- Գլխավոր
- Նորություններ
- Ինչո՞ւ է անհրաժեշտ գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություն ունենալը. քննարկում ԵՊՀ-ում
Փետրվար 27, 2026 | 11:22
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Ինչո՞ւ է անհրաժեշտ գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություն ունենալը. քննարկում ԵՊՀ-ում
Լաբորատոր և դաշտային հետազոտություններից մինչև միջազգային բարձր վարկանիշավորում ունեցող գիտական պարբերականներում հրապարակումներ. եթե գիտության ոլորտում կանանց և աղջիկների արձանագրած ցուցանիշները ՀՀ-ում վիճակագրական առումով լավատեսական են, ապա բովանդակային առումով նրանք շարունակում են բախվել մարտահրավերների: Այս մասին փաստեցին ԵՊՀ-ում հրավիրված «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություններ» խորագրով պանելային քննարկման խոսնակները: Ընդհանրացնելով ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերը՝ քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին խնդիրներ, որոնց շարունակում են բախվել գիտության ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները, միաժամանակ մատնանշեցին նաև լուծման ուղիներ ու առաջարկներ:
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2018 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումն աճել է շուրջ 180%-ով։ Ներկայում բազային ֆինանսավորմամբ ընդգրկված 3761 գիտաշխատողների 53.6%-ը կանայք են, ինչը մոտ 1.7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։
Աջակցող քաղաքականությունից մինչև մտածելակերպի փոփոխություն
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են հստակ և գործող քաղաքականություններ, սակայն առանց մտածելակերպի փոփոխության՝ դրանք լիարժեք արդյունք չեն ապահովի։ Այս մասին ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան քննարկման մոդերատոր, ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանի հարցադրման՝ անդրադառնալով նաև սոցիալական միջավայրի և գենդերային կարծրատիպերի ազդեցությանը։
«Իհարկե, կա աջակցող քաղաքականության անհրաժեշտություն: Նման քաղաքականություններն են օգնում, որպեսզի կանանց և աղջիկների ներգրավվածությունը գիտության ոլորտում մեծանա: Եթե նման քաղաքականություններ չլինեն, և այդ քաղաքականությունները չգործեն, վստահ եմ, որ վիճակագրական վերոնշյալ պատկերը չէինք ունենա, և կունենայինք շատ ավելի վատ իրավիճակ: Ինչո՞ւ, որովհետև վստահ եմ, որ դեռևս այն պայմաններում չենք, որ բնական միջավայրը նպաստի կանանց՝ գիտությամբ զբաղվելուն»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ ներկայում բնական և սոցիալական միջավայրը դեռևս չի նպաստում կանանց՝ հատկապես մաթեմատիկական և տեխնիկական գիտություններով զբաղվելուն։
Մատնանշելով, որ դպրոցական տարիքից ձևավորվող կարծրատիպերը հաճախ աննկատ ապամոտիվացնում են աղջիկներին, նախարարն ասաց․ «Երբեմն նույնիսկ առանց նկատելու ապախրախուսում են աղջիկներին՝ զբաղվելու գործունեության որոշակի ձևերով… Ինչքա՞ն հաճախ են դպրոցներում ասում, թե տղաները մաթեմատիկա ավելի լավ են սովորում, և քանի՞ աղջկա է դա ապամոտիվացնում»։
Նախարարը մատնանշեց նաև վիճակագրական մեկ այլ միտում՝ կին հետազոտողները հիմնականում կենտրոնացած են կենսաբանության և քիմիայի ոլորտներում, մինչդեռ մաթեմատիկական գիտություններում նրանց թիվը բավականին քիչ է։ Նրա համոզմամբ՝ սա պատահական չէ, այլ համակարգային խնդրի հետևանք։
Կանանց անհամաչափ զբաղվածություն և խոչընդոտներ
Երկրորդ կարևոր գործոնը, որն ընդգծեց ԿԳՄՍ նախարարը, կանանց անհամաչափ զբաղվածությունն է ընտանեկան և կենցաղային պարտականություններով։ Ըստ ներկայացված տվյալների՝ կանայք շուրջ հինգ անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում ընտանեկան հոգսերի վրա, ինչը որոշակիորեն սահմանափակում է նրանց մասնագիտական մրցունակությունը հատկապես գիտության ոլորտում, որտեղ աշխատանքային ժամանակը հաճախ նորմավորված չէ և պահանջում է լրացուցիչ նվիրում։ Նա շեշտեց՝ պետությունը պետք է վերլուծի առկա խնդիրները և ներդնի գործիքակազմեր, նաև գործընկերների աջակցությամբ, որպեսզի կանանց մրցունակությունը գիտության ոլորտում շարունակաբար կատարելագործվի ժամանակի զարգացումներին համահունչ։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, քննարկման խոսնակ Հեղինե Գևորգյանը հավելեց, որ քաղաքականությունների ընդունումը իրական արդյունք կարձանագրի միայն այն դեպքում, երբ փոխվի հասարակության և կրթական համակարգի հանդեպ մտածելակերպը՝ սկսած մանկավարժներից ու դաստիարակներից մինչև ընտանիք:
«Քաղաքականություն ասելը շատ լավ է, կարելի է ամեն ինչ կազմակերպել, նկարագրել, տեքստով շարադրել, բայց իրական մեծ արդյունքը կախված է մտածելակերպի փոփոխությունից»,– ընդգծեց նա՝ նշելով, որ գոյություն ունեցող սոցիալական միջավայրն է ձևավորում հիմնական դժվարությունները, և եթե այդ հիմքը չփոխվի, արդեն առկա քաղաքականություններն էլ լիարժեք արդյունավետություն չեն ապահովի:
Քննարկվող փորձառություններ և առաջարկներ
ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, քննարկման խոսնակներից Նաիրա Այվազյանն անդրադարձավ խնդրի գործնական կողմին՝ շեշտելով, որ գիտության մեջ կանանց ներգրավվածության հարցը միայն մոտիվացիայի կամ հատուկ խրախուսական քաղաքականության խնդիր չէ։
«Խնդիրը երիտասարդ կանանց մոտիվացնելը չէ, որ նրանք դառնան գիտնական․ այդ կրակը շատերի մեջ կա։ Խնդիրները սկսվում են արդեն կարիերայի մեկ այլ փուլում, երբ երիտասարդ մայրը նաև ընտանիք ունի, և հենց այդտեղ են առաջանում խոչընդոտները»,- ընդգծեց նա։
Ն․ Այվազյանի դիտարկմամբ՝ այս փուլում հարցն արդեն միայն կրթական քաղաքականությունների տիրույթում չէ․ այստեղ մեծ դեր ունեն սոցիալական խնդիրներով զբաղվող կառույցները։ Նա կարևորեց հատկապես աջակցող մեխանիզմների և գործիքակազմի ներդրումը՝ որպես օրինակ առանձնացնելով մանկապարտեզների աշխատանքի ժամերի խնդիրը։ Նրա գնահատմամբ՝ մանկահասակ երեխաներ ունեցող գիտնականների համար սա հաճախ լուրջ մարտահրավեր է, քանի որ պետական մանկապարտեզները հիմնականում աշխատում են մինչև ժամը 18:00-ն, իսկ այլընտրանքային տարբերակներն արդեն լրացուցիչ ֆինանսական բեռ են ենթադրում։
Ն․ Այվազյանի համոզմամբ՝ նման հարցերը պետք է դիտարկել համակարգային մակարդակում, եթե նպատակ կա իրականում բարելավելու կանանց դիրքը գիտության ոլորտում։
Միջազգային փորձ, դիտարկում և համեմատություն
«ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն, քննարկման խոսնակ Սյուզաննա Շամախյանը խնդիրը դիտարկեց ավելի լայն՝ միջազգային համատեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստանի այդ ոլորտը չպետք է գնահատել «վակուումի մեջ», և այլ երկրների հետ համեմատելու պարագայում ՀՀ-ի վիճակագրական պատկերն այնքան էլ բացասական չէ։
Ս. Շամախյանը նշեց, որ թե՛ STEM ոլորտներում սովորող աղջիկների, թե՛ ակտիվ կին գիտնականների թվով Հայաստանը բավականին լավ դիրքերում է։
«Եթե զուտ վիճակագրական իմաստով նայենք, մենք շատ էլ լավ վիճակում ենք, կարող ենք շնորհավորել իրար ու գնալ տուն»,– նկատեց նա։ Սակայն, նրա համոզմամբ՝ խնդիրը սկսվում է այն պահին, երբ դիտարկվում են ոչ թե թվերը, այլ բովանդակային արդյունքները և ազդեցությունը։
Նրա գնահատմամբ՝ գիտության ոլորտում առկա խոչընդոտները ընդհանուր հասարակական կառուցվածքի խնդիրների արտացոլումն են։ Աշխատանքային միջավայրը մեծապես ձևավորված է տղամարդկանց համար պատմականորեն ստեղծված մոդելով՝ «9-ից 6» գործարանային տրամաբանությամբ, որը շարունակում է գործել իներցիայով։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը որոշ առումներով նույնիսկ առավելություն ունի՝ սոցիալական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ։ Օրինակ՝ մայրանալու դեպքում աշխատանքը պահպանելու հնարավորությունը, որը, նրա խոսքով, շատ երկրներում երիտասարդ գիտնական կանանց հասանելի չէ։
