- Գլխավոր
- Նորություններ
- «Վանի թագավորությունում գլխարկի վրա գլխաշորի առկայությունը տեսնում ենք նաև հայկական տարազում». ԵՊՀ դասախոս Գայանե Պողոսյանը նոր վարկածներ է առաջ բերում
Մարտ 11, 2026 | 16:37
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
«Վանի թագավորությունում գլխարկի վրա գլխաշորի առկայությունը տեսնում ենք նաև հայկական տարազում». ԵՊՀ դասախոս Գայանե Պողոսյանը նոր վարկածներ է առաջ բերում
Ինչպե՞ս են հագնվել Վանի թագավորությունում, և ի՞նչ ենք ժառանգել ուրարտական հագուստից: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Գայանե Պողոսյանի «Վանի թագավորության հագուստը» վերտառությամբ մենագրությունում առաջ են բերվում նոր վարկածներ, տարվում զուգահեռներ ուրարտական ժամանակաշրջանի հագուստի և հայկական տարազի միջև, ինչպես նաև նկարներով ցուցադրվում կանանց և տղամարդկանց հագուկապի վերարտադրությունը:
- Հարգելի՛ Գայանե, ուրարտական ժամանակաշրջանի մարդկանց հագուստը նկարագրելիս ի՞նչ աղբյուրներից եք օգտվել՝ հաշվի առնելով, որ անդրադարձել եք բավական վաղ ժամանակաշրջանի:
- Հետազոտությունը կատարվել է հիմնականում ուրարտական հնագիտական գտածոների՝ քանդակների, մետաղագործական իրերի՝ գոտիների, պաշտամունքային առարկաների, ինչպես նաև որմնանկարների նմուշների ուսումնասիրությամբ: Դրանց վերլուծությունը համադրել եմ մեզ հասած գրավոր աղբյուրների և նախկինում կատարված սակավաթիվ հետազոտությունների արդյունքների հետ։
Հետազոտության համար կարևոր աղբյուր են հանդիսացել հարևան մշակույթներից մեզ հասանելի դարձած գրավոր վկայությունները: Օրինակ՝ Ասորեստանի Սարգոն Երկրորդ արքայի թողած հիշատակությունն այն մասին, թե Վանի Մուծածիր քաղաքի Խալդի աստծու տաճարը թալանելու արդյունքում իր զորքը ինչպիսի իրեր է հափշտակել: Այդ հիշատակության մեջ խոսքը նաև արդուզարդի և գործվածքների մասին է:
- Գրքում ներկայացված է արական ու իգական սեռերի, ինչպես նաև աստվածությունների հագուստը: Որո՞նք էին ուրարտական հագուստի առանձնահատկությունները:
- Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ կապտամանուշակագույնը եղել է արքայական հագուստի հիմնական գույնը։ Ամենայն հավանականությամբ, այն համապատասխանում է ծիրանի գույնին, քանի որ միջնադարյան մեկնիչները «ծիրանի» ասելով նկատի են ունեցել արքայական կարմրակապտագույնը կամ կարմրամանուշակագույնը։ Գրքում կապտամանուշակագույնը փորձել եմ զուգահեռել մեր ծիրանի գույնին, որը քրիստոնեական հոգևորական դասի հագուստի կարևորագույն գույներից մեկն է։
Վանի թագավորությունը դիցապետական պետություն էր, որտեղ կարևոր տեղ էին զբաղեցնում հոգևոր կյանքը, կրոնը, աստվածներն ու աստվածուհիները։ Մարդիկ իրենց կյանքը փորձում էին նաև զուգահեռել այդ աստվածային իրականությանը. արվեստում աստվածներն ու աստվածուհիները հաճախ պատկերվում էին վերնախավին բնորոշ հագուստով։ Արական սեռի աստվածությունների հանդերձանքը նույնանում էր արքայական հագուստի տիպի հետ, իսկ իգական սեռի աստվածուհիների հագուստը՝ թագուհիների և քրմուհիների հանդերձանքի հետ։
Մենագրության մեջ ներառված են և՛ հագուստի արտաքին նկարագիրը, և՛ ձևվածքների տիպերը, և՛ դրանց կառուցվածքային խնդիրներն ու գործվածքների առանձնահատկությունները։
- Ի՞նչ թելեր էին ընտրվում գործվածքների համար Վանի թագավորությունում, և ո՞ր գույներն էին առավել տարածված ուրարտական հագուստում՝ բացի կապտամանուշակագույնից:
- Գործվածքների մասին տեղեկություններ ենք ստանում նաև հնագիտական տարբեր նմուշների շնորհիվ։ Կարմիր բլուրում, ինչպես նաև Վանի թագավորության այլ հնավայրերում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են այրված գործվածքների նմուշներ։ Խորհրդային ժամանակաշրջանի մասնագետները զբաղվել են այդ նյութերի ուսումնասիրությամբ: Արդյունքները ցույց են տալիս, որ Վանի թագավորությունում բավականին զարգացած է եղել բրդի մշակումը, ինչպես նաև բրդե գործվածքների կիրառությունը հանդերձում։ Տարածված է եղել նաև վուշը, որը համարվել է բավական թանկարժեք գործվածք թե՛ Ասորեստանում, թե՛ Վանի թագավորությունում։
Կիրառվել է նաև մետաքսը։ Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ մետաքսը տեղո՞ւմ է արտադրվել, թե՞ ներմուծվել է, օրինակ, Չինաստանից։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ մետաքսի արտադրություն գոյություն է ունեցել նաև տեղում, քանի որ արդեն միջնադարյան քրիստոնեական Հայաստանում մարդիկ զբաղվել են մետաքսագործությամբ։ Հետևաբար, հնարավոր է ենթադրել, որ մետաքսի արտադրության ակունքները Հայկական լեռնաշխարհում հասնում են նախաքրիստոնեական ժամանակներ։
Ուրարտական հագուստը բազմագույն է եղել, սակայն առավել տարածված են եղել վուշե և բրդե կարմիր ու մանուշակագույն գործվածքները։ Ենթադրվում է նաև, որ կիրառվել է բամբակը։
- Թագավորական պալատի հանդերձանքը ինչո՞վ էր տարբերվում ժողովրդի հանդերձանքից: Ի՞նչ հագուստ էին կրում կանայք, ինչո՞վ էր նույնանում արական և իգական սեռի հագուստը։
- Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հագուստը հիմնականում ունեցել է տունիկայաձև կտրվածք։ Այն կազմված էր քառանկյուն գործվածքից՝ տարբեր լայնությամբ և երկարությամբ, որն ուներ վզամասի բացվածք, իսկ թևերի հատվածում նույնպես արվում էին բացվածքներ՝ համապատասխանեցնելով հագուստը տղամարդու կամ կնոջ մարմնի կառուցվածքին։
Վերնախավի տարբեր դասերի ներկայացուցիչները կրել են թանկարժեք գործվածքներից պատրաստված հանդերձներ, որոնք լրացվել են տարբեր տարրերով՝ թիկնոցներով, զարդերով, ինչպես նաև գոտիներով և այլ աքսեսուարներով։ Ավելի ցածր խավերի հագուստը տարբերվել է իր պարզությամբ. օգտագործվել են ոչ թանկարժեք գործվածքներ, իսկ գեղազարդումը եղել է համեմատաբար համեստ։
Կանանց զգեստները եղել են երկարափեշ, տունիկայաձև կտրվածքով, նստեցված մարմնի վրա: Շատերը կարծում են, թե հնում հագուստը շատ լայն պետք է լիներ, սակայն, օրինակ, ուսումնասիրելով Արուբաինի աստվածուհու արձանիկը, որը Հայաստանի պատմության թանգարանում է գտնվում, իսկ լուսանկարը ներկայացված է իմ գրքում, տեսնում ենք, որ աստվածուհին մարմինը պիրկ ընդգրկող զգեստ է կրում: Կարելի է ասել՝ երկմաս զգեստ, որովհետև ծնկների հատվածում կա հետաքրքիր դեկորատիվ կտրվածք, որը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ զգեստի տակից ավելի երկար զգեստ կա հագին: Նման տեսակի հագուստ հանդիպում է նաև ուրարտական պատկերագրական այլ հուշարձաններում:
Վանի թագավորությունում կանանց և տղամարդկանց հագուստը ծոպազարդ էր, ինչը գեղեցկություն էր հաղորդում ամբողջ հագուստին: Ծոպազարդ հագուստը տարածված էր նաև ամբողջ Մերձավոր Արևելքում։
Գրքում անդրադարձել եմ նաև զարդերին: Շատ հետաքրքիր է, որ Վանի թագավորությունում զարդեր կրել են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, ընդ որում՝ օղեր, ապարանջաններ:
- Ուսումնասիրելով ուրարտական հագուստը՝ զուգահեռներ եք տարել հայկական տարազի հետ: Ներկայացրե՛ք, խնդրեմ, այս թեմայի վերաբերյալ մի քանի օրինակներ:
- Վանի թագավորությունում երիտասարդ աղջիկները ներկայացված են գլխաբաց, ի տարբերություն Խալդի աստծո կնոջ՝ Արուբաինի աստվածուհու կերպարի, որը գլխաշորով է։ Սա սոցիալական ցուցիչ կարելի է համարել՝ ամուսնացած կնոջ և երիտասարդ աղջկա միջև: Օրինակ՝ մեր հայկական տարազում ամուսնացած կինը, ի տարբերություն երիտասարդ աղջկա, առանձնացել է գլխաշորի առկայությամբ. աղջիկները գլխարկներ են կրել կամ եղել են գլխաբաց: Այս նույն երևույթը տեսնում ենք Վանի թագավորությունում։
Մեկ այլ օրինակ բերեմ. ուրարտական պատկերներից մեկում կնոջ մի կերպար գլխարկի վրայից կրում է գլխաշոր, այս մոտեցումը տեսնում ենք նաև հայկական տարազում՝ գլխարկի վրա գլխաշորի առկայություն:
Ուրարտական գործվածքների վրա նկատելի են նաև զարդանախշեր։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ գործվածքներում կիրառվել են ինչպես դաջածո զարդարանքի ձևեր, այնպես էլ ասեղնագործության և ապլիկացիոն ասեղնագործության տարրեր։
- Կա՞ որևէ զարդանախշ, որ ժառանգել ենք մենք, այսինքն՝ կիրառվել է նաև ուրարտական ժամանակաշրջանից հետո։
- Այո՛, օրինակ՝ վարդյակի կիրառությունը Վանի թագավորության ամենատարածված մոտիվն էր: Այն կիրառվել է ոչ միայն Վանի թագավորությունում, այլև հարևան Ասորեստանում ու Միջագետքում։ Վարդյակը՝ որպես պտղաբերության և արևի խորհրդանիշ, լայն տարածում է ունեցել նաև Անիի թագավորության մշակույթում։
Քառանկյունը, որը հաճախ համադրվում է վարդյակի հետ, նույնպես որոշակի կիրառություն է ունեցել հայկական տարազում։ Այս բուսազարդերի հիմքում կարող ենք տեսնել այն ծաղկամոտիվները, կոկոնամոտիվները, որոնք հանդիպում են Անիի թագավորության որմնանկարչության մեջ։
Վանի թագավորությունում ամենատարածված մոտիվը, որը հանդիպում է թե՛ իգական, թե՛ արական սեռի հագուստի գործվածքներում, քառանկյունն է՝ կենտրոնում արված վարդյակով։
- Ի՞նչ նոր վարկածներով է Ձեր ուսումնասիրությունը համալրում արդեն իսկ կատարված հետազոտությունների շարքը։
- Ես ունեմ երկու մասնագիտություն՝ արվեստաբան և հագուստի մոդելավորող։ Այս երկուսի համադրությամբ կարողացել եմ առաջ քաշել որոշակի նոր, հետաքրքիր վարկածներ, որոնք նախկին ուսումնասիրություններում չեն հանդիպել, օրինակ, տաբատի կիրառությունը Վանի թագավորությունում։ Տղամարդու հագին տաբատի տիպը նկատելի է Կարմիր բլուրից հայտնաբերված մի բրոնզե գոտու վրա։ Հետազոտողների մի խմբի կարծիքով՝ այն պատկերում է Շիվինի աստվածությունը, սակայն ես սա համարում եմ վիճահարույց։ Ասորեստանում, իհարկե, զինվորները կրել են տաբատ, բայց համեմատելով Ասորեստանի հետ՝ կարող ենք պնդել, որ Վանի թագավորությունում ավելի վաղ են տաբատ հագել:
Նախորդ հետազոտությունների համեմատ՝ առավել ընդարձակ եմ անդրադարձել գործվածքի գեղազարդմանն ու գունային խնդիրներին, գլխարկի տիպերին, զարդերին։ Գրքում հանգել եմ նաև այն եզրակացությանը, որ Վանի թագավորությունում, օրինակ, գոտիները, մեդալիոնները և նման թանկարժեք զարդերը, որոնց վրա պատկերված են կանանց մասնակցությամբ որոշակի ծիսակարգեր, հավանաբար կրել են կանայք, իսկ այն նմուշները, որոնց վրա հիմնականում արական սեռի կերպարներ են, պետք է պատկանեին արական սեռին։
Բացի դրանից՝ գրքում ներկայացրել եմ ուրարտական հագուստի հեղինակային էսքիզներ, որոնք գեներացվել են արհեստական բանականության միջոցով։