներին ունեինք մոտ 50 000 ուսանող, սակայն 2000-ականներին նրանց թիվը գերազանցեց 100 000-ը»,- փաստում է ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը, որը կատարել է ուսումնասիրություն՝ նվիրված 1991–2023 թթ. Հայաստանի կրթության ժողովրդագրության և խնդիրների վերլուծությանը։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանի հետազոտությունը տպագրվել է «Հայաստանի անկախության ազգաբանություն. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» վերտառությամբ գիտական հոդվածների ժողովածուում։ Նրա հետ զրուցել ենք «Հայաստանի կրթության ժողովրդագրության և խնդիրների վերլուծություն» խորագրով հոդվածում տեղ գտած կարևոր շեշտադրումների մասին։
- Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ փոփոխություններ եք արձանագրել Հայաստանի դպրոցների և աշակերտների թվի առումով՝ սկսած 1991 թվականից։ Ի՞նչ մարտահրավերներ են ստեղծում ներկայում թերհամալրված դպրոցները:
- Կրթական համակարգի ամենակարևոր փոփոխությունները կապված են աշակերտների և ուսանողների թվաքանակի փոփոխության հետ։ 1991 թվականին ունեինք մոտ 600 000 աշակերտ և շուրջ 1400 դպրոց։ Այսօր դպրոցների թիվը գրեթե նույնն է, սակայն աշակերտների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 420 000-ի։ Եվ սա այն պայմաններում, երբ ժամանակին գործում էր 10-ամյա կրթություն, այսինքն՝ աշակերտներն ավելի քիչ տարիներ էին անցկացնում դպրոցում, քան այժմ։
Ներկայում ունենք 12-ամյա կրթական համակարգ, սակայն, չնայած ուսման տևողության ավելացմանը, աշակերտների ընդհանուր թիվը զգալիորեն կրճատվել է։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում փակվել են պետական որոշ դպրոցներ, սակայն դրանց փոխարեն բացվել է շուրջ 45 մասնավոր դպրոց։
Եթե խորհրդային տարիներին թերհամալրված դպրոցներ գրեթե չկային, ապա այսօր Հայաստանում կան դպրոցներ, որտեղ սովորում է ընդամենը 2, 4, 6 կամ 10 աշակերտ։ Նույնիսկ մեկ աշակերտ ունեցող դպրոցը պետք է ունենա տնօրեն, բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչներ, հաշվապահ, անվտանգության և այլ աշխատակիցներ։
Օրինակ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկը մի քանի տարի առաջ ուներ ընդամենը 2 աշակերտ, և պետությունը յուրաքանչյուր աշակերտի վրա տարեկան ծախսում էր շուրջ 15 միլիոն ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 35 000 ԱՄՆ դոլար մեկ աշակերտի համար։ Մինչդեռ աշխարհի ամենահարուստ երկրներում անգամ նման ծախսեր չեն արվում։
Սակայն հարցն ունի նաև հակառակ կողմ։ Եթե որևէ բնակավայրում դպրոց է փակվում, դա կարող է խթանել արտագաղթը կամ ներքին տեղաշարժը, քանի որ ընտանիքների համար լուրջ անհարմարություններ են առաջանում, երբ երեխան պետք է հաճախի այլ բնակավայրի դպրոց։
Մի կողմից՝ շատ փոքր դպրոցներում կրթության որակը հաճախ խնդրահարույց է, մյուս կողմից՝ Հայաստանը անվտանգային մարտահրավերներ ունեցող երկիր է, և հատկապես սահմանամերձ գյուղերի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի։
- ՀՀ ուսանողների թվաքանակի ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 30 տարիների ընթացքում։ Որո՞նք են դրանց հիմնական պատճառները:
- Ինչ վերաբերում է ուսանողների թվին, ապա հարկ է նշել, որ խորհրդային տարիներին Հայաստանում կար մոտ 50 000 ուսանող, մինչդեռ 2000-ականներին նրանց թիվը գերազանցեց 100 000-ը։ Այս աճը պայմանավորված էր մասնավոր բուհերի բացմամբ և վճարովի կրթության համակարգի ներդրմամբ։
