- Գլխավոր
- Նորություններ
- Կրոնական տերմինները դասական հայերենում․ ԵՊՀ դոցենտների հոդվածը հրապարակվել է «Scopus»-ում ընդգրկված հանդեսում
Փետրվար 06, 2026 | 12:00
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
Կրոնական տերմինները դասական հայերենում․ ԵՊՀ դոցենտների հոդվածը հրապարակվել է «Scopus»-ում ընդգրկված հանդեսում
Հեթանոսական հավատքում, որը, ըստ Եզնիկ Կողբացու հայեցակետի, տարբեր աղանդների միավորում է, երկնքի պաշտամունքը զուգակցվում է երկրային չորս սրբազան տարրերի (ջուր, երկիր, հող, օդ) աստվածացման հետ։ Այս մասին նշում է ԵՊՀ դոցենտ Գայանե Մխիթարյանը՝ ընդգծելով, որ Կողբացին իր «Եղծ աղանդոց» («Աղանդների հերքումը») երկում պնդում է, որ հիշյալ տարրերն արարչության արգասիք են՝ երևացող և նյութական, այսինքն՝ պաշտամունքի անարժան։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Գայանե Մխիթարյանի ու հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի հեղինակած «Կրոնական տերմիններ դասական հայերենում՝ հիմնված Եզնիկ Կողբացու «Աղանդների հերքումը» գրքի վրա» վերտառությամբ գիտական հոդվածը հրապարակվել է «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող «Forum for Linguistic Studies» հանդեսում:
Գայանե Մխիթարյանի խոսքով՝ հետազոտության նպատակն է միջազգային գիտական հանրույթին ներկայացնել վաղմիջնադարյան հայ իմաստասիրական մտքի դրսևորումները։
«Հայերենը 5-րդ դարում դեռևս չուներ փոքրիշատե մշակված համապատասխան տերմիններ։ Եզնիկ Կողբացին կարողացել է գիտական մի շարք հասկացություններ արտահայտել սովորական բառերով՝ վերջիններիս տալով նոր իմաստներ և միաժամանակ շրջանառության մեջ դնելով բոլորովին նոր գիտաբառեր»,- ասաց Գայանե Մխիթարյանը։
Ըստ նրա՝ «Եղծ աղանդոց» աշխատությունում Կողբացին առաջին հերթին քննում է մարդու անհատական և հավաքական ազատության ու փրկության հարցերը ինչպես աստվածաբանական ու իմաստասիրական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից։
«Այդ հարցերի փիլիսոփայական մոտեցումը հանգեցնում է կամքի ազատության, մարդու գործունեության, չարի և բարու խնդիրների վերլուծության»,- ընդգծեց ԵՊՀ դոցենտը։
Գայանե Մխիթարյանը, մեկնաբանելով աշխատությունը, նշեց, որ Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում քրիստոնեական միաստվածության դիրքերից հերքել է զրադաշտականությունը, հեթանոսությունը և անտիկ փիլիսոփայությունը։
«Կողբացին պնդել է, որ չարն ազատ կամքի արդյունք է, իսկ աշխարհի բոլոր չարիքների պատասխանատուն մարդն է, ոչ թե Աստված: Ըստ նրա՝ Աստված ստեղծել է բարի աշխարհ, իսկ չարը առաջացել է մարդու ազատ կամքի սխալ օգտագործման հետևանքով, ոչ թե արարչագործության թերության»,- ասաց հոդվածի համահեղինակն ու հավելեց, որ Եզնիկ Կողբացին քննադատել է նաև աստղագուշակությունը և հեթանոսական վերապրուկները՝ դրանք համարելով բանականությանը հակասող սնահավատություններ։
«Կողբացին հերքել է նաև փիլիսոփայությունը, քննադատության ենթարկել հունական բազմաստվածությունը, էպիկուրյան աթեիզմը՝ պաշտպանելով քրիստոնեական արարչագործական ուսմունքը»,- ընդգծեց նա:
Այս հետազոտությամբ ԵՊՀ դոցենտները բովանդակային քննության են ենթարկել Եզնիկ Կողբացու աշխատության բառապաշարում կրոնին և հավատալիքներին վերաբերող բառ-եզրույթները, բացահայտել կրոնական բառերի իմաստային հնարավոր տեղաշարժերն ու կենսունակությունը։
Գայանե Մխիթարյանի մեկնաբանմամբ՝ կրոնի և հավատալիքների իմաստային դաշտը կազմված է վաղնջական ծագում ունեցող միջուկային բառերից, որոնք, որպես կանոն, բնիկ ծագում ունեն և արմատական բառային միավորներ են, որոնցից ածանցման և բառաբարդման միջոցով հետագայում առաջանում են նոր անվանումներ։
«Դասական գրաբարի հավատալիքային դաշտի բառանունների վերլուծությունը հնարավորություն է տալիս վերականգնելու նախալեզվի համարժեք բառաշերտերը, որոնք լեզվականի հետ մեկտեղ նաև քաղաքակրթական մեծ արժեք ունեն, քանի որ բացահայտում են հնդեվրոպական ժողովուրդների աշխարհընկալման յուրահատկությունները, հոգևոր և նյութական մշակույթների հարաբերությունները»,- շեշտեց նա։
Դոցենտ խոսքով՝ վաղնջահայերը, անջատվելով եվրոպական միասնությունից, ժառանգել են պաշտամունքային աշխարհի հստակ համակարգ՝ ծիսական արարողակարգերով, որոնք էլ ձևավորում էին կրոնական գաղափարներ արտահայտող բառանունների իմաստային դաշտը։
«Այսինքն՝ մեր ուսումնասիրության առարկա իմաստային դաշտի որոշ բառեր իրենց ծագումով ոչ թե հնագույն են, այլ վաղնջագույն ժամանակների վկայություն»,- փաստեց ԵՊՀ դոցենտը:
Գայանե Մխիթարյանի մեկնաբանմամբ՝ աստվածայինը առաջնային ընկալմամբ նախ այն է, ինչն օժտված է Աստծո արարչագործ ուժով, զորությամբ, այսինքն՝ սրբազան է, նաև այն ամենն է, ինչին մահկանացունները չեն կարող դիպչել։ Խոսելով այս մասին՝ նա նշեց․ «Մարդիկ աստվածային ուժերից ակնկալում են կա՛մ ծեսերի իրականացում՝ ի շահ և ի պաշտպանություն իրենց որոշակի գործողությունների, կա՛մ հակառակ իրենց կատարվող որևէ գործողության խափանում։ Այս նպատակները իրականացման երկու ձև ունեն՝ բառային, որը աղոթքն է, և առարկայական, ինչպես, օրինակ, զոհաբերությունը, մատաղը, մոմավառությունը, խնկարկումը, խոնարհվելը, տոտեմական արձանիկների կամ սրբապատկերների առջև խաչակնքվելը և այլն»:
Անդրադառնալով կրոն իմաստային դաշտին առնչվող բառերին՝ Գայանե Մխիթարյանն ընդգծեց. «Կրոն իմաստային դաշտի որոշ բառեր հնագույն ժամանակներում սերտորեն կապվում էին իրավունքի, օրենքի իմաստային դաշտին։ Դրա վկայություններն արձանագրված են հենց Եզնիկ Կողբացու երկում, քանզի առաջնային օրենքը աստվածային սկզբունքն էր, Աստծո խոսքը, որն անառարկելի էր։ Կրոն բառը ինքնին ծագում է կրեմ բառի արմատից և «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» բառարանում բացատրվում է որպես կարգ և կանոն՝ օրենք»,- մեկնաբանեց դոցենտն ու հավելեց, որ կրոն իմաստային դաշտը սերտորեն առնչվում է նաև ժամանակի իմաստային դաշտի միջուկային բառերին, քանի որ ժամանակն ինքնին աստվածային կարգ է՝ ծննդյան և մահվան ժամանակահատվածներով, որոնք զուգադրվում են օրվա առավոտյան հատվածի, ցերեկվա, երեկոյի և գիշերվա պատկերացումների հետ որպես լուսավոր օրվա՝ արևածագի սկիզբ, ապա՝ աստիճանական մայրամուտ, այնուհետև՝ հարություն:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է նաև, որ Կողբացին «ան» և «չ» ժխտական նախածանցների օգնությամբ ստեղծել է յուրօրինակ բառազույգեր, որոնք աստվածայինի և չաստվածայինի, սրբազանի ու պիղծի բառային կերպավորում են։ Օրինակ՝ ասուն և անասուն, խոսուն և անխոսուն, մտավոր և անմտավոր, բանավոր և անբանավոր, էականք և չէականք, մշտնջենավորք և չմշտնջենավորք, արարածք և չարարարածք:
«Եղծ աղանդոց» երկը բաղկացած է չորս մասից: Գայանե Մխիթարյանը նշեց, որ երկի չորրորդ մասում՝ «Եղծ աղանդոյն Մարկիոնի» գրքում արդար ածականը դառնում է Աստված բառի հոմանիշ, և երկի աշխարհաբար թարգմանության մեջ լեզվաբան Աշոտ Աբրահամյանը թեև թողնում է արդար բառը, բայց կողքին փակագծում ավելացնում է Աստված բառը՝ հասկանալիության համար, քանի որ այս բառի կրոնական իմաստն արդի արևելահայերենում ակնհայտ մթագնած է։
ԵՊՀ դոցենտներն անդրադարձել են նաև կրոնի իմաստային դաշտին պատկանող գրաբարյան գեղեցիկ բազմաբաղադրիչ դարձվածքների, ինչպես, օրինակ, ամենագետ գիտություն, անպակաս իմաստնություն, ամենարվեստ իմաստնություն, աղբյուր բարության: Գայանե Մխիթարյանն ընդգծեց, որ սրանք Աստված բառի դարձվածային հոմանիշներն են, իսկ մեղսագործ մարդու համար Կողբացին գործածել է խոպանացյալ որդ դարձվածքը։
«Մարդկության զարգացմանը զուգընթաց՝ կրոնական և հավատալիքային նշանակություն ունեցող վաղնջական բառերի իմաստաբանական կառուցվածքը հստակ փոփոխությունների է ենթարկվում, ինչի հետևանքով գերբնականությունը քայլ առ քայլ հանգում է բանականության։ Շատ բառեր, որոնք ի սկզբանե կրոնական իմաստ ունեին, աստիճանաբար վերածվում են ընդհանուր բառապաշարի միավորների և զուտ ծիսակրոնական բովանդակությունից զրկվելով՝ դառնում են բարոյական, իրավական արժեքների, որակների նշանակումներ․ օրինակ՝ բախտավորություն, բարերարություն, բարկություն, իմաստնություն, ողորմություն, պատիժ, չար, բարի, կենարար և այլն»,- հավելեց դոցնետը:
Գայանե Մխիթարյանի խոսքով՝ «Եղծ աղանդոց» աշխատության արդիականությունը դրսևորվում է մի քանի տեսանկյունից։
«Նախ՝ պաշտպանվում է մարդու ազատ կամքը․ ըստ Կողբացու՝ առկա չարիքը ոչ թե աստվածային, այլ մարդու ազատ կամքի արդյունք է, ըստ այդմ էլ կարևորվում է մարդու բարոյական պատասխանատվությունը։ Երկրորդ՝ մերժվում է սնահավատությունը․ Կողբացին հիմնավորապես հերքում է աստղագուշակությունը, ճակատագրապաշտությունը և հեթանոսական վերապրուկները։ Երրորդ՝ պայքար է մղվում կեղծ գաղափարախոսությունների դեմ»,- ասաց նա ու հավելեց, որ աշխատությունը նախաձեռնում է ակտիվ պայքար բացասական ազդեցությունների և կեղծ արժեքների (սնահավատություն, հեթանոսական վերապրուկներ, աստղագուշակություն և այլն) դեմ և այդ տեսակետից բացառիկ նշանակություն ունի նաև այսօր։