Ըստ Ս. Շամախյանի՝ առաջնայինը այնպիսի միջավայր ստեղծելն է, որտեղ և՛ կանայք, և՛ տղամարդիկ կունենան իրենց կարիերան կառուցելու իրատեսական հնարավորություններ։
Ս. Շամախյանի համոզմամբ՝ հետաքրքրությունն ու գաղափարները հաճախ կան, սակայն կարիերայի հաջորդ քայլերը կատարելու հարցում դեռ մեծ բաց կա, և այդ ճանապարհին համակարգային աջակցությունը դեռ բավարար չէ։
Դպրոցական միջավայրի դերը
«Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) ծրագրի քաղաքականության հարցերով խորհրդատու Անահիտ Սիմոնյանը (GIZ), որը քննարկման մոդերատորներից էր, հարց ուղղեց մասնակիցներին հանրակրթության նոր չափորոշիչների և դրանց մեթոդական ու արժեքային բաղադրիչների վերաբերյալ։ Ա․ Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որ դասավանդման մոտեցումները և դպրոցական միջավայրը լինեն գենդերային առումով զգայուն և հնարավորություն ստեղծեն կոտրելու խոչընդոտող կարծրատիպերը։
ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ այդ գործընթացը երկարաժամկետ է, քանի որ դպրոցը հասարակությունից առանձնացված կառույց չէ, և խնդիրը պահանջում է հետևողական աշխատանք:
«Դպրոցը «վակուումի մեջ» չէ, դպրոցը մեր հասարակության մի մասն է: Դասարան մտնող նույն մարդիկ՝ ուսուցիչները, նաև մաս են կազմում սոցիալական միջավայրի, և նրանցից ակնկալել ամբողջությամբ այլ վարքագիծ՝ առանց ընդհանուր միջավայրի փոփոխության, իրատեսական չէ»,- նշեց նախարարը և հավելեց, որ կրթության ոլորտում ներգրավված մարդկանց սոցիալական վարքագիծը ևս պետք է ընկալելի լինի մանկավարժական գործունեության համատեքստում։
Նախարարի խոսքով՝ հնչած հարցի ուղղությամբ պետությունը իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստումներ, ուսումնական ծրագրերի վերանայում և մշտադիտարկում, բայց ակնկալվող փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե զուգահեռ փոփոխվի նաև հասարակության վերաբերմունքը դպրոցի և կրթության հանդեպ:
Մասնակիցները քննարկման ընթացքում անդրադարձան նաև ոլորտին առնչվող մի շարք արդիական հարցերի, որոնք վերաբերում են կանանց և աղջիկների ներգրավմանը գիտության ոլորտում. դպրոցական տարիքից աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրություն զարգացնելուց մինչև աշխատանքային իրավունք և իրավական կարգավորումներ:
Գիտության ճանապարհը՝ դպրոցից
Արդյոք կա՞ն հատուկ մոտեցումներ, որ հենց դպրոցական տարիքից սկսվի հետաքրքրությունը գիտության հանդեպ: Մոդերատորի այս հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը պատմեց այդ նպատակին միտված իր մի նախաձեռնության մասին:
«Վերջերս առաջարկեցի մեր աշակերտներին միասին այցելել գիտահետազոտական ինստիտուտներ և ուսումնասիրել, թե ինչ աշխատանք է այնտեղ կատարվում, ովքեր են մեր գիտնականները և ինչով են զբաղված: Աշակերտների հետաքրքրությունը մեծ է, և յուրաքանչյուր ինստիտուտ պատրաստ է ընդունելու նրանց՝ բացատրելու և ցուցադրելու իր գործունեությունը: Սա փոքր քայլ է, բայց այն արդեն ազդեցություն է ունենում, և պատկերացրեք՝ ինչպիսի՛ հնարավորություններ կարող են ձևավորվել ավելի լայն ծրագրերի միջոցով»,- տեղեկացրեց նախարարը՝ մատնանշելով, որ նմանօրինակ նախաձեռնություններն արդեն հաջողություններ են արձանագրել, այդ թվում՝ միջազգային նշանակության:
«Այսպիսով՝ կարող ենք վստահ լինել, որ ճիշտ կազմակերպված, նոր մոտեցումներն արդյունավետ լուծումներ կարող են բերել»,- ընդհանրացրեց ոլորտի պատասխանատուն:
Քննարկումն անցկացվեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա առթիվ կայացած «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» միջոցառման շրջանակում: Այն կազմակերպել էր ԵՊՀ-ն՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։