Հետագայում մասնավոր բազմաթիվ բուհեր փակվեցին, ինչի հետևանքով արձանագրվեց ուսանողների թվաքանակի նվազում։ Այսօր ունենք շուրջ 75 000 ուսանող և մոտ 50 բուհ, որոնցից 23-ը պետական են։
Ըստ իս՝ ուսանողների թվի նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ նոր սերունդն ավելի պրակտիկ է․ շատերը դեռ դպրոցական տարիքից կարողանում են գտնել համեմատաբար բարձր վարձատրվող աշխատանք և չեն տեսնում բարձրագույն կրթությունը շարունակելու անհրաժեշտություն։
- Ինչպե՞ս է կրթության վրա ազդեցում բուհերի ֆինանսական կախվածությունը ուսանողների վարձավճարներից։
- Մեր բուհական համակարգը չափազանց մեծ կախվածություն ունի ուսանողների վարձավճարներից, ինչը համալսարանների համար ստեղծում է ֆինանսական բարդ դրություն։ Ցանկալի կլիներ, որ ուսման վճարներ տրամադրող կազմակերպությունների և հիմնադրամների թիվն ավելանար։ Բացի դրանից՝ հնարավոր է նաև պետական բյուջեից հատկացումների ավելացում՝ բուհերի ֆինանսական կայունությունն ու անկախությունը ամրապնդելու նպատակով։
Երբ բուհը մեծապես կախված է ուսանողների վարձավճարներից, դա կարող է կաշկանդել կառավարման գործընթացները և որոշ դեպքերում՝ թուլացնել վերահսկողական գործառույթները։
Օրինակ՝ այն կազմակերպությունները, որոնք վճարում են ուսանողի ուսման վարձը, հաճախ պայման են դնում, որ եթե ուսանողը լավ չսովորի և նրա միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ցածր լինի, ֆինանսավորումը կդադարեցվի։ Մի կողմից՝ սա համալսարանին հնարավորություն է տալիս պահանջատեր լինելու ակադեմիական առաջադիմության հարցում, մյուս կողմից՝ ուսանողը ևս շահագրգռված է չկորցնելու իր կրթությունը ֆինանսավորող հովանավորին։
Այս մոտեցումը կարելի է դիտարկել նաև որպես քաղաքացիական կրթության դրսևորում․ նման փորձառություն ունեցող ուսանողը, ապագայում դառնալով հաջողակ մասնագետ կամ գործարար, ամենայն հավանականությամբ կցանկանա աջակցել մեկ այլ ուսանողի կրթությանը՝ ձևավորելով պատասխանատվության և փոխօգնության մշակույթ։
Մենք համալսարաններում կարևորում ենք ուսումնառությունն ու հետազոտությունը, սակայն համալսարանը պետք է նաև քաղաքացիական կրթության կենտրոն լինի։ Համալսարաններն ունեն երեք հիմնական գործառույթ՝ կրթություն, հետազոտություն, քաղաքացիական և արժեքային բաղադրիչի ձևավորում։ Այս երեք ուղղությունների համադրումն է, որ համալսարանը դարձնում է ոչ միայն գիտելիք փոխանցող հաստատություն, այլև հասարակության զարգացման և արժեքային համակարգի ձևավորման կարևոր հարթակ։
- Քաղաքացիական արժեքային բաղադրիչ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
- Բուհերում հիմնական ուշադրությունը հաճախ կենտրոնանում է հետազոտության և գիտելիքի փոխանցման՝ ուսուցման վրա։ Սակայն համալսարանները պետք է նաև լինեն քաղաքացիական կրթության կենտրոններ, որտեղ ուսանողները և դասախոսները ուշադրություն կդարձնեն քաղաքացիական արժեքներին, ինչպիսիք են ազնվությունը, արդարությունը և պատասխանատվությունը։
Այսօրվա ուսանողներին հաճախ պակասում է ակադեմիական ազնվությունը․ նրանք հազվադեպ են գիտակցում և ընդունում, որ սխալ է ներկայացնել արհեստական բանականության պատրաստած կամ ուրիշի կատարած աշխատանքը՝ որպես սեփականը։ Ուսանողը պետք է հասկանա, որ կարևոր է ինքնուրույն աշխատանքը, նույնիսկ եթե արդյունքը կատարյալ չէ, քանի որ գլխավորը ազնվությունն է ու սեփական մտքի փոխանցումը։ Ցավոք, արտագրություններ են նկատվում նույնիսկ գիտական որոշ աշխատանքներում։
Ուսանողը պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում․ նա պետք է գիտակցի, որ եկել է համալսարան՝ սովորելու և ինքնակատարելագործվելու նպատակով։ Սակայն Հայաստանում սա երբեմն բացակայում է, և պատճառները տարբեր են։ Շատ դեպքերում դրանք սոցիալական բնույթ ունեն, քանի որ ուսանողների զգալի մասն աշխատում է՝ միաժամանակ փորձելով համադրել ուսումնառությունը։
Քաղաքացիական կրթության ապահովման տեսանկյունից համալսարանները իրականացրել են որոշ ծրագրեր, սակայն դրանք հիմնականում գործել են դրամաշնորհների շրջանակում, այնինչ նման ծրագրերը պետք է լինեն շարունակական։ Առանց քաղաքացիական որակների հնարավոր չէ ունենալ լավ ուսանող, լավ գիտնական կամ լավ դասախոս։
- Դուք դիտարկել եք նաև կրթական համակարգի ռազմավարական խնդիրները: Ե՞րբ Հայաստանը սկսեց մշակել կրթության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր:
- Խորհրդային տարիներին մեր կրթական համակարգը ամբողջովին ուղղորդվում էր Մոսկվայից։ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պետք է սկսեր ինքնուրույն մշակել իր կրթական ռազմավարությունները։ Սակայն սա միանշանակ հեշտ գործընթաց չէր, քանի որ ոլորտում առկա էր մասնագետների զգալի պակաս։
Կրթության ոլորտի ղեկավարները, որոնք պետք է ձևավորեին արդյունավետ ռազմավարություններ, դժվարությամբ էին արձագանքում նոր իրավիճակին։ Առաջին ռազմավարական ծրագիրը՝ մշակված 2001–2005 թթ., հիմնականում մնաց չիրականացված։ Վեց տարի մեր կրթական համակարգը չկարողացավ ռազմավարական ծրագիր ընդունել՝ կարողությունների պակասի, ռազմավարական մտածողության խնդիրների հետ կապված, և նոր ծրագիրն ընդունվեց 2011–2015 թթ. համար, սակայն կրկին իրականացվող գործողությունները հաճախ չէին բխում ռազմավարությունից։ Հետագայում մշակվեց 2016–2020 թթ. ծրագիրը, որը պաշտոնապես ընդունվեց 2022 թ.։ Այստեղ էլ նոր «ռեկորդ» արձանագրվեց՝ կրթական համակարգը 7 տարի մնաց առանց ռազմավարության:
- Արդյոք ճի՞շտ է մշակել երկարաժամկետ ռազմավարություն արագ զարգացող աշխարհում:
- Աշխարհն ու կրթական համակարգը արագ են փոխվում․ այն, ինչ այսօր ծրագրվում է, մեկ-երկու տարի անց կարող է արդեն չհամապատասխանել առկա իրավիճակին, և հաճախ ռազմավարությունը նույնիսկ խանգարում է գործելուն։ Այդ պատճառով անցյալում կրթության հարցերով զբաղվող նախարարությունը որոշեց առանց ռազմավարության գործել և ուղղորդել համակարգը Կառավարության տարեկան ծրագրերի միջոցով։ Սակայն վերջում, այնուամենայնիվ, որոշեցին ունենալ ռազմավարություն։
Իմ կարծիքով՝ ավելի արդյունավետ է ունենալ մի փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե ինչ զարգացումներ ենք ակնկալում ունենալ կրթական համակարգում 5–10 տարի անց, և դրա հիման վրա ամեն տարի մշակել գործողությունների պլան՝ նպատակին հասնելու համար։ Այս մոտեցումը տալիս է ավելի մեծ ճկունություն, քանի որ հատկապես ներկայում՝ արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում, ամեն օր ինչ-որ նոր բան է փոխվում և հարկավոր է արագ արձագանքել այդ փոփոխություններին։