- Գլխավոր
- Նորություններ
- Ինչպե՞ս կանխել ձկների սանգվինիկոլոզի տարածումը Հայաստանում. ԵՊՀ և ՀԱԱՀ գիտնականների համատեղ բացահայտումը
Մայիս 19, 2026 | 10:30
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Ինչպե՞ս կանխել ձկների սանգվինիկոլոզի տարածումը Հայաստանում. ԵՊՀ և ՀԱԱՀ գիտնականների համատեղ բացահայտումը
Հայաստանում առաջին անգամ գրանցվել է ձկների սանգվինիկոլոզ (Sanguinicolosis) մակաբուծային հիվանդությունը: Ձկների նմուշները վերցվել են Արմավիրի մարզի ջրամբարներից մեկից, որտեղ ձկների զանգվածային անկում է գրանցվել: Հետազոտություններն սկսվել են դեռևս 2023 թ., իսկ «Ձկների սանգվինիկոլոզի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է վերջերս «Iranian Journal of Veterinary Medicine» հանդեսում:
Ձկների սանգվինիկոլոզ վարակի հայտնաբերման շուրջ հետազոտությունները կատարվել են Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտաշխատողների համագործակցությամբ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, հոդվածի համահեղինակ Աննա Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրությունների հիմնական նպատակը վարակի կանխարգելումն է, քանի որ այն կարող է հանգեցնել ձկների զանգվածային անկման:
Ի՞նչ է սանգվինիկոլոզը, և ինչո՞վ է այն վտանգավոր
ԵՊՀ գիտաշխատող Աննա Գրիգորյանի խոսքով՝ սանգվինիկոլոզը մակաբուծային հիվանդություն է, որն առաջացնում են տրեմատոդները (արյունային մակաբույծ որդեր)։
«Այս մակաբույծներն ապրում են ձկների արյան մեջ և վնասում են արյունատար անոթները բոլոր հյուսվածքներում՝ հատկապես ախտահարելով սիրտը, խռիկները, երիկամները։ Որդը ձկների հյուսվածքներում ձվադրում է, այնուհետև ձվից թրթուրները ձկան օրգանների հյուսվածքները ծակելու միջոցով դուրս են գալիս ջրի մեջ, ինչից հետո մտնում են միջանկյալ տեր հանդիսացող լճախխունջների մեջ և շարունակում զարգանալ: Մակաբույծներն ունեն հիմնական տեր և միջանկյալ տեր կամ տերեր»,- ընդգծեց նա:
ԵՊՀ գիտաշխատողի դիտարկմամբ՝ չնայած այս մակաբույծը մարդու համար վտանգավոր չէ, սակայն այն որակազրկում է ձուկը և պատճառ դառնում դրա անկման։
«Վարակված ձկների շրջանում դիտվում են արյունազեղումներ մկաններում և տարբեր օրգաններում, խռիկների այտուց և դեֆորմացիա, ինչը խաթարում է շնչառությունը և դանդաղեցնում աճը։ Այս վարակը կարող է տնտեսական մեծ վնաս հասցնել ձկնաբուծական տնտեսություններին»,- ասաց նա:
Ընդգծելով, որ հետազոտված 200 ձկներից (հիմնականում արծաթափայլ կարասներ) 85-ի մոտ (42.5%) ախտորոշվել է սանգվինիկոլոզ, Աննա Գրիգորյանը մատնանշեց․ «Հատկանշական է, որ հիվանդության նկատմամբ առավել զգայուն են երիտասարդ ձկները. մանրաձկների շրջանում վարակվածությունը կազմել է 77.5%, իսկ հասուն ձկների մոտ այն զգալիորեն ցածր է՝ 12.5%»:
Գիտական նորույթ
Ձկների տարբեր օրգանների հյուսվածքաբանական ուսումնասիրությունները կատարվել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտաշխատողների հետ համագործակցությամբ: Այս ուսումնասիրությունների արդյունքում մակաբույծներ են հայտնաբերվել նույնիսկ ձկների աղիների պատերում և լողափամփուշտներում: Այս արդյունքը, Աննա Գրիգորյանի խոսքով, դիտարկվում է որպես նորություն:
Վարակի տարածումն ու տնտեսական վնասը կանխելու ուղիները
ԵՊՀ գիտաշխատողն ընդգծեց, որ հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հիվանդության տարածումը կանխելու համար անհրաժեշտ քայլերին, որոնցից են հիվանդության մշտադիտարկումը (մոնիթորինգ), որդերի միջանկյալ տեր հանդիսացող խխունջների տարածման վերահսկումը ջրամբարներում, ձկնորսական ցանցերի և կարթերի ախտահանումը, քանի որ դրանք կարող են դառնալ վարակը փոխանցող և այլն:
Թեմայի վերաբերյալ համատեղ հետազոտությունները շարունակվում են:
Նշենք, որ հետազոտությունը նախաձեռնել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ, մակաբուծաբան Անուշ Հակոբյանը: Հետազոտությանը, բացի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտաշխատողներից, մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատողները՝ Մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը, նույն ամբիոնի ասիստենտ Աննա Գրիգորյանը, Մարդու և կենդանիների ինտեգրատիվ և հարմարողական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Թամարա Աբգարյանը: