Կարևորելով շահառուների ձայնը սոցիալական աշխատանքի մեջ. Բեռնի համալսարանի պրոֆեսոր Էմանուելա Չիապարինին՝ ԵՊՀ-ում Բեռնի (Շվեյցարիա) համալսարանի պրոֆեսոր Էմանուելա Չիապարինին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացրեց «Շահառուների ներգրավումը սոցիալական աշխատանքում» խորագրով դասախոսություն՝ ներկայացնելով աշխարհում օրեցօր կարևորվող մոտեցումները։ Նրա խոսքով՝ սոցիալական աշխատանքի հիմքում պետք է լինեն ինչպես օգնության տրամադրումը, այնպես էլ շահառուների ձայնը լսելի դարձնելը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը՝ առևտրային արբիտրաժին նվիրված միջբուհական դատախաղի հաղթող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մեծ հաջողություն են գրանցել 11-րդ ADR միջբուհական դատախաղում՝ հաղթելով եզրափակիչ փուլում և արժանանալով մի քանի մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Լավագույն բանախոս» անվանակարգերում։
Դաշտային հետազոտություն. բացահայտելով մարդ-վայրի բնություն փոխազդեցությունը Մարդու, վայրի բնության ու էկոհամակարգերի փոխազդեցության, հիվանդությունների փոխանցման խնդիրների ուսումնասիրման, ինչպես նաև այդ ուղղություններով տեսական ու գործնական գիտելիքներ զարգացնելու նպատակով ապրիլի 23-ից մայիսի 2-ը Հայաստանում անցկացվեց «Մեկ առողջություն՝ մարդ-վայրի բնություն փոխազդեցությունը» խորագրով միջազգային ամառային դպրոց։
Բուժման նոր միջոցների ուսումնասիրություն՝ մեղմացնելու ցրված սկլերոզի ախտանիշները Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և հանգեցնում բորբոքային, նյարդահետադիմական փոփոխությունների: Այս հիվանդությունը բավական տարածված է։ Դրա հիմնական դրսևորումներից են աչքի տեսողության երկատվելը, շարժողական բարդությունները, հիշողության կորուստը: Այս մասին ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանը, որն իր գիտական խմբի հետ փորձում է բացահայտել ցրված սկլերոզի ախտանիշների մեղմացմանն ուղղված նոր միջոցներ:
ԵՊՀ-ում վերաբացվեց ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացման արարողությունը: Ժամանակակից լուծումներով կահավորված լսարանը վերաբացվեց «Արմենիա Վայն» ընկերության հետ համագործակցության արդյունքում:
Նոր ուսումնասիրություն՝ ուղղված կանանց առողջության պահպանմանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Ինգա Բազուկյանն ընդգծում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը քաղցկեղի չորրորդ տարատեսակն է աշխարհում, որի հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է: Ըստ նրա՝ մեր բնակչության շրջանում տարածված է մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ) հարուցվող քաղցկեղի զարգացումը, ինչը հետևանք է նաև այն մտավախության, թե ՄՊՎ դեմ պատվաստումը կարող է հանգեցնել անպտղության: Այս մտավախության պատճառով է, որ շատերը շրջանցում են այդ պատվաստումը: Եվ չնայած ՄՊՎ-ի դեմ կանանց պատվաստման պետական ծրագրին՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի թիվը չի փոփոխվել 2015 թվականից ի վեր։ Ինգա Բազուկյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է հեշտոցային միկրոբիոմը՝ առաջարկելու պապիլոմավիրուսի կանխարգելման այլընտրանքային ուղիներ:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում բացվեց Յուրի Գաբրիելյանի անվան լսարան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում վերանորոգվել և կահավորվել է լսարան, որը վերանվանվել է Գերմանական բանասիրության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Յուրի Գաբրիելյանի անունով։ Նախաձեռնությունն իրագործվել է նրա որդիների աջակցությամբ՝ դառնալով կարևոր ներդրում ֆակուլտետի ակադեմիական միջավայրի զարգացման և արժանավորների հիշատակն անմահացնելու գործում։
Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրները՝ հանրապետական գիտաժողովի քննարկման տիրույթում ԵՊՀ-ում անցկացվում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և «YSU-Krisp AI Lab»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով եռօրյա գիտաժողովը։ Այս գիտական միջոցառման նպատակն է համախմբել համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում աշխատող գիտնականներին, ինչպես նաև ստեղծել հարթակ գիտական նոր արդյունքները ներկայացնելու, մտքեր փոխանակելու և գործակցային կապեր հաստատելու համար:
Կայացավ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր, թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը: Նա ներկայացրեց թուրքական իշխանության քայլերը որպես ցեղային խտրականություն դիտարկելու իր փաստարկները:
ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի տարեկան գիտաժողովը՝ նախորդ տարվա ձեռքբերումների ամփոփում Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի 2024 թվականի տարեկան հաշվետու գիտաժողովը: Ինստիտուտի ստորաբաժանումների ղեկավարները գիտաժողովի շրջանակում ներկայացրին տարվա ընթացքում կատարված գիտահետազոտական աշխատանքների ամփոփիչ հաշվետվությունները, իսկ ուսումնասիրված առավել հետաքրքիր թեմաների շուրջ զեկուցումներով հանդես եկան մի շարք աշխատակիցներ: