ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված արտասահմանյան գիտնականների առցանց դասախոսությունների շարք: Առաջին հանդիպման բանախոսը Նյու Յորքի Սուրբ Ջոնսի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Գևորգյանն էր, ով հանդես եկավ «Համաշխարհային աղքատություն և տնտեսական անհավասարություն» թեմայով զեկուցմամբ։
Դասախոսության սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը և շնորհակալություն հայտնեց բանախոսին պատրաստակամության համար՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը ուսանողների մասնագիտական զարգացման գործում։ Դեկանը նշեց, որ նման ձևաչափի հանդիպումներն ուսանողներին հնարավորություն են տալիս հաղորդակից լինելու միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչներին և ձևավորելու միջազգային աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համաշխարհային և ազգային մակարդակներում աղքատության ու տնտեսական անհավասարության հիմնախնդիրները, դրանց ձևավորման պատճառներն ու գործոնները։
Քննարկման առանցքում էին նաև աշխատաշուկայի արդի վերափոխումները. քննարկվեցին զբաղվածության կառուցվածքի, հմտությունների պահանջարկի և աշխատանքի կազմակերպման ձևերի վրա նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունների հարցերը։ Բանախոսը ներկայացրեց նաև իր կանխատեսումները՝ ընդգծելով, որ ապագայի աշխատաշուկայում առավել մրցունակ կլինեն այն մասնագետները, որոնք կկարողանան համադրել մասնագիտական գիտելիքը, տեխնոլոգիական գրագիտությունը և շարունակական ինքնազարգացումը։
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ։ Բանախոսության ավարտին հնչած բազմաթիվ հարցերը վկայում էին թեմայի նկատմամբ ուսանողների բարձր հետաքրքրվածության և ակտիվ ներգրավվածության մասին։
Հետաքրքիր էր ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Սոֆի Ալեքսանյանի հարցը. «Արհեստական բանականությունը և նոր տեխնոլոգիաները ի՞նչ ազդեցություններ են ունենում աշխատաշուկայի վրա»։ Նրա խոսքով՝ ամենաարդիական խնդիրներից մեկն այսօր այն է, թե արդյո՞ք ԱԲ-ն (AI-ը) կփոխարինի բազմաթիվ ոլորտների աշխատողներին, և արդյո՞ք համալսարանական դիպլոմը դեռ պահպանում է իր նախկին արժեքը հատկապես այն պայմաններում, երբ որոշ մարդիկ առանց համալսարանական կրթության կարողանում են ապահովել բարձր եկամուտներ, իսկ շատ բարձրագույն կրթություն ունեցողներ առանձին դեպքերում՝ ավելի ցածր։
Սոֆի Ալեքսանյանի հարցը վերաբերում էր հատկապես երիտասարդ սերնդին. ի՞նչ պետք է անեն ուսանողները, որպեսզի ապագայում ունենան հաջողություն և բարձր եկամուտ։ Սոֆիի հարցադրումը վերածվեց կրթության, ինքնակրթության, հմտությունների շարունակական զարգացման և փոփոխվող աշխարհի պահանջներին արագ արձագանքելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկման։
Արձագանքելով հարցադրմանը՝ պրոֆեսոր Գևորգյանը նշեց, որ հարցը բարդ է և չունի միանշանակ պատասխան, սակայն ընդգծեց, որ արհեստական բանականությունը և նորագույն տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել բոլոր ոլորտների աշխատողներին։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլը շարունակական ուսումն է և զարգացումը՝ թե՛ համալսարանում, թե՛ համալսարանից դուրս։ Բանախոսը շեշտեց, որ ժամանակակից աշխարհում կարևոր են մասնագիտական գրականության ուսումնասիրությունը, ինքնակրթությունը և նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամությունն ու ձգտումը։
Պրոֆեսորն ուսանողների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ հաջողության ճանապարհին անհրաժեշտ է հետևել ժամանակակից միտումներին, լինել ճկուն, հարմարվող և կարողանալ արագ արձագանքել փոփոխվող միջավայրին։ Նրա դիտարկմամբ՝ ապագայի աշխատաշուկայում առավել մրցունակ կլինեն այն երիտասարդները, որոնք կկարողանան համադրել մասնագիտական գիտելիքը, տեխնոլոգիական գրագիտությունը և ինքնազարգացման պատրաստակամությունը։
Սոֆի Ալեքսանյանը, ներկայացնելով իր տպավորությունները, նշեց. «Սեմինարը շատ բովանդակալից էր՝ հարուստ տարբեր հետաքրքիր հարցադրումներով և մեկնաբանություններով։ Այն հրաշալի հնարավորություն էր նոր տեսանկյունից դիտելու տարբեր խնդիրներ, ընդլայնելու մտահորիզոնը և ավելի մեծ ոգևորություն ու հետաքրքրություն ունենալու նման հարցերի ու դրանց լուծումների նկատմամբ։ Ինձ համար հատկապես արժեքավոր էր այն, որ կարողացա բարձրաձայնել ինձ հուզող հարցը և ստանալ սպառիչ պատասխան։ Այս մասնակցությունն ինձ հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր գիտելիքներ, լսելու միջազգային հեղինակության պրոֆեսորի կարծիքները և վերանայելու սեփական մոտեցումները»։
Ֆակուլտետի համար այս նոր նախաձեռնությունը կարևոր քայլ է ուսանողների տեսադաշտը լայնացնելու, նրանց միջազգային ակադեմիական միջավայրին մոտեցնելու և ակտիվ ուսումնառությունը խրախուսելու ուղղությամբ։ Արտասահմանյան գիտնականների հետ նման հանդիպումները ոչ միայն լրացնում են դասապրոցեսը, այլև ձևավորում են միջավայր, որտեղ ուսանողը կարող է հարց տալ, լսել, համեմատել և հստակեցնել սեփական կարծիքը։
Նման ձևաչափը նպաստում է ոչ միայն նոր գիտելիքի փոխանցմանը, այլև դասից դուրս հաղորդակցական հմտությունների զարգացմանը, քանի որ լսարանին հնարավորություն է տալիս մտնելու իրական գիտական քննարկման մեջ և դառնալու այդ քննարկման ակտիվ մասնակիցը։ Նշենք, որ դասախոսությանը ներկա էին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, որոնք ևս հարցեր ուղղեցին պրոֆեսորին՝ քննարկվող թեման ուսանողների համար բազմակողմանիորեն բացահայտելու նպատակով: