- Գլխավոր
- Նորություններ
- Մեկ կիսամյակ Բեռլինում․ ԵՊՀ ուսանողի միջազգային կրթական ճամփորդությունը
Հունվար 16, 2026 | 14:30
Կրթություն
Ուսանողական
Մեկ կիսամյակ Բեռլինում․ ԵՊՀ ուսանողի միջազգային կրթական ճամփորդությունը
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վիկտորյա Սողոյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Բեռլինի ազատ համալսարանում՝ կյանքի կոչելով իր վաղեմի նպատակը։ Նրա համար արտերկրում ուսումնառությունը ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման, այլև մասնագիտական ու անձնական զարգացման կարևոր փուլ էր։ «Այս փորձը զգալիորեն ընդլայնեց իմ աշխարհայացքը և կարևոր դերակատարում ունեցավ մասնագիտական հմտություններիս զարգացման գործում»,- ընդգծում է ուսանողը։
Միջազգային կրթական փորձառության մասին պատմում է Վիկտորյան․․․․
Արտերկրում կրթությունս շարունակելու որոշման հիմքում միայն ակադեմիական բարձր առաջադիմությունը չէր․ որոշիչ էին նաև որակյալ կրթական միջավայրում սովորելու ձգտումը, քննադատական մտածողությանն ու հետազոտական աշխատանքին մեծ ուշադրություն դարձնող համակարգում ներգրավվելու ցանկությունը, ինչպես նաև միջազգային փորձ ձեռք բերելու և այն հետագայում Հայաստանում արդյունավետ կիրառելու նպատակադրումը։
Բեռլինի ազատ համալսարանում անգլերենի մասնագիտական դասընթացներն առանձնանում էին իրենց խորքային և բարդ կառուցվածքով՝ ուղղված լեզվի ճշգրիտ, կառուցվածքային և գրագետ կիրառմանը։ Դրանք զգալիորեն գերազանցում էին առօրյա հաղորդակցման շրջանակը՝ կենտրոնանալով ակադեմիական գրավոր խոսքի, մասնագիտական տերմինաբանության, քննադատական ընթերցման և լեզվական նրբությունների վրա։ Բազմաբովանդակ դասընթացները մեծապես նպաստեցին անգլերենի իմ մասնագիտական հմտությունների կատարելագործմանը՝ ապահովելով լեզվի վստահ և արդյունավետ կիրառումը թե՛ ակադեմիական միջավայրում, թե՛ առօրյա ու պաշտոնական հաղորդակցման ընթացքում։
Լայնածավալ ռեսուրսներ՝ արդյունավետ կրթական գործընթացի համար
Բեռլինի ազատ համալսարանում սովորելու ընթացքում օգտվել եմ համալսարանի լայնածավալ և ժամանակակից ենթակառուցվածքներից, որոնք գտնվում էին գլխավոր մասնաշենքում, որտեղ առկա էին հսկայական գրադարան, որը տրամադրում էր մեծածավալ գիտական գրականություն, էլեկտրոնային ռեսուրսներ և հարմար միջավայր ինչպես անհատական ուսումնառության, այնպես էլ խմբային հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Կային նաև մեծ լսարաններ դասախոսությունների, սեմինարների և հանրային միջոցառումների անցկացման համար, կենտրոնական համակարգչային սրահ, ուսանողների աջակցման կենտրոններ և մեծ ճաշարան․ այս ամենը ստեղծում էր հարմարավետ և նպաստավոր միջավայր ուսումնառության համար։
Արտերկրում ուսանելու ընթացքում մասնակցել եմ դասընթացների, որոնց մասին թեև որոշ չափով տեղեկացված էի, սակայն, այնուամենայնիվ, դրանք նոր էին ինձ համար։ Դասընթացներն ընդգրկում էին տարբեր թեմաներ՝ լեզվաբանական վերլուծության մեթոդներ, անգլերենի կառուցվածքի առանձնահատկություններ, մշակութաբանություն և թանգարանային ուսումնասիրություններ, մշակույթ-սեռ-մեդիա վերլուծություն՝ տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ազդեցության տեսանկյունից, ինչպես նաև գործնական մոտեցումներ՝ լեզվի բառապաշարից մինչև քերականություն։ Այս դասերը ոչ միայն հիմնարար գիտելիքներ տվեցին, այլև ստեղծեցին հնարավորություն՝ նոր տեսանկյունից դիտարկելու լեզվի և մշակույթի հարաբերությունները, զարգացնելու քննադատական մտածողությունը և հստակորեն տարբերակելու արհեստական բանականության բացասական և դրական գործառույթները:
Ուսումը տարբեր մշակույթների խաչմերուկում
Բազմամշակութային միջավայրն ունի մեծ առավելություններ, քանի որ հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր մտածողությունների, սովորույթների և մոտեցումների, ընդլայնելու մտահորիզոնն ու զարգացնելու միջմշակութային հաղորդակցման հմտությունները։
Բացի դրանից՝ կարող են առաջանալ բարդություններ, օրինակ, երբ տարբեր մշակույթների սովորույթներն ու աշխատանքային ոճերը տարաձայնություններ են առաջացնում կամ պահանջում են հարմարվել նոր կանոններին։ Ես շփվել եմ գերմանացիների, իտալացիների, ֆրանսիացիների, չինացիների, անգլիացիների, իսպանացիների և շատ այլ ազգերի ուսանողների ու դասախոսների հետ՝ այդ ընթացքում հայտնաբերելով մշակութային տարաբնույթ առանձնահատկություններ։ Հաճելի էր տեսնել, թե օտարազգի ներկայացուցիչների համար որքան կարևոր են գործնական ճշտապահությունն ու ժամանակի ճիշտ բաշխումը, ինչպես նաև հետևողական մոտեցումը աշխատանքին և ուսմանը, ինչը խթանում էր սովորելու արդյունավետ ընթացքը։
«Էրազմուս+» ծրագրի ընթացքում հանդիպած հիմնական խոչընդոտներից մեկը հենց միջմշակութային տարբերությունն էր։ Գերմանական հասարակությունը ակնհայտորեն տարբերվում էր հայկականից․ թե՛ համալսարանում, թե՛ քաղաքում հանդիպեցի բազմաթիվ այլ մշակույթների ներկայացուցիչների, ինչը սկզբում պահանջում էր հարմարվել նոր հարաբերությունների և հաղորդակցման ձևերի։ Հաջորդը, որը մի կողմից դժվարություն էր, մյուս կողմից՝ հնարավորություն, այն էր, որ շատերը, ցավոք, երբևիցե չէին լսել Հայաստանի մասին։ Ուսանողների կամ դասախոսների հետ ծանոթանալիս ազգությունս նշելու հետ մեկտեղ պատմում էի Հայաստանի, մեր ժողովրդի և մշակույթի մասին՝ անդրադառնալով պատմական կարևոր իրադարձությունների, որ նրանք ճանաչեն և պատկերացնեն՝ ինչքա՜ն ուժեղ է հայ ազգը իր դարավոր և անջնջելի պատմությամբ։ Այս փորձը ոչ միայն հնարավորություն տվեց հաղթահարելու միջմշակութային պատնեշները, այլև փոխանցեց անգնահատելի փորձ և հիշողություններ, որոնք կուղեկցեն ինձ ամբողջ կյանքում։
Լեզվական հետաքրքրությունից դեպի միջազգային կրթական ուղի
Իմ հետաքրքրությունը լեզուների նկատմամբ ուղղորդեց ինձ դեպի ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» կրթական ծրագիր, որտեղ բացահայտեցի լեզվի բազմաշերտ կառուցվածքն ու դրա կարևոր դերակատարումը կյանքի բոլոր ասպարեզներում։ Ուսումնառության ընթացքում հասկացա, թե ինչպես են լեզուներն ու մշակույթները տարբեր միջավայրերում փոխազդում՝ ներգործելով մարդկանց միջև արդյունավետ հաղորդակցության ձևավորման վրա։
Կրթության մեջ ես առանձնակի կարևորում եմ խոր գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունների համախմբված կիրառումը գործնական մակարդակում։ Այս առումով ԵՊՀ-ն առանցքային դեր է ունեցել իմ կրթական և մասնագիտական ձևավորման գործում՝ ստեղծելով տեսական ամուր հիմքեր և նպաստելով անհատական աշխարհայացքի ձևավորմանը։
Ստացածս գիտելիքներն ու փորձը ինձ օգնեցին արտերկրում բացահայտել նոր հնարավորություններ և ոգեշնչեցին ավելի վստահ ու համարձակ քայլերի իմ հետագա կրթական ճանապարհին։
Իսկ վերջում ուսանողն ընդգծում է, որ թեև Երևանի պետական ու Բեռլինի ազատ համալսարանները տարբերվում են կրթության կազմակերպման մոտեցումներով, այնուամենայնիվ երկուսն էլ ունեն իրենց առանձնահատուկ ուժեղ կողմերը։ Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում շեշտադրվում են տեսական գիտելիքների խորացումն ու ինքնուրույն աշխատանքի արդյունքում ձեռք բերված հմտությունների կիրառումը, մինչդեռ արտերկրում առաջնային են ինտերակտիվ քննարկումները, սեմինարներն ու գործնական նախագծերը, որոնք խթանում են ուսանողների ակտիվ մասնակցությունն ու թիմային աշխատանքը։ Միևնույն ժամանակ, Բեռլինի ազատ համալսարանում ձևավորված միջմասնագիտական միջավայրը հնարավորություն է տվել փորձի փոխանակման և նոր կապերի ստեղծման՝ միավորելով տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանած ուսանողներին։