- Գլխավոր
- Նորություններ
- Արևելքի ձայնը. քննարկում՝ Էդուարդ Ու. Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության շուրջ
Ապրիլ 30, 2026 | 16:11
Գրադարան
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջոցառումներ
Արևելքի ձայնը. քննարկում՝ Էդուարդ Ու. Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության շուրջ
ԵՊՀ-ում տեղի ունեցավ նշանավոր գրականագետ, գրաքննադատ Էդուարդ Ու. Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի և «ԱՐԻ» գրականության հիմնադրամի համագործակցությամբ:
«Արևելաբանություն»-ը համարվում է հետգաղութային ուսումնասիրությունների ոլորտի հիմնարար աշխատություն, որը մինչ օրս չի կորցրել արդիականությունը հումանիտար և քաղաքակրթական հետազոտությունների բնագավառում: Աշխատությունը լույս է տեսել 1978 թ․։ Գրքում հեղինակը բացատրում է, թե ինչ է իրական Արևելքը:
ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտի ավագ մասնագետ, արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը, բնութագրելով «Արևելաբանություն» գիրքը, նշեց, որ այն 1970-ականներին առաջացրեց «իրական գրական-գիտական երկրաշարժ»։ Նրա խոսքով՝ այս գործը հիմնովին փոխեց Արևելքն ընկալելու մոտեցումները։
«Այս աշխատությունը հսկայական փոփոխություններ բերեց առհասարակ Արևելքի ընկալման մեջ՝ գրականությունից մինչև մեդիահետազոտություններ, պատմագիտական ընկալումից մինչև բանասիրություն և տնտեսագիտություն։ Կարծում եմ, որ հումանիտար գիտություններով զբաղվող մասնագետների համար այս գործը սեղանի գիրք է»,- ասաց նա:
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն անդրադարձավ գրքի հեղափոխական էությանը և Սայիդի կողմից Արևմուտքին նետված մարտահրավերին։ Խոսելով գրքի վերնագրի՝ «Արևելաբանություն» տարբերակի մասին, նա նկատեց. «Ամեն մի եզրույթ իրավունք ունի գոյություն ունենալու... Այն կիրառելի կդառնա, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։ Սայիդը փոխեց ամեն ինչ, քանի որ առաջին անգամ ինչ-որ մեկը կանգնեց ու ասաց՝ բավակա՛ն է մեզ վերևից նայեք»:
Հ․ Քոչարյանը նշեց, որ Սայիդը, լինելով ԱՄՆ քաղաքացի և դաստիարակվելով ամերիկյան միջավայրում, գիտակցաբար ընտրեց պաղեստինյան ինքնությունը։
«Նրա «Out of Place» (տեղ չունեցող) լինելու զգացողությունը և 1967 թ. պատերազմի ազդեցությունը առանցքային դարձան նրա աշխարհայացքի համար։ Գիրքը չի հնանում, քանի որ այն գրված է «բաց աչքերով», առանց «հայրենասիրական հիստերիայի» և ստիպում է մշտապես մտածել»,- ընդգծեց նա:
Բանախոսը հատուկ ուշադրություն դարձրեց գրքի լույս տեսնելու տարեթվին և դրա՝ աշխարհիկ ցնցումներին համընկնելուն հետ. իրանական հեղափոխությունը իսլամի ընկալումը «ստատիկ երևույթից» վերածեց «մարտնչող քաղաքական գործոնի»:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Էլմասյանը կենտրոնացավ այն հարցի վրա, թե ինչպես է Սայիդի քննադատությունը թույլ տվել Արևելքին խոսել սեփական անունից։ Ըստ նրա՝ երկար ժամանակ Արևմուտքը ներկայացնում էր Արևելքը որպես էկզոտիկ և ժամանակից դուրս մի վայր՝ հիմնվելով «Հազար ու մի գիշերվա» պատկերների վրա։
«Սայիդի աշխատությամբ ձևավորվեց մի «դիմադրության գրականություն»։ Այն հնարավորություն տվեց արևելյան հեղինակներին խոսելու իրենց անունից, լինելու սուբյեկտ և կազմաքանդելու այն կարծրատիպերը, որոնք կային արևմտյան պատկերային համակարգում»,- մատնանշեց նա:
Գիրքը հայերեն տպագրվել է «Գալուստ Կիւլպէնկեան» թարգմանական մատենաշարում։ Համալսարանում անցկացված քննարկումը նպատակ ուներ խթանելու քննադատական մոտեցումները՝ Արևելք-Արևմուտք փոխհարաբերությունների, քաղաքական արդի զարգացումների և ինքնության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ։